Օրեր առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց կուսակցության մամուլի խոսնակի պաշտոնից հեռանալու մասին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Տ. Ուրիխանյանը խոստովանեց, որ ԲՀԿ-ՀՀԿ հակամարտության ամենաթեժ փուլում եղել է մի պահ, երբ իրեն միայնակ է զգացել հակամարտության դաշտում:
«Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ՝ պարզելու համար, թե, ի վերջո, ինչո՞ւ նա նման որոշում կայացրեց:
-Պարո՛ն Ուրիխանյան, ի՞նչը պատճառ հանդիսացավ, որ Դուք որոշեցիք հրաժարվել ԲՀԿ մամլո խոսնակի պաշտոնից, ի՞նչն էր խանգարում Ձեզ շարունակել աշխատել նույն կարգավիճակում:
-Ես միշտ ասել եմ ու այս խժդժությունների առաջին իսկ օրվանից մեկ բան եմ հայտարարել՝ բացարձակապես երկրորդական է, թե ինչ կարգավիճակ ու պաշտոն եմ զբաղեցնում, կարեւորն այն է, որ ինչպես եղել եմ, այնպես էլ մնալու եմ ժողովրդի կողքին, ժողովրդի շահի պաշտպան: Քաղաքական գործունեության մեջ ժողովրդական պատվերի իրականացումը համարում եմ գերնպատակ ու կարծում եմ, որ որեւէ մեկը չի կարող վիճել ինձ հետ այս հարցում: Հետեւաբար մնացածը բխում է դրանից, մնացած «ինչու»-ներին որեւէ այլ պատասխան ես ոչ թե չունեմ, այլ չեմ տալիս` պարզապես նպատակահարմարությունից ելնելով: Ինչ վերաբերում է Ձեր հարցին, թե ինչն էր խանգարում, ապա նշեմ, որ ոչինչ չէր խանգարում, նպատակահարմարությունից ելնելով եմ այդ քայլը կատարել:
-Նշեցիք, որ մնալու եք ժողովրդի կողքին ու ժողովրդի շահերի պաշտպանը, այսինքն՝ եթե ԲՀԿ մամլո խոսնակը լինեիք, չէի՞ք կարող այդ դերակատարությունն ունենալ:
-Այդ հարցը բաղկացած է երկու առանձին մասերից, որոնք մեկը մյուսի հետ ես չեմ կապում:
-Իսկ ինչպիսի՞ կարգավիճակ եք ունենալու կուսակցությունում, հնարավո՞ր է, որ Ձեր հաջորդ քայլը լինի կուսակցությունից դուրս գալը:
-Ես բարձր եմ գնահատում Ձեր լրագրողական հնարամտությունն ու պրոֆեսիոնալիզմը, որն ինձ ակնառու է դառնում Ձեր սույն հարցադրմամբ, որով Դուք միանգամից ուզում եք ստանալ բազմաթիվ այլ հարցերի պատասխան: Հետեւաբար, նորից կրկնում եմ՝ մնացած բոլոր իմ գործողությունների՝ որտեղ լինելու, չլինելու, ինչպիսի քայլեր կատարելու կամ միգուցե չկատարելու եւ, ընդհանրապես, այդ ամենի վերաբերյալ ես այս պահի դրությամբ չեմ խոսում՝ եւս նպատակահարմարությունից ելնելով:
-Ամեն օր առնվազն մի քանի ԲՀԿ-ականներ լքում են կուսակցության շարքերը ու փորձում են «ապաստան» գտնել այլ տեղերում, որքանո՞վ եք ճիշտ համարում ԲՀԿ-ականների այդ որոշումը, արդյո՞ք բարոյական էր այս պահին նման քայլի դիմելը, եւ արդյո՞ք Դուք եւս «ապաստանի» խնդիր ունեք:
-Նախ եւ առաջ ուզում եմ բեւեռել բոլորի ուշադրությունը մեկ պարզ բանի վրա՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեության եւ, հատկապես, վերջին շրջանի ամենաթեժ, ամենածանր, ամենապատասխանատու պահին շատ պարզ երեւաց՝ ովքեր մնացին, ու ովքեր չմնացին: Ձեր խոնարհ ծառան իրականացրեց այն ամենը, ինչ կարող էր իրականացնել ազնիվ մարդը, դեռ ավելին՝ տվեց իր պարտքը կուսակցության թիմին, հիմնակատարեց իր պարտքը կուսակցության թիմին եւ նույնիսկ մի պահ զգաց իրեն միայնակ՝ հակամարտության դաշտում: Դրանից հետո, երբ փոխվեց իրավիճակը, առավել եւս հիմա բոլոր նրանք, ովքեր լքում են կուսակցությունը, ունեն դրա բարոյական իրավունքը, ես որեւէ մեկին մեղադրելու իրավունք ինձ չեմ վերապահի ու ինձ թույլ չեմ տա դա անել, ինչպես նաեւ խորհուրդ եմ տալիս, որ բոլոր նրանք, ովքեր կփորձեն որեւէ մեկին մեղադրել, եւս գիտակցեն այդ իրավունքի բացակայության մասին, որովհետեւ մարդիկ մինչեւ վերջ, իսկ ոմանք էլ՝ վերջից էլ դեռ զանց, մնացին իրենց սկզբունքի ու համոզմունքի համար կանգուն:
-Պարո՛ն Ուրիխանյան, այն սպասելիքները, որոնք ունեիք ԲՀԿ-ի արտահերթ համագումարից, իրականացան, արդյո՞ք Ձեզ բավարարեց Գագիկ Ծառուկյանի ելույթն ու քաղաքականությունից դուրս գալու որոշման` ներկայացված հիմնավորումը:
-Չեմ ակնկալել որեւէ հարիր պատասխան, որպեսզի ստանայի կամ չստանայի, իրավիճակն ինձ համար պարզ է:
-ԲՀԿ նախագահ ընտրվեց Նաիրա Զոհրաբյանը, ըստ Ձեզ՝ արդյո՞ք Ն. Զոհրաբյանը կարող է լինել Գագիկ Ծառուկյանին արժանի փոխարինող:
-Ես ընդամենը կարող եմ ասել հետեւյալը՝ տիկին Զոհրաբյանը հարգանքի արժանի անձնավորություն է, ես իր մասին մտածելիս հոգումս եւ գիտակցությանս մեջ կարող եմ կամենալ միայն լավն ու բարին եւ վստահ եմ, որ նրա արժանիքները հավուր պատշաճի կգնահատվեն նաեւ մեր մնացած գործընկերների, քաղաքական պարտյորների եւ հանրության կողմից:
Հ. Գ. Հայտնի դարձավ, որ ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականությունները ժամանակավորապես վստահվել են ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանին:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ