ՍԻՐԻԱՀԱՅԵՐԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած 7 ամիսների ընթացքում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով Հայաստանից մեկնել ու չի վերադարձել 83 հազար 760 մարդ: Այս տվյալը հրապարակել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը: Փոխարենը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանի փոխանցմամբ, ներկայում Հայաստանում է ապրում Սիրիայից ժամանած շուրջ 2000 սիրիահայ: Ինչպես վիճակագրությունն է ցույց տալիս, սիրիահայերը հիմնականում մայրաքաղաքում են բնակություն հաստատում: Շիրակի մարզ շատ քչերն են ժամանել` չնայած քաղաքապետարանի պաշտոնական հայտարարությանն այն մասին, որ Գյումրին պատրաստ է հյուրընկալել մեր հայրենակիցներին:
Կովկասյան կենտրոնի տնօրեն Արտուշ Մկրտչյանի կարծիքով՝ սիրիահայերը Հայաստանի երկրորդ քաղաք չեն այցելում ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի, բիզնեսի ներդրման համար ոչ մատչելի միջավայրի պատճառով: «Մեր մարզից էստեղի ժողովուրդն է ուզում գնալ, սիրիահայերը չե՞ն տեսնում, չե՞ն կարդում, թե տնտեսական ինչ վիճակի մեջ է Գյումրին»,-ասում է Արտուշ Մկրտչյանը: Շիրակի մարզային միգրացիոն տեղեկատվական ծառայությունից ստացված տվյալներն էլ փաստում են, որ այս ընթացքում որեւէ սիրիահայ չի դիմել կենտրոնին, Սիրիայից ժամանած որեւէ քաղաքացի Գյումրիում մշտական բնակություն հաստատելու ցանկություն կամ պատրաստակամություն  չի հայտնել:
Մեզ հաջողվեց հանդիպել Գյումրիում բարեկամների տանը հյուրընկալված Գրիգոր եւ Ծովինար Սրապյանների հետ, որոնք երկու շաբաթ է, ինչ Գյումրիում են: Ասում են՝ այստեղ ապրելու ցանկություն ունեն, բայց քանի որ իրենց աչքով են տեսել եւ մաշկի վրա զգացել այն ծանր պայմանները, որոնցում ապրում է տեղի բնակչությունը, հասկացել են, որ ուզում են դարձյալ վերադառնալ Սիրիա, որտեղ փակել են իրենց ընդարձակ բնակարանի դուռն ու եկել, մինչեւ իրավիճակը խաղաղվի: Իսկ ամենամտահոգիչն այն է, որ շեշտում են՝ եթե իրավիճակային փոփոխություն չլինի Սիրիայում, եւ իրենք հետ գնալու հնարավորություն չունենան, ապա կնախընտրեն արտագաղթել մեկ այլ երկիր: «Կգնամ ԱՄՆ, որովհետեւ հիմա տղաներս ալ հոն են: Էստեղ դժվար է, ո՛չ աշխատանք ունենք, ո՛չ բնակարան: Երկար ձգել չենք կարող, որովհետեւ ոսկեղենս էլ վաճառել եմ: Գումարը կվերջանա, եւ մենք անորոշության մեջ կմնանք»,-պատմեց Ծովինար Սրապյանը: Ամուսինն էլ իր հերթին հավելեց, որ որեւէ մեկը չի հետաքրքրվում իրենցով՝ ինչպես են ապրում, ունեն անհրաժեշտ պայմաններ, թե ոչ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս