Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Մագդա Մկրտչյանն առաջիկայում պատրաստվում է հանդես գալ նոր դերերգերով: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է իր ծրագրերի մասին, անդրադարձել է օպերային արվեստը հասարակության լայն շերտերին հասու դարձնելու խնդրին` նկատելով, որ այն թանկ արվեստ է, պահանջում է մեծ ներդրումներ, մշտական հովանավորչություն, հետեւողական քարոզչություն:
-Մագդա՛, այս տարի նոր դերերգեր պատրաստո՞ւմ եք, արտերկրում համերգներ ունե՞ք:
-Այո՛, Ռախմանինովի «Ալեկո»-ն պետք է մայիս-հունիս ամիսներին ներկայացնեմ հանդիսատեսին, ապա հանդես եմ գալու այլ` Մասկանիի «Գեղջկական ասպետություն» օպերայում, Սանտուցայի դերերգով: Ունեմ հրավերներ Ֆրանսիայի, Իտալիայի, Ռուսաստանի օպերային թատրոններից: Առհասարակ, այս տարվան առնչվող իմ նպատակները դրսի հետ են կապված: Անգամ մի քանի տարով դրսում աշխատելու, մեր հայ մշակույթը ներկայացնելու ցանկություն ունեմ, տեսնենք` ինչպես կստացվի:
-Դուք տարբեր առիթներով նշել եք, որ հայկական օպերային ձայնը, դասական երգիչների տեմբրը տարբերվող է, յուրահատուկ: Ըստ Ձեզ` որտե՞ղ է գաղտնիքը:
-Մեր դասական երգիչները թեեւ շատ չեն, բայց եթե անգամ տաղանդավոր 5-6 հոգի ունենք, պետք է նկատել, որ դրանք բավական արժեքավոր ձայներ են, էժան, «ջրիկ» չեն, թանձր են: Մեր երգածը մեր հագուց է բխում, գուցե նաեւ այդ հանգամանքն է դեր խաղում:
-2006-ին Վատիկանում Բենեդիկտոս 16-րդ պապի ներկայությամբ Ձեր կատարմամբ հայկական միջնադարյան շարականների մեկնաբանում է եղել, եւ ելույթը հեռարձակվել է 27 երկրներում: Ի՞նչ եք կարծում` արտերկրում որքանո՞վ են ծանոթ հայկական մշակույթին, եւ ի՞նչ է պետք անել այն մասսայականացնելու համար:
-Մեր ազգային մշակույթը, մեր երաժշտությունը դրսում լավ չեն ճանաչում: Օրինակ` ես շատ կուզենայի, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Օպերայի եւ բալետի թատրոնում Մոցարտի, Վերդիի «Ռեքվիեմ»-ի փոխարեն Կոմիտասի երաժշտությունը մատուցվեր: Արտերկրից այդքան հյուրեր ենք ունենալու: Թող գան, տեսնեն, թե ինչ մշակույթ ունենք մենք:
-Մագդա՛, իսկ, առհասարակ, օպերային արվեստը մեր հասարակության լայն շերտերին հասու դարձնելու համար ի՞նչ է հարկավոր:
-Սա արվեստի մի տեսակ է, որը պետք է շատ պրոպագանդվի, շատ գովազդվի: Սա թանկ արվեստ է եւ մեծ ներդրումներ է պահանջում: Արտիստը չի կարող մի քանի հոգու հավաքել գեղեցիկ մի շենքի ներսում ու ասել` դե՛, ինձ լսեք: Հատուկ մասնագետներ են պետք, ովքեր հանդիսատես կապահովեն: Իսկ, առհասարակ, ես նկատել եմ, որ մեր ժողովուրդը սիրում է օպերային արվեստը եւ հետաքրքրված է դրանով:
-Այս պարագայում, թերեւս, պետական մոտեցում է պետք, ոչ թե փառատոնից փառատոն, այլ մշտական, տեւական ուշադրության պակաս կա:
-Այդ աջակցության անհրաժեշտությունը միշտ էլ կա: Եվ ինչպես սպորտի ոլորտը, որի ներկայացուցիչները մշտական մարզումների կարիք ունեն, այնպես էլ մեր ոլորտը ունի այդ «մարզումների» եւ Ձեր նշած տեւական ուշադրության կարիքը: Ցավոք, միայն տաղանդով աշխարհին շատ բան ասել չես կարող. թիկունքիդ խոշոր հովանավորներ են պետք:
-Եթե հարցին նայենք զուտ բիզնես տեսանկյունից, ո՞ր դեպքում հնարավոր կլինի հայկական օպերային արվեստի ոլորտում ներդրած գումարները հետ բերել:
-Դա հնարավոր կլինի, եթե մենք կարողանանք այնպես անել, որ արտերկրում հնչեն հայկական օպերաները, օրինակ` Չուխաջյանի «Արշակ Երկրորդը», որը դրսում կարող է հռչակ վայելել, ընդունվել եվրոպացիների կողմից: Միայն մեր մշակույթով կզարմացնենք արտերկրին, այդ կերպ մենք կլինենք օրիգինալ եւ հետաքրքիր:
-Բազմիցս նշել եք, որ մենք ունենք օպերային ձայներ, որոնք թատրոնի ներսում «օգտագործելու» առիթ չի լինում, համապատասխան ներկայացումներ չեն կազմակերպվում: Արդյո՞ք վտանգ չկա, որ այդ ձայները կարող են կորչել:
-Այո՛, այս պայմաններում արտիստը կորցնում է իր լավագույն տարիները: Որքա՞ն կարելի է սպասել նոր ներկայացման: Ասենք` եթե վաթսունում նրա երազանքն իրականացավ, ինչպե՞ս է նայվելու բեմից: Ես այս հարցին ռեալ եմ նայում: Մինչ օրս միայն ամպագոռգոռ խոստումներ են հնչել: Փափուկ բարձով «օրոր»-ից հոգնել եմ:
Աննա Բաբաջանյան