ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ
«Սիրելի կանայք,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի առթիվ:
Պաշտոնական տոնացույցում ընդգրկված լինելով հանդերձ՝ այն իր էությամբ նախեւառաջ անձնական ու համամարդկային տոն է, որին նվիրված շնորհավորանքները հղվում են հարազատի անկեղծությամբ ու մերձավորի ջերմությամբ:
Այս օրը ոչ թե գնահատվում է կնոջ դերը, այլ ավելի ընդգծվում այն, իսկ գնահատականը պիտի լինի ամեն օր, ընտանիքում թե աշխատավայրում, տանը թե փողոցում, սովորական առօրյայում թե տոնական հանդիսության ժամանակ՝ գնահատական մայրությանն ու գեղեցկությանը, գորովանքին ու հմայքին, նվիրվածությանն ու աշխատասիրությանը:
Մեր ազգային ավանդույթներում կնոջ նկատմամբ վերաբերմունքը խոր արմատներ ունի՝ սիրո եւ հարգանքի, մեծարանքի եւ պատկառանքի արտահայտությամբ: Սա նշանակում է բարոյական արժեքների վրա հիմնված ընտանեկան ջերմ միջավայր եւ հասարակական իրավահավասար հարաբերություններ, հոգատարություն ազգի, երկրի եւ նրանց ժողովրդագրական ապագայի հանդեպ, կանանց ակտիվ ներգրավվածություն պետական եւ հասարակական մարմիններում:
Կրկին շնորհավորում եմ Հայաստանի բոլոր կանանց` մեր մայրերին ու տատիկներին, դուստրերին ու քույրերին` այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթելով երջանկություն ու սեր, ընտանեկան ջերմություն եւ բարեկեցություն»,- ասված է ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում: