ՍՏԻՊՎԱԾ ՕՂԻ ԵՆ ԹՈՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում դեղձի լավ բերք կա: Դեբեդի հովտի  պտղատու ծառերի ճյուղերը կռացել են առատ բերքից, շատ դեպքերում՝ ծանրությունից կոտրվել: Պտղավանցի այգեգործ, «Նոյեմբերյանի այգեգործների միություն» ՀԿ նախագահ Սպարտակ Զաքարյանն ասաց, որ ինքը 3 հա դեղձի այգի ունի, որից 2 հա-ն՝ բերքատու, 1 հա-ն էլ երիտասարդ այգի է: Նա այս տարի ստացել է 40 տոննա դեղձ, որից 30 տոննան կիլոգրամը 50-60 դրամով մթերել է Այրումի պահածոների գործարան: Սակայն գործարանն ընդունած դեղձի դիմաց այգեգործներին դեռեւս չի վճարել:
Սպարտակ Զաքարյանն ասաց, որ իր ծանոթների միջոցով խոշոր բեռնատարով տասը տոննա դեղձ է ուղարկել Հյուսիսային Կովկաս: Որակյալ դեղձը նա հանձնել է կիլոգրամը 100 դրամով: Այս տարի գյուղամթերքներ արտահանող «Սպայկա» ընկերությունը եւ այլ ընկերություններ Նոյեմբերյանի տարածաշրջանից դեղձ չեն արտահանել: Ս. Զաքարյանն ասաց, որ դեղձն իրացնելուց հետո ստացված հասույթը այգին մշակելու, հողի հարկի եւ ոռոգման, բուժանյութերի ծախսերը չի հոգում: Պտղավանի հարեւան Դեղձավան գյուղում դեղձը վաճառում են կիլոգրամը 30-40 դրամով: Սակայն անգամ նման էժան գնով էլ դեղձը չի իրացվում: Այգեգործներն իրենց դառը քրտինքով, մեծ ծախսերով աճեցրած միրգը չթափելու համար ստիպված դրանից օղի են թորում:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս