Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ աշխարհում զինված հակամարտության և այլ արտակարգ իրավիճակներում անհայտ կորած անսահման թվով մարդկանց ընտանիքներ տառապում են անորոշությունից՝ լուր չունենալով իրենց հարազատների մասին։ Որոշ դեպքերում նրանք սպասում են տասնյակ տարիներ, և հաճախ տառապում հուզական և սոցիալական մեկուսացումից։
ԿԽՄԿ-ն աջակցում է իշխանություններին զինված հակամարտության արդյունքում անհայտ կորածների ճակատագրերը բացահայտելու հարցում։ Օրինակ, Վրաստանում և Նեպալում կազմակերպությունը սատար է կանգնում այն կառույցներին, որոնք օգնում են անհայտ կորածների ընտանիքներին հաղթահարելու տարատեսակ սոցիալական, հուզական և տնտեսական բնույթի խնդիրներ։
Օգոստոսի 30-ին մի շարք երկրներում անցկացվելիք հավաքները և այլ միջոցառումները (օրինակ Լիբանանում, Նեպալում, Արևելյան Թիմորում և Հայաստանում) կօգնեն վառ պահել այն մարդկանց հիշատակը, որոնք դեռևս անհայտ կորած են։
Հայաստանում ԿԽՄԿ-ն շարունակում է տրամադրել նյութական աջակցություն անհայտ կորածների ընտանիքներին միկրոնտեսական ծրագրերի միջոցով, ինչպիսին ընտանի անասունների բաժանումն է կամ տների վերանորոգումը։
ԿԽՄԿ-ն շուտով կսկսի նաեւ կենսաբանական նմուշներ հավաքել ընտանիքներից, ինչը կնպաստի արտաշիրմումն իրականացնելուց հետո աճյունների ինքնությունը պարզելուն։
Հիշեցնենք, որ ղարաբաղյան պատերազմի հետեւանքով անհայտ կորածների թիվը Հայաստանում կազմում է ավելի քան 200 մարդ: