
ՀԱՐՑ. Վերջերս օրենք սահմանվեց մեքենաների ապակիների մգության չափի վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ, թե որ դեպքերում է ապակիների մգությունը խախտում համարվում, ինչպես է որոշվում դրա չափը, եւ ինչ սկզբունքներով է տուգանք սահմանվում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ավտոտրանսպորտային միջոցների հողմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75 տոկոսից ոչ պակաս, առջեւի դռների ապակիներինը, առջեւի կողային ապակիներինը (առկայության դեպքում) եւ այլ ապակիներինը՝ 70 տոկոսից ոչ պակաս: Հետին տեսանելիության երկու հայելիների առկայության դեպքում այլ ապակիների լուսաթափանցելիությունը կարող է լինել 70 տոկոսից ցածր: Ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցներ վարելը առաջացնում է տուգանք 50 հազար ՀՀ դրամի չափով: Ապակու մգեցվածության աստիճանը որոշվում է հատուկ սարքերի միջոցով: Միայն սարքի միջոցով որոշված ցուցանիշը կարող է լինել իրավական հիմք համապատասխան տուգանք կիրառելու համար:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշված կարգը, որքան հայտնի է, արդեն մի քանի ամիս գործում է: Զարմանալի է, բայց պետավտոտեսչությունը անտարբեր է մգեցված ապակիներով մեքենաների հանդեպ: Մեզ հայտնի միակ դեպքը, երբ ապակիների լուսաթափանցելիությունը հարյուր տոկոս դարձավ («պլյոնկաները» մաքրվեցին), մեր խմբագրության աշխատակցի մեքենայինն է: