Հայոց պատմության էջերը` սիրիահայերի առջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս Սիրիայի տարբեր քաղաքներից Հայաստան ժամանած հայեր հյուրընկալվել էին Հայաստանի պատմության թանգարանում: Այցը կազմակերպվել էր «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի և ՄԱԿ ՓՀԳ-ի համատեղ ջանքերով իրականացվող «Փախտականների ինտեգրացիա կրթության միջոցով» ծրագրի «Արևելահայերեն»-ի դասընթացի շրջանակներում: Ծրագրի ոչ հայախոս մասնակիցները, ովքեր առաջին անգամ էին թանգարանում, ծանոթացան այնտեղի ցուցանմուշներին, ապա, էքսկուրսավարի միջոցով անդրադառնալով պատմական էջերին, մտովի տեղափոխվեցին հնագույն ժամանակներ: Մեր հայրենակիցները, ովքեր քիչ էին իրազեկված Հայաստանի պատմությունից ու մշակույթից, հայրենիքը նորովի բացահայտելու առիթ ունեցան: «Մենք տեղեկություն չունեինք այն մասին, որ Հայաստանը գոյություն է ունեցել դեռևս հազարամյակներ առաջ` մինչև քրիստոնեության ընդունումը: Այս այցի շնորհիվ մեր առջև բացվեցին մինչ օրս անհայտ հանգամանքներ»,-նկատեց Դամասկոսից եկած մեր հայրենակիցներից մեկը:

Հալեպից ժամանած մեկ այլ մասնակից էլ խոստովանեց. «Մեր մեջ վերստին արթնացավ հայի ոգին, ամրապնդվեց սերը հայրենիքի նկատմամբ»:

Նշենք, որ դասընթացի շրջանակներում մասնակիցները հաճախ բացօթյա դասեր անցկացնելու հնարավորություն են ունենում մայրաքաղաքի մի շարք հանրային վայրերում: Ի դեպ, առաջիկայում սիրիահայերը կունենան հայ երգի օր: Նրանք միասին «Քարահունջ» խմբի վոկալիստ Սիրուն Շեկոյանի հետ կուսանեն Կոմիտասի երգերը:

Հիշեցնենք, որ վերոնշյալ դասընթացը «Փախստականների ինտեգրացիա կրթության միջոցով» ծրագրի մասն է կազմում: Այն մեկնարկել է նախորդ տարվա հունվար ամսին և մինչ օրս ներառել է չորս հարյուրից ավելի մտահոգության առարկա հանդիսացող անձ: Հավելենք, որ նույն ծրագրով Սիրիայից Հայաստան տեղափոխված հայերը վերապատրաստվում են նաեւ որպես խոհարարներ, վարսահարդարներ, դիմահարդարներ, անցնում են տարբեր լեզուների, համակարգչի վերապատրաստումներ և այլ գործնական դասընթացներ:dax




Լրահոս