Անհասկանալի է, թե «Քաղաքացիական պայմանագիր»-ն իրենից ինչ է ներկայացնում. Լյուդմիլա Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածել` տեղեկացնելով, որ ինքը «Քաղաքացիական պայմանագրով» հետաքրքրված քաղաքացիների հետ հանդիպումների շարք է սկսում: Ն. Փաշինյանը նշել էր, որ  «Քաղաքացիական պայմանագրի» առաջ քաշած ինստիտուցիոնալ ընդդիմության օրակարգը լայն արձագանք է գտել հանրության շրջանում եւ, բնականաբար, առաջ բերել բազմաթիվ հարցեր: Ինչպե՞ս է պատրաստվում իշխանափոխություն անել ինստիտուցիոնալ ընդդիմությունը եւ ինչ ժամկետներում: Ինչո՞վ է այն տարբերվում «ոչ ինստիտուցիոնալ», «կառուցողական», «պետականամետ», «ծախված», «աշուն-գարուն» ընդդիմություններից: Ընդդիմադիր ի՞նչ ուժերի հետ է պատրաստվում համագործակցել եւ ինչո՞ւ, ում հետ չի պատրաստվում համագործակցել եւ ինչո՞ւ»-այս հարցերի պատասխանները պատգամավորը խոստացել էր տալ կազմակերպվելիք հանդիպումների ընթացքում:

Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հետ:

-Տիկի՛ն Սարգսյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագրի» առաջ քաշած ինստիտուցիոնալ ընդդիմության ստեղծման նպատակով իրենց նախաձեռնությունը հանդիպումների շարք է սկսելու, ինչպե՞ս է այս հանդիպումներին վերաբերում ՀԱԿ-ը, Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ հարցի հետ կապված:

-Նախ սկսենք հետեւյալից՝ «Քաղաքացիական պայմանագիրը» դա ի՞նչ կառույց է, դա կուսակցությո՞ւն է, դա ինչ-որ միավորո՞ւմ է, ինձ համար անհասկանալի է, դա որպես միավոր իրենից ի՞նչ է ներկայացնում: Իսկ երկրորդն էլ՝ ես այսօր քաղաքական դաշտում չեմ տեսնում 3 ընդդիմադիր ուժ, որոնք պատրաստ են համագործակցության: Ու նորից ու նորից խնդիրը կայանում է նրանում, որ ընդդիմադիր դաշտում նույն չափով պայքար է գնում ինչքան իշխանական դաշտում, այն դեպքում, երբ ընդդիմությունը լծակներ չունի, ու գնում է ինքնաոչնչացման գործընթաց՝ մեկը մյուսին ոչնչացնելու պրոցես:

Մինչեւ այս պրոցեսը չկանգնեցվի, մինչեւ յուրաքանչյուրս չհասկանանք, որ մյուսին ոչնչացնելով՝ մենք չենք կարող կայանալ, ոչ մի գործընթաց առաջ չի գնա: Չեմ բացառում, որ մեկ-երկու քաղաքական ուժեր, որոնք ընդհանուր դաշտից դուրս մղված են կամ դերակատարություն չունեն դաշտում, միգուցե եւ նման կարգի նախաձեռնություններին միանան: Բայց մեր խնդիրը փոքրիկ միավորումները չեն, եթե մենք ուզում ենք երկրում ինչ-որ բան փոխել ու բռունցք ցույց տալ, իշխանությանն էլ լուրջ հակակշիռ լինել, մենք ոչ թե պետք է մեկս մյուսին ոչնչացնենք, վարկաբեկենք, փնովենք եւ անցյալի ավանդներն ուրանանք, այլ մենք պետք է հիշենք նաեւ մեր անցած ճանապարհը, կոռեկտությունն ու չափի զգացումը անպայման պետք է դրա հիմքում լինեն: Քանի դեռ ընդդիմադիր դաշտում այդ արժեհամակարգը չի վերականգնվել կամ չի ձեւավորվել, ես համարում եմ, որ ամեն նման կարգի նախաձեռնություն դատապարտված է:

-Իսկ Դուք նաեւ հենց այդ արժեհամակարգի ձեւավորմանը նպաստելու համար նախաձեռնության հանդիպումներին մասնակցություն կունենա՞ք:

-Ես ՀԱԿ խմբակցության անդամ եմ, առանձին միավորի ղեկավար եմ, ու մեզանից յուրաքանչյուրն ազատ է իր գործողություններում, բայց ինձ համար դեռեւս նման խնդիր չկա:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս