ՎԱՂԸ ԿՈՐՈՇՎԻ ԲՀԿ-Ի ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը կայանալիք ԲՀԿ դռնփակ համագումարում փաստացի լուծվելու է ոչ թե այդ կուսակցության նոր նախագահի կամ հետագա քաղաքական գծի, այլ ուղղակի լինել-չլինելու հարցը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ԲՀԿ ակտիվի ներսում ընթացող խմորումների հանրագումարն այն է, որ կուսակցությունը կկարողանա իր մինիմալ գոյությունը պահպանել միայն մեկ դեպքում՝ եթե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վստահեցնի, որ կապ չունի` ինքը պաշտոնապես կլինի ԲՀԿ նախագահը, թե ոչ, ամեն դեպքում շարունակելու է ղեկավարել կուսակցությունը: Եթե նման հայտարարություն հնչի, ապա ԲՀԿ-ականների մի մասը միգուցե կհամաձայնի նոր նախագահի պայմաններում մնալ կուսակցությունում: Այդ դեպքում նոր նախագահը փաստացի կդառնա Գագիկ Ծառուկյանի կամքը հաղորդողը: Իսկ եթե Ծառուկյանը հայտարարի իսպառ քաղաքականությունից դուրս գալու մասին, ապա կարճ ժամանակում ԲՀԿ-ն կկազմալուծվի: Բանն այն է, որ չնայած արդեն որոշվել է, որ ԲՀԿ-ի նոր նախագահը պետք է Նաիրա Զոհրաբյանը լինի, բայց կուսակցության ակտիվի շրջանում խմորումները ոչ միայն չեն դադարում, այլեւ ավելի են խորանում: Այդ ամենի արդյունքում ակնհայտ է մեկ բան` ԲՀԿ-ն կառուցվել է մեկ անձի` Գագիկ Ծառուկյանի շուրջ, եւ եթե նա դուրս գա, ապա այդ կառույցը փլվելու է: Մյուս կողմից հայտնի է, որ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին խոստացել է քաղաքականությունից ամբողջությամբ դուրս գալ, ուստի թեկուզ ստվերային կարգով ԲՀԿ ղեկին մնալը կնշանակի պայմանավորվածության խախտում՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներով:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մոտ երկու շաբաթից Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստի հաստատմանը կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծը: «Ժողովուրդ»-ը տեղեկացրել է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը պատրաստող հանձնաժողովի անդամներն առանձին-առանձին աշխատում են տեքստի վրա: Ավելին՝ պարզվում է հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրին առանձին հանձնարարականներ են տրվել, եւ յուրաքանչյուրն իր առջեւ դրված խնդրի լուծման վրա է աշխատում, սակայն տեղյակ չէ, թե մյուսներն ինչ են անում: Այս մոտեցման նպատակն այն է, որ մինչեւ նախագծի վերջնական տեքստի պատրաստ լինելը փաստացի ոչ ոք ամբողջական տեղեկություն չունենա, թե ինչպիսի սահմանադրական փոփոխություններ են նախապատրաստվում: Ենթադրվում է, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը եւ փոփոխությունների նախագիծը միաժամանակ կհաստատվեն եւ կհրապարակվեն:

 

 

 

 
ԱԺ երեկվա արտահերթ նիստում պատգամավորները սկսեցին քննարկել «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Հիմնական հարցերից մեկը, թե երբվանից է կիրառվելու այդ փոփոխությունը, ըստ որի՝ առեւտրով զբաղվող տնտեսվարողների շրջանառության հարկը դառնում է 5 տոկոս, դեռեւս մնում է անպատասխան: Բանն այն է, որ մինչ այս փոփոխության ուժի մեջ մտնելը, շրջանառության հարկի տիրույթում գտնվող տնտեսվարողները, կարելի է ասել, իրավական անորոշության մեջ են գտնվում: Բայց եթե այս փոփոխությունը տարածվի նրանց, ասենք, այս տարվա առաջին եռամսյակի գործունեության վրա, ապա օրենքը կդառնա հակասահմանադրական, քանի որ այն չի կարող հետադարձ ուժ ունենալ: Իսկ եթե այն սկսի գործել, ասենք, այս տարվա ապրիլի 1-ից, ապա մինչ այդ ծավալած գործունեության համար տնտեսվարողներն ի՞նչ կարգով պետք է հարկեր վճարեն: Մի խոսքով, Կառավարությունը, ինչպես միշտ, քայլն արել է, իսկ հետեւանքների մասին կմտածեն հետո:

 

 

 

 

ՀՀ ֆինանսների նախարարությունը պատրաստվում է չինական «Նուքթեք Քամփնի» ընկերությունից գնել մաքսային զննման սարքավորումներ, մասնավորապես՝ շարժական ռենտգեն: Սարքավորումները նախատեսված են լինելու Հայաստանի հյուսիսային մաքսակետերի համար, որոնք առաջիկայում պետք է վերանորոգվեն: Գործարքի ընդհանուր արժեքը կազմելու է 25 միլիոն 274 հազար 789 դոլար: Համապատասխան որոշման նախագիծն արդեն իսկ ընդգրկվել է ՀՀ Կառավարության մարտի 5-ին կայանալիք նիստի օրակարգում: Հարկ է նկատել, որ վերջին շրջանում ՀՀ Կառավարության տարբեր օղակներ հաճախակի են գործարքներ կնքում չինական ընկերությունների հետ: Առաջին հայացքից կարող է թվալ, թե պատճառը չինական ապրանքի էժան լինելն է, սակայն իրականում այդպես չէ, որակով ապրանքը, թեկուզ չինական, թանկ արժի: Պարզապես չինական ընկերությունների հետ հեշտ է «լեզու գտնել» «ատկատների» հարցում, ինչը շատ դժվար է, իսկ երբեմն՝ նաեւ անհնար ճապոնական, հարավ-կորեական կամ եվրոպական ընկերությունների դեպքում:

 

 

 

 
ՀՈՎԱՆՈՑԱԶՈՒՐԿ

Տարվերջից սկսված սահմանային լարվածությունը, որը տարօրինակ զուգադիպությամբ մի քանի օրով նվազեց, երբ մեծացավ լարվածությունը Հայաստանի ներքաղաքական դաշտում, վերջին օրերին կրկին աճել է: Եվ քանի որ նույն՝ տարօրինակ զուգադիպությամբ երկրում ներքաղաքական լարվածությունը, կարելի է ասել, իսպառ վերացել է, ՀՀ քաղաքական գործիչները վերջապես ժամանակ եւ եռանդ են գտնում՝ անդրադառնալու նաեւ սահմանում ընթացող դանդաղ պատերազմին:
Վերջին երեք օրերին հայկական կողմի տված երեք զոհերը դարձյալ հրատապ են դարձրել այն հարցը, թե, ի վերջո, երբ պետք է արձագանքի Հայաստանի անվտանգության երաշխավորը` ի դեմս ՀԱՊԿ-ի: Այս հարցը հատկապես կարեւորվում է նաեւ այն հանգամանքով, որ ադրբեջանական կողմը հետզհետե ավելացնում է սահմանային լարվածությունը թե՛ որակական, թե՛ աշխարհագրական առումով: Ասել է թե` հստակ տեսանելի է, որ Ադրբեջանը զարգացումներն անշեղորեն տանում է էսկալացիայի, եւ այսպես երկար շարունակվելու դեպքում, ի վերջո, առնվազն լոկալ պատերազմը կարող է դառնալ անխուսափելի:
Արդ` ինչին է սպասում ՀՀ իշխանությունը եւ ինչու մինչ օրս չի դիմում ՀԱՊԿ-ին` առնվազն համապատասխան զսպիչ հայտարարություն անելու պահանջով: Այս հարցի հետ կապված նախկինում ՀՀ իշխանությունները մշտապես տալիս էին անորոշ, այսպես ասած, «ցրողական» պատասխան, մինչդեռ նախօրեին արդեն ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է, թե հարցը քննարկման փուլում է. «Ինձ թվում է, որ շարունակականության դեպքում ՀԱՊԿ-ը կարձագանքի դրան, եւ, իրոք, դրա անհրաժեշտությունը կա, որովհետեւ արդեն բոլոր սահմաններն անցնում են»: ՀՀ Պն նախարար Սեյրան Օհանյանի` «Ռեգնումին» տված հարցազրույցից հետո Բաղդասարյանի այս հայտարարությունը բավականին ուշագրավ է: Փաստորեն Օհանյանը «ռուս գործընկերներին» կոչ էր անում հաշվի առնել նաեւ իր դաշնակից Հայաստանի շահերը եւ «զսպել» Ադրբեջանի զինվելու մոլուցքը, իսկ Բաղդասարյանն էլ հայտնում է, որ այսպես շարունակվելու դեպքում Հայաստանը կարող է դիմել ՀԱՊԿ-ին` իր ստանձնած պայմանագրային պարտավորությունները կատարելու պահանջով:
Սա նշանակում է, որ իրավիճակն արդեն իսկ հասունացել է այնքան, որ ՀՀ իշխանություններն այլեւս չեն կարող շարունակել հանուն «դրսից ուրիշի աչքը հանելու, ներսից` հանել սեփականը», եւ ստիպված են լինելու առաջիկայում կա՛մ ստիպել ՀԱՊԿ-ին կատարել իր պայմանագրային պարտավորությունները, կա՛մ էլ ՀԱՊԿ-ի ոչ կենսունակության փաստը տեսանելի դարձնել բոլորի համար: Ի վերջո, քանի դեռ չենք դիմել ՀԱՊԿ-ին, չենք կարող ասել` գործուն կառույց է այն, թե ոչ: Դա փաստացի պարզ կդառնա միայն դիմելուց հետո: Սակայն այդ դեպքում էլ արդեն Հայաստանը կզրկվի անվտանգության իր միակ, թեկուզեւ` ոչ գործուն, հովանոցից:




Լրահոս