«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Բարգավաճ Հայաստանը հայտնվել է ազատ անկման մեջ: Վթարային կուսակցությունում փլուզումը չի դադարում: Երեկ լրահոսը հեղեղված էր կարկառուն ԲՀԿ-ականների՝ կուսակցությունից արտագաղթելու արդարացում-հայտարարություններով: Երեկվա դրությամբ կուսակցությունը լքեցին Նոր Հաճընի, Բյուրեղավանի, Իջևանի, Սիսիանի քաղաքապետերը, Մանկավարժական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը, Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը, վերջինիս եղբորորդի, պատգամավոր Բազմասեր Առաքելյանը, պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:
Ֆիզկուլտինստիտուտի ռեկտորը ԲՀԿ-ն լքելու հայտարարությունը տարածելուց հետո բավականին կայտառ ձայնով պատասխանեց մեր հեռախոսազանգին. «Ոչ մի խոչընդոտ չկար կուսակցությունում մնալու համար, ուղղակի ես հիմա ավելի հոգեհարազատ գործով եմ զբաղվում»: Ի՞նչն էր խանգարում կուսակցությունում մնալը համատեղել հոգեհարազատ զբաղմունքով: «Ժամանակը քիչ է, չի հերիքում, ես էլ չէի կարա էդքան բացակայեի, բան…»: Արդյոք Ծառուկյանի անձով չէ՞ր պայմանավորված, եթե չի մնում, Դուք էլ անելիք չունեք: «Չէ, ես շատ շնորհակալ եմ Ծառուկյանին, որ կար, Զոհրաբյանն էլ լավ է, որ եղավ ղեկավար: Կինը շատ լավ է, կնոջից գոնե կքաշվեն, իմ մոտ կանայք շատ եմ ընդունում, որ տղամարդիկ իրանց լուրջ պահեն, կոկիկ լինեն… գրագետ կին ա, ի՞նչ ա եղել նրան»:
Ռեկտորը կամաց-կամաց փակագծերը բացեց. հիշեցրեց, որ ինքը նաև Օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալն է, և հիմա արդեն դժվար կլինի ամեն ինչով զբաղվել, քանի որ Ծառուկյանն էլ է ակտիվ զբաղվելու իր սիրած գործով: «Քաղաքականությունն ինձ հոգեհարազատ չի… ես Օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալ եմ, դե հիմա դժվար կլիներ՝ էնտեղ էլ, էնտեղ էլ, ավելի ծանրաբեռնված կլինի… Ծառուկյանն արդեն ազատ ժամանակ շատ կունենա, լուրջ կզբաղվի Օլիմպիական կոմիտեով, մեզ էլ պտի աշխատացնի… համատեղ երեք ֆրոնտում ես չեմ կարող, դա է նպատակահարմար»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: