«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009» մրցույթների հաղթող, գեղեցկուհի Գոհար Հարությունյանը թեեւ այսօր արդեն շատ չի երեւում ոլորտում եւ զբաղված է երեք երեխաների խնամքով, շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդը» գալիք միամսյակին ընդառաջ՝ գեղեցկուհու հետ զրուցել է կանացի որոշ հարցերի շուրջ, պարզել նրա հմայքի գաղտնիքը: Գոհար Հարությունյանն անդրադարձել է ներկայումս Հայաստանում անցկացվող գեղեցկության մրցույթներին՝ նկատելով, որ գեղեցկուհիները դրանց մասնակցելու համար արդեն ոչ մի ստիմուլ չունեն:
-Գոհա՛ր, ավելի քան տասը տարի է անցել Ձեր «աստեղային ժամերից», սակայն հայ հանրությունը Ձեզ չի մոռացել: Սոֆի Լորենն ասում է` միայն հմայիչ կանայք են, որ միշտ հիշվում են: Գուցե գաղտնիքը հենց այդ հմայքի մե՞ջ է:
-Այդ հարցի պատասխանն ինքս էլ չունեմ, բայց այն կարծիքին եմ, որ հմայքն էլ ժամանակի ընթացքում կարող է կորչել, եւ միայն քո հանդեպ սերն է, որ չի կարող անցնել: Ինձ թվում է` հանրությունն ընկալել է իմ մարդ տեսակը: Առհասարակ, շատ դժվար է գեղեցկուհու պիտակով ապրելը: Մեր բնագավառն ամենաքարկոծվողն ու խոցելին է, եւ այս պարագայում հասարակության համակրանքին արժանանալը հեշտ չէ:
-Ասում են` կնոջն ամեն բան ներվում է, բացի` գեղեցկությունից:
-Մարդիկ գեղեցիկ կնոջը սիրելու հակված չեն՝ շատ անգամ դրա համար առանց բացատրություն ունենալու: Ասում են նաեւ` մեղավոր է այն կինը, որը գեղեցիկ է: Բայց ես միեւնույն ժամանակ մի բան եմ հիշում, որը հակառակի մասին է խոսում: Երբ ԱՊՀ-ում հաղթանակ տանելուց հետո վերադարձա հայրենիք, կանայք ինձ ավելի շատ էին ողջունում, քան տղամարդիկ: Մեր կանայք ինձնով հպարտացել են, եւ դա ինձ շատ է ուրախացնում. ի վերջո, ես դրսում ներկայացրել եմ հավաքական հայ կնոջ կերպարը:
-Հետաքրքիր է` ըստ Ձեզ՝ այսօր հայ գեղեցկուհիները մեր երկրի կողմից միջազգային մրցույթներին մասնակցելու համար ստիմուլ ունե՞ն:
-Շատ լավ հարց էր: Նախ ես գիտեմ, որ «Միսս Հայաստան» մրցույթ արդեն իսկ չի կազմակերպվում: Վերջին շրջանում մի երկու սիմվոլիկ մրցույթ արեցին, որից հետո անվանարկեցին այն իսպառ: Իսկ, առհասարակ, ես միշտ զամացել եմ, թե ինչու էին մեր հայ աղջիկները մասնակցում այս մրցույթին, եթե վերջին շրջանում մեկ փունջ ծաղկեփնջից զատ ոչինչ չէին ստանում: Ձեր ասած ստիմուլը չկա: Իսկ, օրինակ, իմ ժամանակ՝ այդ ծանր տարիներին, հնարավոր էր լինում հովանավորներ ճարել, գեղեցկուհիներին արտերկիր ուղարկել, ապահովել նվերներով: 1998 թվականին ես 8 հազար դոլար մրցանակային ֆոնդ եմ ունեցել: Իսկ հիմա այդ գեղեցկուհիներին էժանագին թագեր են տալիս եւ վերջ:
-Գուցե պետք է կայուն ազգային մրցո՞ւյթ ունենալ:
-Այո՛, որպեսզի դա թույլ տա մասնակիցներին ընդգրկվել ավելի հայտնի, բարձր վարկանիշ ունեցող մրցույթներում: Եթե այդ ազգային մրցույթն ունենանք, վստահ եմ, որ հովանավորներ էլ կգտնվեն:
-Գոհա՛ր, ըստ Ձեզ՝ այսօր հայ կինը բավականաչափ վճարունա՞կ է, որպեսզի ապահովի իր խնամված տեսքը, հետեւի նորաձեւության միտումներին:
-Չեմ կարող ստել եւ ասել` այո, բայց ես մի միտում եմ նկատել, որի մասին անպայման կուզենամ նշել: Հայ կինը, ի տարբերություն արտասահմանցի կանանց, իր տեսքին առաջնային նշանակություն է տալիս: Նա իր վաստակածի համեմատ, այսպես ասած, չեղած տեղից մեծ գումար է ծախսում, օրինակ` հագուստի վրա:
-Կա՞ մեկը, ով Ձեզ համար կանացիության խորհրդանիշ է:
-Շատ են: Ես, առհասարակ, ձգտում եմ կնոջ մեջ առաջին հերթին նկատել նրա առավելությունները, տեսնել գեղեցիկը: Իսկ կանացիության սիմվոլ ինձ համար մայրս է, ով վաթսունն անց հասակում հրաշալի հոգեվիճակ եւ արտաքին ունի:
-Կոկո Շանելն ասել է` գեղեցկության խնամքը պետք է սկսել սրտից եւ հոգուց, այլապես ոչ մի կոսմետիկ միջոց չի օգնի, համաձա՞յն եք:
-Այո՛: Բայց կինը մինչեւ այդ ներդաշնակության հասնելը ստիպված է մի քանի փուլեր հաղթահարել` ինքնահաստատման, ինքնաարտահայտման: Եվ եթե նրա հոգեկան աշխարհը հանգիստ է, եթե նա վայելում է սեր, միշտ էլ գեղեցկություն կհորդի` վարակելով շրջապատին:
Աննա Բաբաջանյան