ՎԱՐԺՎԵԼ ԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ԿՐԱԿՈՑՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական հրետակոծություններից օրերս կրկին տուժել է Տավուշի մարզի Մովսես գյուղը: Համայնքապետ Լյուդվիգ Ապերյանի վկայությամբ՝ գնդակոծության հետեւանքով շուրջ 800 առանձնատան տանիքներ մասնակի վնասվել են:
Մովսեսը գտնվում է Երեւանից 221, իսկ մարզկենտրոնից 88 կմ հեռավորության վրա:  Ադրբեջանի  հետ ունի 27 կմ ընդհանուր սահման, իսկ օդային հեռավորությունը մոտ 350 մ է: Սահմանին ամենամոտ այս համայնքն ադրբեջանցիների կողմից պարբերաբար ենթարկվում է գնդակոծությունների: Հերթական գնդակոծությունը սկսվել է օգոստոսի 21-ին՝ երեկոյան ժ. 20:30-ին, եւ շարունակվել մինչեւ 23:00-ն: Հայկական կողմը, համարժեք գործողությունների անցնելով, ստիպել է թշնամուն  դադարեցնել կրակը:
Գյուղապետ Ապերյանի բնութագրմամբ՝ վաղուց արդեն մովսեսցի «մեր ու մանուկի» համար թշնամու սադրանքները սովորական են դարձել: «Ժողովուրդը սովոր է, արդեն էրեխեքն ու կնանիք էլ կրակոցներին բանի տեղ չեն դնում»,-ասաց Ապերյանը: Վերջինս պատմեց, որ կրակոցների ընթացքում մարդիկ իջել են իրենց տների նկուղները, իսկ «կրակի տակի» թաղամասերի բնակիչներն էլ տեղափոխվել են առավել անվտանգ թաղեր: «Թշնամուն կպած ենք: Գյուղը լեռների մեջ է, բայց 70 տոկոսով տեսանելի է թշնամու կողմից: Կրակոցի գիշերը մարզպետի տեղակալ Լյովա Սարգսյանը զանգեց, ասաց՝ արա՛գ ճշտեք վնասի չափը, մեզ տեղեկացրե՛ք: Հաջորդ օրը հաշվարկ ենք արել, թվերը ուղարկել մարզպետարան, էսօր էլ նամակով դիմել ենք աջակցության ակնկալիքով: Երեւի մի բան կանեն էլի»,-«Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում ինքն իրեն հուսադրում էր համայնքապետը:  
Նրա հետ մեր զրույցից պարզ դարձավ, որ մարզային իշխանությունները բավարարվել են միայն զանգելով: Համայնք այցելելու, բնակչության հետ հանդիպելու,  նրանց զորակցելու եւ որպիսության  մասին հարցնելու ոչ մի քայլ չի ձեռնարկվել: Մեր համառ հարցերին, թե տեղական իշխանիկներն ինչով են բացատրել իրենց անտարբերությունը, ինչու Մովսես չեն այցելել, համայնքի  ղեկավարն անընդհատ նույն պատասխանն էր տալիս. «Ամեն ինչ նորմալ ա. մարզպետարանի հետ պրոբլեմ չունենք: Եթե մեծ վնաս լիներ, կգային էլ, հիմի գային, ի՞նչ անեին»: Ամեն դեպքում, Լ. Ապերյանը մարզպետարանին ուղղված նամակում տեղեկացրել է, որ համայնքում կա շուրջ 70 կղմինդր ու 50 քմ ապակի փոխելու  անհրաժեշտություն: Նրա մոտավոր հաշվարկներով՝ մոտ 5-6 հարյուր հազար դրամ ունենալու դեպքում կկարողանան վերականգնել ավերածությունները: Ապերյանը հավելեց նաեւ, որ իրենց համայնքը կեղծ ուշադրության կենտրոնում է. ««Կարմիր խաչ»-ը ստից-մտից հետաքրքրվում է, թե ոնց ենք, երբ է թշնամին մեզ նեղացրել: Բայց դե էդ ձեւականությունից էլ ենք բեզարել»:
Խոսելով մեր վայ հարեւաններից՝ Ապերյանը փաստեց, որ մեր դրկիցների գյուղերում նկատելի են ամենօրյա փոփոխությունները «Քնում վեր ես կենում, մի բան էդ գյուղում ավելացած է լինում, ամեն օր շինարարություն է: Դե, մեր մոտ էլ առաջընթաց կա, բայց ոնց որ իրանք ավելի արագ են առաջ գնում»: Նա նշեց, որ չնայած հրադադարի ռեժիմը միշտ խախտվում է ազերիների կողմից, սակայն ի տարբերություն 1994-95թթ.-ի, գոնե թողնում են հուղարկավորությունները ցերեկով ու «մարդավարի անել». «Այս տարի միայն մեկ անգամ՝ մայիս ամսին, կրակեցին սգո թափորի վրա: Գերեզմաններ էինք հասել, երբ սկսեցին ուժեղ կրակահերթով հրակոծել, բարեբախտաբար, մարդկային զոհեր չունեցանք»:
Մյուս սահմանապահ գյուղերի նման Մովսեսն էլ է հայաթափվել: Պատերազմական գործողությունների եւ գյուղի «մեռած կյանքի» պատճառով երիտասարդությունը  տարագիր է դարձել: Ըստ գյուղապետի՝ 15 տարվա ընթացքում 500 մարդ լքել է Մովսեսը: Համայնքում մնացել են տարեցները: Շուրջ 20 տարվա ընթացքում համայնքի դպրոցականների թիվը կրճատվել է 820-ով: 1988թ.-ին, ըստ համայնքապետի, գյուղի դպրոցում սովորել է 1090 երեխա, այժմ նրանց թիվը 170 է: Ունեն 32 մանկահասակ երեխա: Գյուղում գերխնդիր է խմելու եւ ոռոգման ջրի հարցը, որի համար մովսեսցիները բազմիցս դիմել են կառավարություն եւ դեռ ոչ մի արձագանք չեն ստացել:
Խոսելով գյուղատնտեսությունից՝ Ապերյանը նշեց, որ այս տարվա բերքից չեն դժգոհում, սակայն մեզ հետ հեռախոսազրույցում համայնքի բնակիչները դժգոհեցին ԲՀԿ մարզային ներկայացուցիչ Նինա Ադամյանից: «Ծառուկյանի կուսակցությունը մեծ շոու սարքեց, տելեվիզրով նկարեցին, թե տեսե՛ք, տեսե՛ք` Մովսեսին տրակտոր ենք տվել: Ասեցին՝ պերեվալները չի իջնի, գյուղից ուրիշ տրակտոր տարանք, թազա հարսի պես դիմավորեցինք, թազա տրակտորը բարձեցինք ավտոյին, բերինք գյուղապետարան: Մյուս առավոտ Ադամյան տիկինը եկավ ու հայտարարեց, որ դա իրենց՝ «Բարգավաճ»-ի տրակտորն ա, ու գյուղացիք դրա հետ գործ չպիտի ունենան: Ասաց, հավաքեց իրա մանկլավիկներին, տրակտորը տարավ մնի դռանը կանգնացրուց: Ո՛չ իրանք են շահագործում, ո՛չ մեզ են թողնում: Ասած էն ասացվածքի` շանը խոտի վրա կապում են, ո՛չ ինքն ա ուտում, ո՛չ էլ ուրիշին ա թողնում: Մեր իմանալով էլ՝ էդ ավտոն արդեն հավեսի հմար քշել են, ջարդել, գցել: Մի հարցրե՛ք Ծառուկյանին, թե էդ ցիրկը ում էր պետք, ինչի են մեզ ձեռ առնում»,-դժգոհեցին մովսեսցիները:
«Ժողովուրդ»-ը փորձեց «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամից ճշտել, թե ինչ նպատակով են բազմաֆունկցիոնալ այդ տրակտորը նվիրել Մովսեսին: Սակայն հիմնադրամից մեզ այդպես էլ չպատասխանեցին:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս