ԲՀԿ-ից արդեն 15 անձ է հեռացել. առաջիկայում մի քանի հոգի ևս կլքի կուսակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 12-ից մինչ օրս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել ավելի քան 15 անձ:

Փետրվարի 12-ին, երբ Սերժ Սարգսյանը քննադատեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին, դրան հետևեց Գ. Ծառուկյանի պատասխանը, ինչից հետո սկսվեց «արտագաղթը» կուսակցությունից:

Առաջիններից էին պատգամավորներ Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը, Մելիք Մանուկյանը, Գրիգորի Մարգարյանը, Ռուստամ Գասպարյանը, Մուշեղ Պետոյանը: Նրանք իրենց դիմումներում նշել էին, որ այսուհետ իրենց գործունեությունն Ազգային ժողովում կշարունակեն որպես անկախ պատգամավոր:

ԲՀԿ-ն լքելու դեպքեր եղան նաև, երբ արդեն նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ հեռանում է ակտիվ քաղաքականությունից. հայտնի դարձավ, որ  կուսակցությունը լքում է Աբովյանի քաղաքապետ, Գ. Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանը, նրան հաջորդեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Երկուսն էլ, սակայն, կմնան քաղաքապետի պաշտոնում:

ԲՀԿ-ն լքելու մասին հայտարարեցին նաև  Նոր Հաճնի  քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանը, Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասանյանը, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը: Վերջիններս նույնպես կշարունակեն կատարել քաղաքապետի իրենց պարտականությունները:

ԲՀԿ-ն լքել են նաև Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը, ով շարունակելու է աշխատել որպես մամուլի քարտուղար: Կուսակցությունից դուրս գալու մասին արդեն հայտարարել են նաև պատգամավորներ Բազմասեր Առաքելյանը, Մարտուն Գրիգորյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերից դուրս գալու դիմում համագումարի օրը ներկայացրել էր նաև նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ինչպես նաև` Գյումրու մանկավարժականի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը:

Օրերս հայտնի դարձավ, որ  փակվել են նաեւ Գյումրիում գործող ԲՀԿ շտաբները, իսկ աշխատակիցներն ազատվել են աշխատանքից: Այսպիսով` այժմ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներն են Արմեն Ավետիսյանը, Արա Արամյանը, Գուրգեն Արսենյանը, Վահան Բաբայանը, Ռուբեն Գեւորգյանը, Մուրադ Գուլոյանը, Հրանտ Դավթյանը, Վահե Էնֆիաջյանը, Լյովա Խաչատրյանը, Հայկ Խաչատրյանը, Վահան Կարապետյանը, Վահե Հովհաննիսյանը, Վահագն Մախսուդյանը, Աբրահամ Մանուկյանը, Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը, Միքայել Մելքումյանը, Արշակ Մխիթարյանը, Տիգրան Ներսիսյանը, Մերուժան Սիմոնյանը, Տիգրան Ստեփանյանն ու Տիգրան Ուրիխանյանը: Սակայն առաջիկայում մի քանի հոգի ևս «կլքի» կուսակցությունը:




Լրահոս