
Տաջիկստանի ընդդիմադիր՝ «Группа-24» խմբի առաջնորդ Ումարալի Կուվվատովը սպանվել է Ստամբուլի եվրոպական մասում: Այս մասին գրում է թուրքական Haberler.com-ը:
Ինչպես նշվում է, 47-ամյա Կուվվատովը հինգշաբթի օրը հյուրընկալվել էր Ֆաթիհ շրջանում իր ծանոթներից մեկին: Կեսգիշերին մոտ նա դուրս է եկել փողոց: Այնտեղ նրան է մոտեցել անհայտ մեկը և գլխին կրակոցով սպանել է Կուվվատովին ու անհետացել:
Մինչ այդ, ինչպես հայտնում է BBC-ն, սպանվածի կինն ու երկու փոքրահասակ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել թունավորման ախտանիշներով:
Կումրինիսսո Ջաբորովան ու նրա երեխաները գտնվում են Ստամբուլի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ նրանց շտապ բժշկական օգնություն է ցուցաբերվել: Այս մասին հայտնել են սպանվածի հարազատները: