Ցեղասպանությունը` փող աշխատելու շահավետ տարբերակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ ամիսն ամբողջովին կլանած քաղաքական (իրականում՝ դասական գողական) «ռազբորկաները» մի պահ կարծես անտեսեցին հայ քաղաքական մշակույթում էպիստոլյար ժանրի ներմուծման դարակազմիկ փաստը: Առաջին քայլը կատարվեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից, ում բաց նամակը՝ ուղղված Սերժ Սարգսյանին, ըստ էության, կրկին բարձրացրեց Հայոց ցեղասպանության հիմնահարցի առնչությամբ հայության մեջ գերակայող երկու՝ միմյանց հակասող ու բացառող մոտեցումները:

Ուշագրավ է, որ Հայոց ցեղասպանության ու հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ ձեւավորված երկու հոսանքներից, պայմանականորեն ասած, մեկի հիմքում դաշնակցական գաղափարախոսությունն է, մյուսի հիմքում՝ հայաստանակենտրոնությունը:

Նախևառաջ հարկ ենք համարում ընդգծել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ու այդ համատեքստում ցանկացած խնդրի վերաբերմամբ դաշնակցական գաղափարախոսությունը բացառում է հայաստանակենտրոնությունը: Բավական է վերադառնալ 1919-20-ական թթ., երբ Հայ ազգային պատվիրակությունն ու նրա ղեկավար Պողոս Նուբար փաշան Մեծ Հայաստանի կառուցման հիմքում տեսնում էին ոչ թե արդեն գոյություն ունեցող Առաջին Հանրապետությունը, այլ պատմական Հայաստանի՝ մեծ տերությունների կողմից շնորհ արված արեւմտյան տարածքները: Թեեւ նշյալ պատմափուլում Առաջին Հանրապետությունը ղեկավարվում էր նույն ՀՅԴ-ի կողմից, միեւնույն է, այդ հանգամանքը չի կարող ուղենիշային լինել, քանզի այս կուսակցության գաղափարախոսության՝ «պողոսնուբարյան» ընկալումները Հայաստանում իշխանությունը կորցնելուց հետո է, որ հասան իրենց վերջնական հանգրվանին:

Սփյուռքում եւ Երրորդ Հանրապետությունում ցայսօր ծավալած գործունեությամբ ՀՅԴ-ն պաշտպանել է այն թեզը, որ Ցեղասպանության հարցի մշտական արծարծմամբ Թուրքիայի առջեւ ներկա պահի դրությամբ անիրականանալի պահանջներ դնելու եւ շրջափակումների լծի տակ դեռ «300-400 տարի այսպես ապրելու» պատրաստակամությամբ գերակայող դիրքում պետք է լինի հայ դատն ու պահանջատիրությունը: Հայաստանի ժողովրդին անողորմ ճնշումների ու հարստահարումների մատնելու գնով՝ ՀՅԴ-ն պատրաստ է վճարել այդ պահանջատիրության գինը:

Պահանջատիրությունն, ի դեպ, Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո դարձավ արտաքին քաղաքականության կենտրոնական հանգույցը, սակայն ոչ թե Թուրքիայի, այլ միայն ու միայն սփյուռքի նկատմամբ: Նման պնդման լավագույն ապացույցներից է Քոչարյանի՝ դեռ իր նախագահության օրոք արած հայտարարությունն առ այն, որ Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջներ չունի: Ծպտյալ դաշնակցականի համբավով այս գործիչը քանիցս էր խոստովանել Ցեղասպանության շուրջ իր անտեղյակությունը՝ դրա հետ մեկտեղ հավատացած լինելով, որ Ցեղասպանության հարցը բարձրացնելով՝ հնարավոր կլինի սփյուռքից տարեկան 400-500 միլիոն դոլարի ներդրումներ բերել Հայաստան, ինչի մասին նա հայտարարել էր 1998թ. հունվարի 7-8-ը տեղի ունեցած անվտանգության խորհրդի նիստում:

Ուշագրավ է, որ Քոչարյանը ժամանակին չէր էլ թաքցնում, որ Ցեղասպանության հարցի բարձրաձայնումը միտված է եղել լոկ փողեր բերելու մարմաջի բավարարմանը: Ահռելի չափերի հասնող այդ ախորժակը, սակայն, խոտանվեց փոքրաքանակ հանգանակությունների արդյունքում եւ իշխանություններն ամբողջ թափով հարձակվեցին պետական հարստության վրա: Այսուհանդերձ, ելնելով ՀՅԴ-ի՝ սփյուռքում գաղութային ֆինանսական «կայսրության» էմիսարի դիրքն անսասան պահելու անհրաժեշտությունից, ինչը մտահոգում էր Քոչարյանին Հայաստանի ներսում էլ քաղաքական գլխարկ ունենալու համար, Ցեղասպանության հարցը շարունակեց տիրապետող լինել քոչարյանական իշխանության բառապաշարում:

Սերժ Սարգսյանի իշխանությունը, թվում էր, այս հարցում պիտի տարբերվեր քոչարյանական մոտեցումից՝ վեր դասելով ՀՀ պետական շահերը կառավարող խմբակի ֆինանսական հետաքրքրություններից: Նման տպավորության հիմք էին հանդիսանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ նրա գործադրած քայլերն ու ՀՅԴ-ի՝ իշխանական բեւեռը լքելը: Այսուհանդերձ, այսօր արդեն ակնբախ է, որ Սարգսյանի իշխանությունն արտաքին կենտրոնների հարկադրանքով էր նախաձեռնել «ֆուտբոլային դիվանագիտությունը»՝ դրանով իսկ Հայաստանի ներսում ապահովելով իր իշխանության քաղաքական ճակատամասը:

Գործընթացի տապալմանը զուգընթաց՝ Հայաստանում սկսեց լարվել ներքաղաքական իրավիճակը, որը հանգեցրեց Սարգսյան-Ծառուկյան առճակատմանը: Վերջինիս ավարտական փուլը տեղի ունեցավ գողական բարքերի փայլատակմամբ, որը իշխանությանը զրկեց առերեւույթ քաղաքական բաղադրիչից: Եվ, ահա, այս դեպքի համար էլ պետք եկավ ՀՅԴ-ն, որը Սարգսյան-Ծառուկյան հանդիպումների շեփորահարն էր, ու հաջողությամբ օգտագործվեց հանցավոր աշխարհին պատշաճող հանգուցալուծմանը քաղաքական երանգ հաղորդելու «տաժանակրության» արարում:

Թուրքիայի փոխարեն սփյուռքին ուղղելով պահանջատիրության քսակը՝ գործող իշխանությունն իրեն դրեց նույն՝ հայ-դատական տրամաբանության մեջ: Հատկանշական է, որ Սարգսյանն այդպես էլ ետ չկանչեց արձանագրություններից իր ԱԳ նախարարի ստորագրությունը՝ սահմանափակվելով լոկ սփյուռքում խոսքային մակարդակի մանիպուլյացիայի դաշտ ստեղծելու գործողությամբ: Այս պարագայում կրկին գործ ունենք լոկ «ազգային ղալմաղալի» ու խաշի սեղանի շուրջ «հայերնասիրական» թամաշայի որակի քաղաքականության հետ:

Թեպետ «քաղաքականություն» եզրույթն այս պարագայում օգտագործելն էլ մեղք է: Ի վերջո, ո՞վ է ավելի քաջատեղյակ աղետի մատնված այս երկրում գոյություն չունեցող ներդրումներից, քան իշխանությունը: Եվ, ահա, Ցեղասպանության տարելիցի պատրվակով միգուցե եւ հնարավոր լինի որոշակի քանակությամբ ֆինանսական հոսքեր ապահովել: Իսկ այդ գործի համար ի՞նչ է հարկավոր՝ ՀՅԴ-ից, «ազգային ղալմաղալից» ու հողահավաքության առաքելությանը դրամական աջակցություն ցույց տալու աղերսագրերից բացի:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս