ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԸՆԿԵԼ Է
«Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայի տարածքում օգոստոսի 23-ին վթարի է ենթարկվել մի օդապարիկ, որում գտնվել են 32 ուղեւորներ: Մահացել է երկու մարդ: Մոտ 20-ը տեղափոխվել են հիվանդանոց, այդ թվում՝ 6 երեխա, տուժածների մեջ կան նաեւ օտարերկրացիներ` իտալացիներ եւ բրիտանացիներ»,-գրում է NEWSru.com: Օդապարիկը դեռեւս անհայտ պատճառներով մեծ արագությամբ սկսել է կորցնել բարձրությունը: Հայտնի է, որ օդապարիկի զամբյուղում հրդեհ է բռնկվել. գետնին հարվածելուց առաջ ականատեսները կրակ են  տեսել օդապարիկում, իսկ որոշ տուժածներ այրվածքներ են ստացել:

ԿԾԵԼ Է ՕՁԻՆ
55-ամյա նեպալցին, որը բնակվում է մայրաքաղաքից՝ Կատմանդուից, 200 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում, հետապնդել է բրնձի դաշտում իրեն խայթած կոբրային եւ կծել նրան: «Ես կարող էի նրան փայտով սատկացնել, սակայն դրա փոխարեն կծեցի, քանի որ զայրացած էի»,-ասել է տղամարդը տեղի ԶԼՄ-ների հետ հարցազրույցում: Ոստիկանության ներկայացուցչի փոխանցմամբ՝ տղամարդը գտնվում է գյուղի բուժկետում, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նրա դեմ չի առաջադրվի կոբրային սպանելու մեղադրանք, քանի որ այդ օձը ներառված չէ Նեպալում հատուկ պահպանվող տեսակների ցուցակում:

ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱՆ
Հայ շախմատիստուհիներ` գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը (ԱՄՆ) եւ միջազգային վարպետ Նատալյա Խուդգարյանը (Կանադա), իրավունք են ստացել մասնակցելու այս տարվա նոյեմբերից դեկտեմբերն ընկած հատվածում Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվելիք կանանց աշխարհի առաջնությանը: Այս մասին տեղեկացնում է ՖԻԴԵ-ն: Այսպիսով՝ աշխարհի առաջնությունում ելույթ կունենան չորս հայ շախմատիստուհիներ` Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Տաթեւ Աբրահամյանը եւ Նատալյա Խուդգարյանը:

ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ
Հայ թենիսիստուհի Անի Ամիրաղյանը շարունակում է հաջող հանդես գալ Իտալիայում ընթացող միջազգային մրցաշարում: Նախորդ օրը Անին 3 սեթերում հաղթանակ է տարել Իտալիայի ներկայացուցչուհի Ջիովանի Ֆիորետիի նկատմամբ (6:0, 3:6, 6:1):
Քառորդ եզրափակչում Ամիրաղյանը կհանդիպի շվեյցարացի Լիզա Սաբինայի հետ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս