ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսին:
Նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ և հաջողություններ մաղթելով դժվարին և պատասխանատու աշխատանքում՝ հույս է հայտնել, որ ԱՄՆ կառավարության հետ, մասնավորապես դեպանատան հետ, ձևավորված հարաբերությունները, հետագա փոխգործակցությունը առավել արդյունավետ կդառնա:
Դեսպան Ռիչարդ Միլսին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, բարձր է գնահատել վերջին տարիներին կենսաթոշակային ոլորտում իրականացված բարեփոխումները, հետաքրքրվել ոլորտում իրականացվող աշխատանքներով:
Հանդիպման ընթացքում նախարար Արտեմ Ասատրանը ներկայացրել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես շուրջօրյա խնամքի հաստատությունների բեռնաթափման, երեխային մուտքը հաստատություն կանխարգելման և այլընտրանքային սոցիալական ծառայությունների ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Նախարարն անդրադարձել է նաև ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրմանը՝ կարևորելով մեկ դիմումով ամբողջական սոցիալական ծառայություններից օգտվելու փաթեթի հնարավորությունը:
Մեկ անգամ ևս բարձր գնահատելով և կարևորելով ոլորտում իրականացվող բարեփոխումները, դեսպանը հաջողություններ է մաղթել նախարարին և պատրաստակամություն է հայտնել աջակցել ոլորտում առկա խնդիրների լուծմանը: