Սամվել Բաբայանի նախկին թիմը նրա կողքին չի լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԼՂՀ խորհրդարանում ներկայացված «Ազատ Հայրենիք» կուսակցությունը պատրաստվում է համագումարի. այն կկայանա մարտի 7-ին: Նշենք, որ կուսակցության ղեկավարը ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանն է, որի ղեկավարությամբ էլ կուսակցությունը պատրաստվում է մայիսի 3-ին կայանալիք ԱԺ ընտրություններին:

Նշենք նաև, որ կուսակցությունների առաջադրման ժամանակաշրջանը մարտի 9-19-ը ընկած ժամանակահատվածն է, իսկ արդեն ապրիլի 1-ին սկսվելու է նախընտրական քարոզարշավը:

«Ազատ հայրենիք» կուսակցության գրասենյակի ղեկավար, ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենց կուսակցությունը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին:

-Պարո՛ն Թովմասյան, ինչ հարցեր են քննարկվելու «Ազատ հայրենիք» կուսակցության հրավիրած համագումարում: Կուսակցությունն արդեն որոշե՞լ է՝ մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է, թե` ոչ:

-Նիստի օրակարգում ընդգրկված են «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահի հաշվետվությունը, վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը, կուսակցության նոր ծրագրի, նոր կանոնադրության, ղեկավար մարմինների ընտրությունների հարցերը, կուսակցության դիրքորոշումը մասիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին: Մենք մասնակցելու ենք ընտրություններին ու անկախ ընտրությունների արդյունքից, եթե միջազգային դիտորդներն արձանագրեն, որ ԼՂՀ-ում ընտրությունները տեղի են ունեցել ժողովրդավարության սկզբունքների եւ ԼՂՀ-ի ընտրական օրենսգրքին համապատասխան, ապա դա կլինի բոլոր քաղաքական ուժերի հաղթանակը, մեր ժողովրդի հաղթանակը:

-Տեղեկություններ կան, որ ԼՂՀ-ում նոր ընդդիմություն է ձեւավորվում, որը կղեկավարի ԼՂՀ նախկին ՊՆախարար Սամվել Բաբայանը: Դա Ձեզ չի անհանգստացնո՞ւմ:

-Ի՞նչ է, ընդդիմությունն էլ մե՞րը չի, ընդդիմությունը Արցախի ժողովրդինը չի՞, ես համոզված եմ, որ ընդդիմությունը մտնելու է խորհրդարան, ու հաջորդ խորհրդարական ընտրությունները լինելու են հաճելի, բայց բարդ:

-Ո՞րն է նման համոզմունքի հիմքը, ինչո՞վ են այս ընտրությունները բարդանալու:

-Քանի որ 5-րդ գումարման ԱԺ-ում ընդդիմություն չկա, չնայած Դուք կարող եք հայտարարել, թե Վիտալի Բալասանյանը, Վահան Բադասյանը ընդդիմություն են, բայց իրենք 2010 թվականի ընտրությունների ժամանակ իշխանական թեւն էին ներկայացնում, ուղղակի 2012 թվականին իշխանությունից կտրվել են: Այսինքն՝ երկու ընդդիմադիրի կողմից բարձրացված հարցերն այդպես էլ չկարողացան հետաքրքիր դարձնել խորհրդարանը: Հետո ԱԺ աշխատանքը հաճելի ու բարդ է լինելու այն առումով, որ ըստ մեր Սահմանադրության՝ պրոֆեսիոնալ խորհրդարան ենք ձեւավորելու, այսինքն՝ բոլոր 34 պատգամավորներն էլ աշխատելու են խորհրդարանում, դա հաճելի է լինելու ու միաժամանակ աշխատանքներն են բարդանալու:

-Բայց ըստ Ձեզ՝ Սամվել Բաբայանը կցանկանա՞ առաջնորդել ԼՂՀ ընդդիմությունը, Դուք ժամանակին նրա թիմակիցների շարքում եք եղել, գուցե միանա՞ք նրան:

-Ես Ձեր ասածի մասին տեղյակ եմ այնքանով, որքան որ Դուք: Եթե Դուք հիշում եք, երբ ինքը ԼՂՀ պաշտպանության նախարարն էր, ես ԱԺ նախագահն էի, այն ժամանակ անկուսակցականներ էինք, բայց հիմա իրավիճակ է փոխվել: 2005 թվականին ստեղծել ենք «Ազատ հայրենիք» կուսակցությունը, որի մի համանախագահը ես էի, այսինքն՝ այս կուսակցության ստեղծողներից մեկը ես էի, ու հիմա ինձ համար դա է կարեւոր: Ի՞նչ եք կարծում՝ ես պետք է իմ կուսակցությունը լքեմ, Դուք աբսուրդ հարց եք ինձ ուղղում: Իրողություններ են փոխվել, կուսակցությունում եմ ես, գրասենյակ եմ ղեկավարում: Ի դեպ, նշեմ, որ ԱԺ 2-րդ գումարման ժամանակ՝ Արկադի Ղուկասյան-Սամվել Բաբայան հակամարտության տարիներին, 14 պատգամավորներ պաշտպանում էին Սամվել Բաբայանին, ու այդ պատգամավորներից մեկը ես էի: Ես այդ տարիներին ասել եմ, որ իշխանության գալու միակ ճանապարհը ընտրություններն են: Հայտնի դեպքերը պատահեցին, ու երբ արդեն ինքը բանտից ազատվեց, չհանդիպեց այդ 14 պատգամավորներին, այսինքն՝ այն պատգամավորներին, որոնք իր թիմակիցներն էին: Մի խոսքով՝ այդ պատգամավորներն իրենց արհամարհված զգացին: Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը բարեփոխումներ կատարեց, ու 2005 թվականին ստեղծվեց «Ազատ հայրենիք» կուսակցությունը: Ու այդ պատգամավորների մի մասը «Ազատ հայրենիք» կուսակցությունում են ու վսատում են կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի վարած քաղաքականությանը: Հիմա մենք կուսակցականներ ենք ու նվիրված ենք մեր կուսակցությանը:

-Սամվել Բաբայանը, ըստ շրջանառվող տեղեկությունների, նպատակ ունի առաջադրվել ԼՂՀ նախագահի պաշտոնում: Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ են հիմնավոր այդ տեղեկությունները, նա նման մտադրություններ ունի՞, նրա հետ հանդիպումներ ունեցե՞լ եք:

-ԼՂՀ Սահմանադրությունը թույլ է տալիս բոլոր այն անձանց, որոնք 35 տարեկանից բարձր են ու վերջին 10 տարիներին ապրել են Արցախում, մասնակցելու, առաջադրվելու, իսկ այդ հարցը պետք է ուղղեք ԿԸՀ-ին, որը պետք է պարզի՝ արդյոք ինքը նման իրավունք ունի, թե ոչ: Այստեղ մշտական բնակության հարց կա, եթե օրենքը թույլատրում է, ապա ցանկացած անձ կարող է մասնակցել: ԼՂՀ ձեռքբերումներից մեկը ժողովրդավարական ինստիտուտների կայացումն է, ու եթե մենք դա կայացրել ենք եւ իրականում մենք գտնում ենք, որ ժողովրդավարական Արցախը չի կարող գոյատեւել բռնապետական Ադրբեջանի կազմում, հետեւաբար որեւէ մարդու առջեւ արգելքներ դնելը ճիշտ չէ: Սամվել Բաբայանի հետ մեր վերջին հանդիպումը եղել է 2000 թվականին:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս