ՎԱՐԿԻ ՀՈՒՅՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին լրատվամիջոցներում անանուն աղբյուրների  հղումներով շրջանառվող այն տեղեկատվությունը, թե Հայաստանի իշխանությունները մտադիր են կրկին Ռուսաստանից  վարկ վերցնել, նախօրեին ըստ էության հաստատեց ֆինանսների փոխնախարար, դատավոր Սարո Արամյանի որդի Վարդան Արամյանը: «Միջնաժամկետ հատվածում մենք նաեւ մտադիր ենք մի շարք  վարկային ծրագրեր կնքել, սակայն դրանց  ծավալը չի անցնի մեր վճարողունակությունից»,-հավաստիացրեց երիտասարդ փոխնախարարը` այդպես էլ չհստակեցնելով, թե կոնկրետ որքան գումարի մասին է խոսքը: Իսկ նույն ոչ պաշտոնական  տեղեկատվության համաձայն` խոսքը 1 անգամ 2 միլիարդ դոլարի մասին է: Եվ եթե հիշում ենք, թե երկու տարի առաջ ինչպիսի դժվարությամբ եւ ձգձգումներով հայկական կողմին հաջողվեց  ստանալ ռուսական 5 հարյուր միլիոնանոց վարկը, ապա դժվար չէ պատկերացնել, թե ներկայիս 1  կամ  2 միլիարդի համար   ռուսական կողմն ինչպիսի պահանջներ կառաջադրի Հայաստանին: Գլխավոր պահանջն, ըստ ամենայնի, կապված կլինի Եվրասիական միությանն անդամակցելու հետ, ինչը Հայաստանի համար բավականին անցանկալի տարբերակ է` այդ թվում եւ հենց նույն ֆինանսական հոսքերի ապահովման տեսանկյունից: Չէ՞ որ, ի վերջո, ՀՀ ներկայիս արտաքին 3,6  միլիարդ դոլարի պարտքի  գերակշիռ մասը գոյացել է հենց Արեւմուտքից ստացած վարկերի հաշվին:  Հետեւաբար, վերջինս էլ իր կողմից համապատասխան ճնշումներ կարող է բանեցնել Հայաստանի վրա` ինչպես հետագա, այնպես էլ արդեն իսկ տրված ֆինանսական միջոցների մասով: Ու որքան էլ ֆինանսների փոխնախարարը կամ նրա ղեկավարները հավաստիացնեն, թե Հայաստանի արտաքին պարտքը կառավարության համար մնում է կառավարելի, եւ մեր երկիրը վճարողունակ է, տարրական տնտեսագիտական գիտելիքներից զուրկ մարդու համար անգամ պարզ է, որ վճարողունակ  երկիրը  ոչ թե  ձգտում է  ավելացնել իր առանց այդ էլ ահռելի արտաքին պարտքը, այլեւ անում է ճիշտ հակառակը` մարում է այն: Սակայն  այդ հակասության վրա պետք չէ զարմանալ, դա մեր կառավարության համար սովորական գործելաոճ է. արդեն չորս տարի շարունակ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությումն  ասում է մեկ բան, իսկ իրականությունը ցույց է տալիս լրիվ հակառակը: Օրինակ`  կառավարությունը պնդում է, որ վերջին երկու տարիներին երկրի տնտեսությունն աճում է, սակայն չնայած դրան` միանգամայն անհասկանալի տնտեսագիտական օրինաչափությամբ, անգամ պաշտոնական վիճակագրության տվյալներով  երկրում ավելանում է աղքատների թիվը: Ընդ որում,  ուշագրավ  է, որ վերջին շրջանում  կառավարությունում առավել հաճախ օգտագործում են ոչ թե տնտեսական աճի, այլեւ տնտեսական ակտիվության ցուցանիշ տերմինը: Հավանաբար կառավարությունում էլ են հասկացել, որ տնտեսական աճ արտահայտությունը չափազանց ականջ  ծակող է` համատարած աղքատության, գործազրկության եւ արտագաղթի  ֆոնին:




Լրահոս