Մարտի 5-ին «Քաղաքաշինության ռազմավարությունը պատմական քաղաքներում» ծրագրի շրջանակներում Գյումրի էին այցելել ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը եւ «Համաշխարհային ժառանգության քաղաքների կազմակերպության» ներկայացուցիչ Մաթիաս Ռիփփը: Վերջիններս հանդիպեցին քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ քննարկելու Գյումրու տնտեսական, սոցիալական, քաղաքական եւ իրենց առավել հետաքրքրող՝ մշակութային խնդիրները: Նշենք, որ Գյումրին 238 քաղաքների հետ ընդգրկված է «Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքներ» միջազգային ոչ պետական կազմակերպության մեջ, որն ստեղծվել է 1993թ. սեպտեմբերի 8-ին եւ ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:
Փոխնախարարը ՀՀ մշակույթի նախարարության անունից պատրաստակամություն հայտնեց՝ աջակցելու Գյումրի քաղաքին, որպեսզի վերականգնվեն հանրապետության երկրորդ քաղաքի պատմամշակութային մի շարք արժեքներ: Քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ նշեց.«Գյումրին մշակութային հարուստ ժառանգություն ունեցող քաղաք է, շենքեր կան, որոնք դարերի պատմություն ունեն: Ես անհրաժեշտություն եմ տեսնում Գյումրիում զարգացնելու տուրիզմը, որպեսզի զբոսաշրջիկին գոնե մեկ կամ երկու գիշեր կարողանանք մեզ մոտ պահել»: Մաթիաս Ռիփփը, ընդգծելով, որ լիովին համաձայն է քաղաքապետի հետ, նշեց, որ իրենց ծրագրի շրջանակներում առաջիկայում հնարավոր է իրականացնել գոնե փոքր նախագծեր, որոնք քաղաքում կխթանեն տուրիզմի զարգացումը:
Նշենք, որ հանդիպման ընթացքում քննարկվեց Գյումրու պատմամշակութային հուշարձան համարվող շինությունների վերականգման նախագծերի փաթեթների մշակման հարցը: Ներկաների կարծիքով դա հատկապես կարեւոր է նրանով, որ նախագծերի առկայության դեպքում գուցե կգտնվեն անհատ ձեռներեցներ, ովքեր ցանկություն կհայտնեն վերականգնել քաղաքի մշակութային արժեքները:
Արեւիկ Հակոբյան
Գյումրի