ԽԱՆԳԱՐԵՄ ՁԵՐ ԽԱՂԸ՝ ՕՐԵՆՔՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեսած կլինեք գյուղերի, քաղաքների թաղերում հավաքված տղամարդկանց, որոնք պարապությունից հավաքվում են նարդի, թղթախաղ խաղալու եւ օրն անցկացնելու: Սակայն կա տղամարդկանց մի ուրիշ տեսակ, որոնք ավելի շուտ «թափռտված» են պատերի տակ կամ տաղավարներում ու խմելու առիթ են փնտրում: Եւ որպեսզի անցուդարձ անողները կամ շրջակայքի բնակիչները հասկանան, որ հենց իրենք են «քուչի տղերքը», բարձրաձայն հայհոյում են ի տես եւ ի լուր բոլորի…
Այդպես էլ Ավանի «տղերքն» են փորձել կայանալ… Ու դատարանը կայացման այդ դրսեւորման` խուլիգանության համար նրանցից յուրաքանչյուրին տուգանել է կես միլիոն` 500.000 դրամի չափով, իսկ նրանց «կայացմանը» խոչընդոտողներին` արդարացրել, չնայած նախաքննական մարմինը փորձել է ոչ միայն հավասարության նշան դնել երկու կողմերի արարքների միջեւ, այլեւ հասարակական կարգը պահպանողներից մեկին` Կարենին, ավելի ծանր մեղադրանք առաջադրել` զենքի կիրառմամբ խուլիգանության համար (ՀՀ քր. օր.-ի 258 հոդվ. 4-րդ մաս): Այդ մեղադրանքում Կարեն Ալվանդյանն իրեն մեղավոր չի ճանաչել, եւ դատարանում նրա տված ցուցմունքը հաստատել են հարեւանները:
Ըստ այդմ՝ Ավանի բնակիչներ Ավագյան Գեւորգը, Ղազարյան Եղիշեն եւ Հովհաննիսյան Էդուարդը մոտ 3 տարի պարբերաբար, հատկապես գիշերվա ժամերին, հավաքվել են իրենց բակի տաղավարում, խմել, աղմկել, բարձրաձայն հայհոյել եւ խանգարել Կարենի եւ շենքի այլ բնակիչների անդորրը: Կարենը բազմիցս զգուշացրել է նրանց նման պահվածքի համար` ասելով, որ բարձրաձայն չհայհոյեն, քանի որ մանկահասակ երեխա ունի, շենքում կանայք կան… Իսկ 2011թ.-ին` դեպքից մոտ երկու ամիս առաջ, երբ Կարենը կրկին նախազգուշացրել է, նրանք ասել են. «Եթե ուզում ես կինդ ու երեխադ հայհոյանքներ չլսեն, ապա եվրո պատուհաններ դի՛ր»: Այդ ժամանակ Կարենը կարողացել է իրեն զսպել, սակայն հուլիսի 27-ին նրա համբերությունը հատել է:
Նշված օրը՝ գիշերվա ժամը 24:00-ի սահմաններում, Գեւորգը, Եղիշեն եւ Էդուարդը մի քանի այլ տղաների հետ նորից հավաքվել են, գարեջուր, կոնյակ խմել եւ աղմկել: Կարենը մոտեցել է պատուհանին եւ կանգնած ծխել: Հավաքված տղաներից մեկը նկատել է նրան եւ ծաղրելով ասել. «Էն ո՜վ ա վերեւից ծիկ անում», մեկ ուրիշն էլ ասել է. «Մեր քուչեն ա, ինչ կուզենք, էն էլ կանենք, մեր կայֆը խանգարողի….»: Հասկանալով, որ դա իր դեմ է ուղղված, Կարենը ինքնապաշտպանության նպատակով վերցրել է իր գազային ատրճանակը եւ իջել շենքի բակ` նրանց հետ զրուցելու: Երբ մոտեցել է տաղավարին, Էդուարդը ոտքի է կանգնել, իսկ Կարենն ասել է. «Էդո՛, էլի դո՞ւ, արդեն հինգ անգամ է խնդրել, զգուշացրել եմ, որ չհայհոյեք»: Սակայն նրան քաշքշել են եւ ասել. «Մեր քուչեն ա, ինչ կուզենք, կանենք, երբ կուզենք, կհայհոյենք»: Այդ ժամանակ Կարենի կնոջ զանգով բակ է շտապել Կարենի եղբայր Արթուր Ալվանդյանը եւ փորձել հանդարտեցնել տղաներին, սակայն նրանք սկսել են երկու եղբայրներին հարվածել գարեջրի շշերով, երկաթյա ձողով, ինչի հետեւանքով Կարենի գլխից արյուն է հոսել, իսկ նրա եղբայրն ուշաթափվել է: Տեսնելով, որ իրենց կյանքի համար վտանգ կա, Կարենը, անհրաժեշտ պաշտպանության նկատառումներից ելնելով, գազային ատրճանակով մի քանի անգամ օդ է կրակել, որից հետո այդ տղաները փախել են, իսկ ինքը գետնից բարձրացրել է եղբորը, եւ հարեւանների օգնությամբ գնացել են տուն:  
Առավոտյան գնացել են ոստիկանության Ավանի բաժանմունք, հաղորդում տվել հանցագործության մասին եւ հայտնել, որ իրենք հակաիրավական որեւէ գործողություն չեն արել, միայն պաշտպանվել են: Նմանատիպ ցուցմունքներ է տվել նաեւ Արթուր Ալվանդյանը եւ դատարանում նշել, որ նախաքննությունը կատարվել է խայտառակ ձեւով` պատասխանատվությունից դուրս թողնելով 10-15 հոգու: Քննիչը նույնիսկ պատռել է իրենց ցուցմունքը, հրաժարվել վերցնել իրենց կողմից ներկայացված արյունոտ եւ ալկոհոլով ներծծված վերնաշապիկը՝ պահանջելով լոկ դրա լուսանկարը, որն էլ չի կցել քրեական գործին եւ սպառնացել է իրենց պատժել: Այդ սպառնալիքն էլ կարծես թե արտացոլվել է մեղադրական եզրակացության մեջ. եղբայրներից Կարենին կալանավորել են խուլիգանության ծանր հոդվածով` նշելով, որ նա ոչ միայն գազային ատրճանակով կրակել է, այլեւ եղբոր հետ երկաթյա ձողով հարձակվել տղաների վրա եւ սկսել նրանց հարվածել: Իսկ Կարենի եղբորն ու տաղավարի քեֆչիներին, որոնք նշել են իրենց ընկեր Ռոստոմի՝ մեքենա գնելու առիթը, մեղադրանք են առաջադրել խուլիգանության` 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ ստորագրությամբ բաց թողել: Արթուրը չի ընդունել մեղադրանքը, իսկ Եղիշեն, Գեւորգը եւ Էդուարդն իրենց լիովին մեղավոր են ճանաչել:
Ուշագրավ է, որ դեպքին հաջորդող պահին ոստիկանները հասել են դեպքի վայր, սակայն կոտրված շշի կտորներ ու երկաթյա ձող չեն հայտնաբերել…
Դատարանը, մեր դիտարկմամբ, շատ հիմնավորված ձեւով գտել է, որ «նախաքննության մարմինը ապացույցները գնահատել է ոչ օբյեկտիվ», եւ որ ամբաստանյալներ Կարենը եւ Արթուրը փորձել են կանխել ամբաստանյալներ Եղիշեի, Գեւորգի եւ Էդուարդի դրսեւորած խուլիգանական վարքը` ելնելով հուզական վիճակից, եւ որ Ալվանդյանների գործողությունները պայմանավորված են եղել մյուս երեք ամբաստանյալների հակաիրավական, հակաբարոյական վարքագծի հետեւանքով: Այսինքն՝ դատարանը հաստատված է համարել, որ դեպքի օրը Եղիշեն, Գեւորգը եւ Էդուարդը ծեծել են Ալվանդյաններին, իսկ վերջիններս փորձել են կանխել խուլիգանությունը եւ պաշտպանվել հարվածներից: Հետեւաբար` նրանց արարքում չկա հանցակազմ:
Ի վերջո, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռել է Կարեն եւ Արթուր Ալվանդյաններին արդարացնել, իսկ մյուս երեք ամբաստանյալներին պատիժ նշանակել տուգանք` 500.000-ական դրամի չափով: Այժմ իրենց «քուչի տղա» համարող առաքիչ Գեւորգը, գործազուրկ Եղիշեն եւ տպագրիչ Էդուարդը 500.000 դրամ տուգանք վճարելուց հետո կհասկանան, որ չարժե ամիսներով աշխատել «լոպազ-լոպազ» հայհոյելու եւ տակից դուրս չգալու համար:
Մեղադրողը վերաքննիչ բողոք է բերել եւ պահանջում է Ալվանդյանների նկատմամբ կայացնել մեղադրական դատավճիռ` տաղավարի տղաների առողջությանը դիտավորությամբ մարմնական վնասվածքներ հասցնելու հիմքով:
Հ.Գ. Պարոն մեղադրողին առաջարկում ենք` «քուչի» տղաներին տանել իրենց տաղավար ու եվրոպատուհան դնել կամ չդնել… եթե տղաների հայհոյանքները կշոյեն նրա եւ նրա ընտանիքի անդամների ականջները…

ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ




Լրահոս