Ազգային ժողովի նախկին պատգամավոր, “Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Ստեփան Սաֆարյանի կարծիքով` խորհրդարանական ընտրություններից հետո արված ԲՀԿ-ի հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ նրանց միակ նպատակը վարչապետի “աթոռն” է: “Ժողովուրդ”-ը զրուցել է Ստեփան Սաֆարյանի հետ:
– Պարոն Սաֆարյան, վերջերս “Ազատ դեմոկրատներ”-ի հիմնադիր անդամների մի մասը դուրս եկավ կուսակցությունից` դա պատճառաբանելով նրանով, որ ԱԴԿ-ն խորհրդարան է գնացել “Ժառանգության” ցուցակով: Դուք ինչպե՞ս եք ընդունում այդ փաստը:
– Նախընտրական շրջանում էլ մենք բազմաթիվ անգամ չենք թաքցրել, որ այդ որոշման հետ կապված ոչ լիարժեք վերաբերմունք կա և’ “Ազատ դեմոկրատներ”-ի և’ “Ժառանգության” ներսում: Բայց, համենայնդեպս, մեծամասնությունը երկու կուսակցություններում ընդունեց որոշում՝ միասին գնալ խորհրդարան: Իսկ թե ինչու Արարատ Զուրաբյանն իր թիմով հեռացավ ԱԴԿ-ից, ընդ որում այս շրջանում և ոչ թե ընտրությունների ժամանակահատվածում` հետո կամ առաջ, սա արդեն անհասկանալի է և նախընտրելի չէ:
– Այժմ “Ժառանգություն”-ն ինչպիսի՞ փոխհարաբերություններ ունի ԱԴԿ-ի հետ:
– Սովորական, բնականոն, գործընկերային հարաբերություններ են: Ես որքան տեղյակ եմ, խմբակցությունում ևս գործընկերային են հարաբերությունները: Կուսակցությունների միջև որևէ լարվածություն չկա, ամեն ինչ նորմալ է:
– ԱԴԿ-ն խորհրդարան մուտք գործեց “Ժառանգության” վարկանիշի շնորհիվ, սակայն այսօր “Ժառանգություն”-ը հայտնվել է ստվերում: Չե՞ք կարծում, որ այդ ամենում նաև ԱԴԿ-ի “մեղքը” կա:
– Այն, ինչ ստեղծել է “Ժառանգություն”-ը, իրեն է մնալու առաջիկա տարիների ընթացքում և ընդհանրապես, կուսակցության ողջ կենսագրության ընթացքում: Այն, ինչ կստեղծեն “Ազատ դեմոկրատներ”-ը` որպես այդ կուսակցության ներկայացուցիչներ, կլինի իրենցը, և չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է մեկի ձեռքից խլել մեկի կապիտալը, որի ստեղծողը ինքը չէ: Այդպիսի մտավախություն ես չունեմ, և դա հնարավոր էլ չէ, իսկ մնացածն ուղղակի կարծիքներ են, որոնք միգուցե իրավունք ունեն գոյություն ունենալ:
– Դուք՝ որպես “հին ժառանգական”, ինչպե՞ս եք գնահատում Ձեր հարազատ կուսակցության այսօրվա աշխատանքը: Երբեմնի ակտիվությունից հետո ինչո՞ւ են “Ժառանգության” անդամներն այսօր այդքան “պասիվ”:
– Նախ ասեմ, որ ես գնահատական չեմ տա, քանի որ “Ժառանգության” այս մեծ թիմը դեռևս իրեն չի դրսևորել խորհրդարանում, և կարծում եմ` առնվազն աշնանային նստաշրջանի ընթացքում մենք հնարավորություն կունենանք համեմատել ներկայիս թիմը նախկին խմբակցության թիմի հետ և ըստ այդմ նաև գնահատական տալ: Իսկ այս պահին կանխատեսումների մակարդակով ինչ-որ գնահատականներ տալը ճիշտ չէ: Պետք է տեսնենք, թե ինչ էր անում նախկին խմբակցությունը, որ հիմա նոր խմբակցությունը չի անում և հակառակը: Իմ մասնակցությունն ընտրություններին վկայությունն էր այն բանին, որ ես ցանկանում էի լինել խորհրդարանում, ինչը հերքել հնարավոր չէ, բայց այդպիսին էր ընտրությունների ելքը, որը մեզանից ոչ ոք չի կարող փոխել:
– Այնպիսի տպավորություն է, որ Դուք ևս քաղաքական դաշտից հեռացել եք:
– Ես այս պահին առայժմ զբաղված եմ վերլուծական գործունեությամբ, առաջիկայում ավելի ինստիտուցիոնալ բնույթ կհաղորդվի իմ վերլուծական գործունեությանը: Ամենայն հավանականությամբ, լրատվական-վերլուծական ինչ-որ ֆորմատ կստեղծեմ, այդպես ինձ համար ավելի հեշտ կլինի իմ ծրագրերն իրականացնել: Աշնան շրջանում թե’ ինձ համար, թե’ Հայաստանի, ունեմ կարևոր կոնֆերանսների հրավերներ: Բայց զուգահեռ մնալու եմ քաղաքականության մեջ, զուգահեռելու եմ իմ քաղաքական գործունեության հետ: Այսինքն՝ ավելի է լայնանում իմ գործունեության դաշտը:
– Այսօրվա թիվ մեկ քննարկման թեման ՀՀԿ-ԲՀԿ ,խաղնե է, ըստ Ձեզ` ի՞նչ նպատակ ունի ԲՀԿ-ն, արդյոք նրանց երազանքը ՀՀ վարչապետի “աթոռն” է:
– Այն առաջարկները, որոնք հենց ԲՀԿ-ին համակրող լրատվամիջոցները հրապարակեցին խորհրդարանական ընտրություններից հետո` որպես Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի բանակցությունների շրջանում Ծառուկյանի կողմից ներկայացված առաջարկ, և որը չհերքվեց ԲՀԿ-ի կողմից, խոսքը վերաբերում է կառավարության և նրա քաղաքականության փոփոխությանը, դրանից կարելի է եզրակացություններ անել: Այսինքն` ԲՀԿ-ի կողմից առաջադրված օրակարգային խնդիրը դա է, որը ենթադրում է վարչապետի և տնտեսական քաղաքականություն թելադրող այլ կարևորագույն նախարարների փոփոխություն: ԲՀԿ-ն ոչ թե ամբողջական իշխանափոխություն է ցանկանում, այլ խոսքը վերաբերում է կառավարության ներսում թիմային փոփոխությանը, որի առանցքային հարցը վարչապետի պաշտոնն է: