«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում կարծիք է հայտնել որ այս տարի արտագաղթողների և դեպի Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների թվի մեծ փոփոխություն չի լինի:
«Կարող եմ ասել, որ վերջին 6-7 տարիներին «հեղափոխական», «ցնցումային» փոփոխություններ ինչպես ընդհանուր արտագաղթի ծավալների մեջ, այնպես էլ արտագնա աշխատանքի մեկնողների թվի մեջ չկան: Այն, ինչ կար 6-7 տարի առաջ, գրեթե նույն մակարդակով, նույն ծավալներով, նույն պատճառներով, նույն երկրներով… Այդ երևույթները պահպանվում են»,- ասել է ծառայության պետը:
Եգանյանի նշած վերջին 6-7 տարիներին Հայաստանից, պաշտոնական վիճակագրության համաձայն, անվերադարձ հեռացել է ավելի քան 300 հազար մարդ կամ մեր բնակչության մոտ 10 տոկոսը: Եթե այդ դինամիկայի մեջ «հեղափոխական», «ցնցումային» փոփոխություններ չլինեն, ապա մի 15-20 տարուց մեր երկրի բնակչությունը կնվազի կիսով չափ, իսկ մի 40-50 տարուց երկրում ոչ ոք չի մնա: Ուշագրավ այն է, որ արտագաղթի ծավալները չեն փոխվում անկախ այն իրավիճակներից, որ ստեղծվում են մեր արագաղթյալներին ընդունող երկրներում: Այսինքն արտագաղթը «կկայանա ցանկացած եղանակի»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։