Հայաստանի երկրորդ իշխանական կուսակցության կյանքը տևեց ութ տարի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ տեղի ունեցած ԲՀԿ համագումարով պաշտոնապես ազդարարվեց Հայաստանի իշխանական երկու կուսակցություններից մեկի՝ որպես այդպիսին, այլեւս գոյություն չունենալու մասին: Հայաստանի անկախության տարիներին բազմաթիվ կուսակցություններ են եղել, որոնք սպասարկել կամ ծառայել են իշխանություններին, այնուհետեւ ասպարեզից անհետացել:

Սակայն ԲՀԿ-ն տարբերվում էր նրանով, որ ի սկզբանե այն ստեղծվել էր իշխանական հզոր ռեսուրսների ներգրավմամբ, եւ ենթադրվում էր, որ ՀՀԿ-ի հետ մշտապես պետք է կիսի իշխանությունը: 2006 թվականի վերջից, այսինքն՝ այն պահից, երբ Ռոբերտ Քոչարյանի հավանությամբ նրա մերձավորները սկսեցին «կառուցել» ԲՀԿ-ն, կարծիքներ կային անգամ, որ այն  2007 թվականի մայիսի 12-ի ԱԺ ընտրություններում հաջողության կհասնի եւ ԱԺ-ում ավելի ծանրակշիռ ներկայացած կլինի, քան ՀՀԿ-ն: Սակայն այդ ծրագիրը չհաջողվեց: 2012-ի մայիսի 6-ի ԱԺ ընտրություններում, ընդդիմադիր դաշտի հիմնական խաղացողի՝ «Հայ ազգային կոնգրես» դաշինքի ղեկավարության աջակցությամբ, ԲՀԿ-ն եւս մեկ անգամ փորձեց ՀՀԿ-ից առաջ անցնել, բայց կրկին ձախողվեց: Թե՛ առաջին եւ թե՛ երկրորդ ընտրություններում ԲՀԿ-ն իր տրամադրության տակ ունեցել է ողջ այն գործիքակազմը, որը տնօրինել է ՀՀԿ-ն՝ թաղային հեղինակություններ, ընտրակաշառքներ, վարչական ռեսուրսներ եւ այսպես շարունակ: Բայց հենց այդ կուսակցությունը փորձեց իր ունեցածին ավելացնել նաեւ հեղափոխականի հագուստը, նրան հիշեցրին իր ծագումը, եւ ԲՀԿ-ն՝ որպես այդպիսին, հաշված օրերում դադարեց գոյություն ունենալ: Այսպիսով պետք է արձանագրենք, որ Հայաստանի երկրորդ իշխանական կուսակցության կյանքը տեւեց ութ տարի»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս