Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի ղեկավար 50-ամյա Ազատ Ղուկասյանի կողմից այս տարվա մարտ ամսին սեռական բռնության ենթարկված 14-ամյա Ա. Պ.-ի քրեական գործն արդեն դատարանում է: Երեկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում դատավոր Նապոլեոն Օհանյանն անցկացրեց երրորդ նիստը: Դատաքննությունն ընթանում էր դռնփակ, եւ ոչ մեկը տեղեկություն չէր տրամադրում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այժմ միջնորդությունների փուլն է: Ըստ ամենայնի՝ Ղուկասյանը չի ցանկանում, որպեսզի որեւէ տեղեկություն հրապարակվի:
Հիշեցնենք, որ փորձաքննություններից մեկի արդյունքով աղջիկը հոգեպես անհավասարակշիռ էր ճանաչվել, եւ նրա ցուցմունքները չէր կարելի հիմք ընդունել: Սակայն Ա. Պ.-ի փաստաբանը կրկնակի փորձաքննություն էր պահանջել, որը կատարվել է Նոր Նորքի հոգեբուժական կլինիկայում: Այնպես որ, չի բացառվում՝ Ղուկասյանը դատապարտվի ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (բռնաբարություն անչափահասի նկատմամբ), որը նախատեսում է ազատազրկում 4-ից 10 տարի ժամկետով: Հաջորդ դատական նիստը օգոստոսի 30 է:
ԴՌՆՓԱԿ ՆԻՍՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ