ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԴԵՌ ՊԱՍԻՎ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հինգերորդ գումարման ԱԺ պատգամավորներն առայժմ չեն շտապում օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնելու հարցում. խորհրդարանի պաշտոնական կայքի “Նախագծեր” բաժինն այս առումով բավական աղքատիկ է՝ ընդամենը 80 նախագիծ, որոնք դեռ չեն ընդգրկվել օրակարգում:
Հասկանալի է՝ մեծ ջանքեր ու գումարներ խլած ընտրություններից հետո ազգընտիրները շտապել են մեկնել հանգստի՝ երկրորդ պլան մղելով օրենսդրական գործունեությունը: Նրանք ,կփայլատակենե միայն աշնանը: Իսկ երեկվա դրությամբ ԱԺ կայքում գերակշռողը կառավարության ուղարկած նախագծերն էին, նաեւ՝ նախագահականից ուղարկված պայմանագրերն ու կոնվենցիաները: 
Ինչ վերաբերվում է ԱԺ պատգամավորներին, ապա այստեղ հնաբնակների բախտն է բերել: Նրանք կրկին շրջանառության մեջ են դրել նախորդ ԱԺ-ից “ժառանգություն” մնացած եւ չընդունված նախագծերը՝ այդպիսով տպավորություն ստեղծելով, թե գործ են անում: 
Հին նախագծերի մի մասը շրջանառության մեջ են դրել ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն ու ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը: ՀՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորներ՝ Գալուստ Սահակյանը, Էդուարդ Շարմազանովը, Կարինե Աճեմյանը, Արփինե Հովհաննիսյանը, Հերմինե Նաղդալյանը, Ռուզաննա Մուրադյանն ու Մնացական Մնացականյանն էլ համատեղ հեղինակել են “Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասինե օրենքում, “Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին” օրենքում, ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագծեր: 
“Ժառանգություն” խմբակցությունն առայժմ ներկայացրել է երկու նախագիծ՝ մեկը Օսմանյան կայսրությունում պոնտոսահայերի ցեղասպանությունը դատապարտելու, մյուսը՝ կոռուպցիոն դրսեւորումների վերաբերյալ հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին:
ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ ՕԵԿ խմբակցությունների պատգամավորները դեռ չեն ներկայացրել օրենսդրական իրենց առաջարկները:
“Երբ նպատակահարմար համարենք, այն ժամանակ էլ կներկայացնենք նախագծերը”,-“Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը տեղեկացրեց, որ իրենք երեկ խմբակցության նիստ են անցկացրել ու քննարկել առաջիկա անելիքները: “Մինչեւ հիմա ԱԺ երեք նիստ է եղել, որից հետո գնացել ենք արձակուրդ: Այս ընթացքում որոշակի աշխատանք ենք արել՝ նախագծեր հեղինակելու առումով: Իսկ այսօր էլ խմբակցության նիստում քննարկել ենք նախագծերը, մեր առաջիկա անելիքները: Եւ շուտով այդ ամենը կներկայացնենք խորհրդարանին: ԱԺ նստաշրջան կմտնենք օրենսդրական բավական լուրջ նախաձեռնություններով”,-վստահեցրեց Լ. Սարգսյանը: Նրա խոսքերով՝ Կոնգրեսի խմբակցությունը ներկայացնելու է ամենատարբեր ոլորտի նախագծեր.  “Ե՛ւ բնապահպանության ոլորտի, ե՛ւ հանքարդյունաբերական, ե՛ւ առողջապահական, ե՛ւ սոցիալական, ե՛ւ տնտեսական ոլորտի նախագծեր ենք ներկայացնելու”: 
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետո  ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը գրել էր, որ սոցիալ-տնտեսական ոլորտի մոտ 50 նախագիծ է պատրաստվում ներկայացնել խորհրդարան եւ արդեն իսկ սկսել է իր աշխատանքն այդ ուղղությամբ:”Մենք փորձելու ենք Կոնգրեսի հեղինակած ,100 քայլե-ի եւ ԱԺ մեր նախընտրական ծրագրի շրջանակներում ներկայացնել մեր նախագծերը”,-ասաց Լ. Սարգսյանը: Ինչ վերաբերում է քաղաքական բնույթի օրենսդրական նախագծերին, ապա Լ. Սարգսյանը մատնանշեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը. “ԸՕ շուրջ ենք աշխատանք տանում: Եթե սա համարենք քաղաքական նախագիծ, ապա առայժմ միայն սա”:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ նշեց, թե պատգամավորական լիազորությունները ստանձնելուց կարճ ժամանակ անց իրենք արձակուրդ են մեկնել: Իսկ մինչ այդ բավական ծանրաբեռնված աշխատել են արտահերթ նստաշրջանի օրակարգում ներկայացված նախագծերի ուղղությամբ՝ հանդես գալով համապատասխան առաջարկներով: Ըստ նրա՝ ինքն այս ընթացքում մի քանի նախագիծ է հեղինակել, օրինակ՝ Ազգային անվտանգության ծառայության, առողջապահական ծառայությունների արտոնագրման կամ գիշերային ակումբները բազմաբնակարան շենքերի տարածքից հեռացնելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է քաղաքական բնույթի նախագծերին, Ուրիխանյանը նշեց, որ այս մասին իրենք կխոսեն խմբակցության նիստում այն քննարկելուց հետո:
Ամեն դեպքում, հատկապես ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն խոստանում են ակտիվ ու լարված պահել ԱԺ նիստերը:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս