Արարատի մարզի Մարմարաշեն համայնքի բնակիչ, սպանված ժամկետային զինծառայող Գեղամ Սերգոյանի ներկայացուցիչ Յուրա Խաչատրյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ արդեն բողոք են ներկայացրել Եվրադատարան. «Անհրաժեշտության դեպքում կվերցնեն քննության»:
Հիշեցնենք, որ Գեղամ Սերգոյանը 2006-ին է զորակոչվել հայոց բանակ եւ ծառայության անցել Ստեփանակերտի զորամասերից մեկում: 2007-ի ապրիլի 15-ին սպանվել է նույն զորամասի լեյտենանտ Հենրիխ Գրիգորյանի կողմից, որը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման եւ իր պատիժը կրում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում:
Ի՞նչն էր եղել սպանության դրդապատճառը. նշված օրը Հ. Գրիգորյանը, զինմասից ստանալով «Մակարով» տեսակի ատրճանակ, դուրս է եկել ստուգման: Վերադառնալով հերթապահ մաս` տեսել է, որ Գեղամը, ընկերոջ հետ նստած, հեռուստացույց է նայում եւ ծիծաղում: Մոտենալով նրան՝ հարցրել Է, թե ինչու է հողաթափերով, առանց գլխարկի ու գոտու: Վերջինս էլ ասել է, որ թույլտվություն ունի հողաթափեր հագնելու, քանի որ մի քանի օր առաջ բութ մատի եղունգը հեռացրել են: Հետո լեյտենանտը սկսել է բղավել, թե ինչու էին ծիծաղում: Նրանք էլ ասել են. «Հեռուստացույցով զվարճալի ծրագիր էր, դրա համար ծիծաղել ենք»: Լեյտենանտը հակադարձել է նրանց. «Ինձ վրա՞ էիք ծիծաղում»: Ու Սերգոյանին քաշելով պատի մոտ` կրակել է գլխին` ձախ ականջից ներքեւ: Տեղի հոսպիտալում չեն կարողացել գնդակը հանել նրա ողնուղեղից: Այդ պատճառով տղային Արցախից տեղափոխել են Երեւան` Մուրացանի կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ նորից են վիրահատել: Սակայն Գեղամը, 15 օր մնալով կոմայի մեջ, մայիսի 1-ին մահացել է:
Գեղամը Երեւանի ճարտարագիտական համալսարանի էներգետիկայի բաժինն է ավարտել: Հոր խոսքերով՝ շատ էր սիրում բնությունը, կենդանիներին: «Շատ էր գրքեր կարդում, հատկապես` հանրագիտարան»,-հիշեց հայրը՝ Ռոբերտ Միրզոյանը (Գեղամը մոր ազգանունն է կրել), որը կարծում է, որ բացի ձերբակալված լեյտենանտից, հանցագործության այլ մասնակիցներ էլ կան: Բացի այդ, որդուն սպանողը մեղմ պատիժ է ստացել:
Միրզոյանը մինչեւ հիմա չի կարողանում հաշտվել որդու կորստի հետ: Նրան մշտապես մի հարց է տանջում. «Գոտու եւ գլխարկի չլինելու պատճառով զինվորի վրա կրակո՞ւմ են»:
ՍՊԱՆԵԼ Է ԳՈՏԻ ՈՒ ԳԼԽԱՐԿ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ