Կենդանասերները կբողոքեն Երևանի ավագանու որոշման դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու որոշմամբ՝ կենդանիներ պահելու համար քաղաքացիները պետք է վճարեն տարեկան 5000 հազար դրամ տուրք: Կենդանասերների կարծիքով` սա անհեթեթ որոշում է: Armlur.am-ի հետ զրույցում օրենքի դեմ դժգոհող քաղաքացիներից Արմեն Եփրեմյանը, ով եւս ընտանի կենդանի է պահում տանը, նշել է, թե այս օրենքի կիրառման հետեւանքով հազարավոր ընտանի կենդանիներ կհայտնվեն փողոցում:

Վերջինիս խոսքով` ոչ մի երկրում նման օրենք չկա, սա կհանգեցնի նրան, որ մարդիկ այլեւս կենդանիներ չեն պահի: Եփրեմյանը մեկ կարեւոր հանգամանքի վրա է ուշադրությունը հրավիրել՝ մի շարք «կենդանասերներ» սկսել են օրենքին կողմ արտահայտվել եւ իրենց «կաշառված» կարծիքը հայտնել. «Երեւի քաղաքապետարանից կամ այլ մարմիններից որեւէ ակնկալիք ունեն»
Ա. Եփրեմյանն անհրաժեշտ է համարում խրախուսել ընտանի կենդանի պահելը եւ օժանդակել այն մարդկանց, ովքեր պատասխանատվություն են վերցրել խնամելու ընտանի կենդանիների, քանզի այսօր մեծ հոգսեր են թե՛ կենդանու սնունդը, թե՛ բժշկական սպասարկումը:

«Մարդիկ կան՝ փողոցից մի քանի կենդանիներ են վերցրել, պահում են, հիմա ի՞նչ, պետք է իրենց թույլ չտալ կամ հարկ պահանջել կենդանուն պահելու համա՞ր»,- նշել է նա: Վերջինիս խոսքով` պատկան մարմինները այս օրենքի նպատակը համարում են քաղաքապետարանի կարիքները հոգալը, բայց Եփրեմյանը համոզված է, որ այդ գումարը մտնելու է մի քանիսի գրպանը, ոչ թե պետական բյուջե: Նրա համար առավել անհեթեթություն է այն, որ օրենքում ձեւակերպված է «Երեւանի վարչական տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար տեղական տուրքը»:

«Անհեթեթ է, որ մեզ պետք է թույլտվություն տան կենդանիներ պահելու համար»,- ասաց նա եւ հավելեց, որ մի օր էլ եզդիներից են ոչխար պահելու համար տուրք պահանջելու, կամ գյուղացիներից` կով եւ այլ կենդանիներ պահելու համար:

Նաեւ հավելենք, որ change.org միջազգային պորտալում ստորագրահավաք է սկսվել «Պահանջում ենք կասեցնել ընտանի կենդանի պահելու թույլտվության տարեկան տուրքի վերաբերյալ ՀՀ օրենքը» անվանումով: Այս պահին հավաքվել է մոտ 70 ստորագրություն, քանի որ ստորագրահավաքը մեկ օր է, ինչ սկսվել է: Հիշեցնենք, որ ավագանու որոշումն ընդունվել էր դեռեւս 2011 թվականին, սակայն հիմա է մտել կիրառության մեջ:




Լրահոս