«ՈՎ ՋԻԳՅԱՐՈՎ Է ՀԱՅՀՈՅԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ, ԱՍԵԼ ԵՆ՝ ԱՐԴԱՐ ՄԱՐԴ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածել` տեղեկացնելով, որ ինքը «Քաղաքացիական պայմանագրով» հետաքրքրված քաղաքացիների հետ հանդիպումների շարք է սկսում: Ն. Փաշինյանը նշել էր. ««Քաղաքացիական պայմանագրի» առաջ քաշած ինստիտուցիոնալ ընդդիմության օրակարգը լայն արձագանք է գտել հանրության շրջանում եւ, բնականաբար, առաջ բերել բազմաթիվ հարցեր: Ինչպե՞ս է պատրաստվում իշխանափոխություն անել ինստիտուցիոնալ ընդդիմությունը եւ ինչ ժամկետներում: Ինչո՞վ է այն տարբերվում «ոչ ինստիտուցիոնալ», «կառուցողական», «պետականամետ», «ծախված», «աշուն-գարուն» ընդդիմություններից: Ընդդիմադիր ի՞նչ ուժերի հետ է պատրաստվում համագործակցել եւ ինչո՞ւ, ում հետ չի պատրաստվում համագործակցել եւ ինչո՞ւ»-այս հարցերի պատասխանները պատգամավորը խոստացել էր տալ կազմակերպվելիք հանդիպումների ընթացքում:

Երեկ «ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչներն ինչպես են վերաբերում Ն. Փաշինյանի այդ նախաձեռնությանը:

ԱԺ փոխխոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
-Պարո՛ն Շարմազանով, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագրի» առաջ քաշած ինստիտուցիոնալ ընդդիմության ստեղծման նպատակով իրենց նախաձեռնությունը հանդիպումների շարք է սկսելու: Ինչպե՞ս է այդ հարցին վերաբերում իշխանությունը:
-Անկախ նրանից, թե «Քաղաքացիական պայմանագիրն» ինչ է հայտարարել, մենք ունեցել ենք եւ ունենք հստակ կարծիք, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը պետք է լինեն ինստիտուցիոնալ, պետք է լինեն գաղափարական: «Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդը, երբ դրա մասին խոսում էր, մենք՝ մասնավորապես ես, այդ առաջարկությունն արել եմ տարիներ շարունակ: Մենք միշտ ասել ենք, որ պետք է լինի այլընտրանքային ծրագիր, պետք է լինի այլընտրանքային կառավարություն, պետք է լինի ցանկացած ծրագրի այլընտրանք, այլ ոչ թե մենք գնանք այն ճանապարհով, թե իշխանությունը վատն է, եկեք, իշխանությանը ճանապարհենք: Այսինքն՝ այն, ինչ իրենք այժմ ասում են, մենք դրա մասին ասել ենք տարիներ շարունակ, որովհետեւ սա բոլորիս շահերից է բխում: Քաղաքական համակարգն ունի երկու ոտք՝ դա իշխանությունն է եւ ընդդիմությունն է, եթե մի ոտքդ ցավում է կամ կաղ է, մյուս ոտքդ ինչքան ուզում է՝ առողջ լինի, մարմինը չի կարող ամբողջությամբ առաջ տանել: Պայքարը պետք է լինի հստակ քաղաքական, ու ինչքան ինստիտուցիոնալ լինի ընդդիմությունը, այնքան աննպատակ ցնցումները քիչ կլինեն:
-Իսկ ըստ Ձեզ՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ն այն ո՞ւժն է, որին կհաջողվի այդ հարցում բեկում մտցնել:
-Չեմ կարող ասել՝ «Քաղաքացիական պայմանագրին» կհաջողվի, թե մյուս քաղաքական ուժերը կմիանան կամ չեն միանա, բայց հստակ է, որ մեր երկրում անհրաժեշտություն կա, որպեսզի գոյություն ունենա գաղափարական ընդդիմություն: Մեզ մոտ ընդդիմություն է նա, ով լավ հայհոյում կամ քննադատում է իշխանություններին, այսինքն՝ պետք է այդ ամենում տրամաբանություն լինի: Մինչեւ հիմա ինչպես է եղել՝ ով ավելի ջիգյարով է հայհոյել իշխանությանը, ասել են՝ նա արդար մարդ է, ով մի քիչ ոչ ջիգյարով է հայհոյել, ասել են՝ դե՛, սա խաղերի մեջ է:

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ
-Տիկի՛ն Սարգսյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագրի» առաջ քաշած ինստիտուցիոնալ ընդդիմության ստեղծման նպատակով իրենց նախաձեռնությունը հանդիպումների շարք է սկսելու, ինչպե՞ս է այս հանդիպումներին վերաբերում ՀԱԿ-ը, Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ հարցի հետ կապված:
-Նախ սկսենք հետեւյալից՝ «Քաղաքացիական պայմանագիրը» դա ի՞նչ կառույց է, դա կուսակցությո՞ւն է, դա ինչ-որ միավորո՞ւմ է, ինձ համար անհասկանալի է, դա որպես միավոր իրենից ի՞նչ է ներկայացնում: Իսկ երկրորդն էլ՝ ես այսօր քաղաքական դաշտում չեմ տեսնում 3 ընդդիմադիր ուժ, որոնք պատրաստ են համագործակցության: Ու նորից ու նորից խնդիրը կայանում է նրանում, որ ընդդիմադիր դաշտում նույն չափով պայքար է գնում ինչքան իշխանական դաշտում, այն դեպքում, երբ ընդդիմությունը լծակներ չունի, ու գնում է ինքնաոչնչացման գործընթաց՝ մեկը մյուսին ոչնչացնելու պրոցես: Մինչեւ այս պրոցեսը չկանգնեցվի, մինչեւ յուրաքանչյուրս չհասկանանք, որ մյուսին ոչնչացնելով՝ մենք չենք կարող կայանալ, ոչ մի գործընթաց առաջ չի գնա: Չեմ բացառում, որ մեկ-երկու քաղաքական ուժեր, որոնք ընդհանուր դաշտից դուրս մղված են կամ դերակատարություն չունեն դաշտում, միգուցե եւ նման կարգի նախաձեռնություններին միանան: Բայց մեր խնդիրը փոքրիկ միավորումները չեն, եթե մենք ուզում ենք երկրում ինչ-որ բան փոխել ու բռունցք ցույց տալ, իշխանությանն էլ լուրջ հակակշիռ լինել, մենք ոչ թե պետք է մեկս մյուսին ոչնչացնենք, վարկաբեկենք, փնովենք եւ անցյալի ավանդներն ուրանանք, այլ մենք պետք է հիշենք նաեւ մեր անցած ճանապարհը, կոռեկտությունն ու չափի զգացումը անպայման պետք է դրա հիմքում լինեն: Քանի դեռ ընդդիմադիր դաշտում այդ արժեհամակարգը չի վերականգնվել կամ չի ձեւավորվել, ես համարում եմ, որ ամեն նման կարգի նախաձեռնություն դատապարտված է:
-Իսկ Դուք նաեւ հենց այդ արժեհամակարգի ձեւավորմանը նպաստելու համար նախաձեռնության հանդիպումներին մասնակցություն կունենա՞ք:
-Ես ՀԱԿ խմբակցության անդամ եմ, առանձին միավորի ղեկավար եմ, ու մեզանից յուրաքանչյուրն ազատ է իր գործողություններում, բայց ինձ համար դեռեւս նման խնդիր չկա:

 

 

 

 
ԲՀԿ-ՈՒՄ «ԳԶՎՌՏՈՑՆ» ՕՐ ՕՐԻ ԹԵԺԱՆՈՒՄ Է

Երեկ խորհրդարանում էին ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամները, որոնք միաբերան հայտարարում էին, թե որեւէ հարցի չեն կարող պատասխանել, մինչեւ չկայանա մարտի 5-ին հրավիրված ԲՀԿ արտահերթ համագումարը: ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամները խորհրդարան ներկայացան մի քանի րոպեով, մասնակցեցին քվեարկությանն ու «գլուխները կախ»` արագ հեռացան:

«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ գրեթե ամեն օր ԲՀԿ-ականները հավաքվում են, զրուցում, միմյանցից խորհուրդ են հարցնում` փորձելով կողմնորոշվել, թե, ի վերջո, ինչպես վարվեն՝ մնա՞ն կուսակցության շարքերում, թե՞ ԲՀԿ-ից դուրս գալու դիմում ներկայացնեն: Նախօրեին տեղի ունեցած ԱԺ ԲՀԿ խմբակցության նիստը եւս շատ «թեժ» է անցել, քանի որ ԲՀԿ-ականները փորձել են պարզել, թե, ի վերջո, կուսակցության շարքերում ովքե՞ր են մնում, ու ի՞նչ քաղաքականություն է այսուհետ որդեգրելու «Բարգավաճ Հայաստանը»:
Մեր տեղեկությունների համաձայն՝ այդ հարցերը բարձրացնողների թվին է պատկանում ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, որը եւս մտադրություն ունի հրաժարվելու ԲՀԿ խոսնակի պաշտոնից, ինչպես նաեւ՝ «խզել» կուսակցության հետ իր հարաբերությունները: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այն մարդիկ, ովքեր մինչեւ այսօր կուսակցությունից դուրս գալու դիմում չեն ներկայացրել, սպասում են համագումարին՝ պարզելու համար, թե ինչ կհայտարարի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Չնայած նրա հետ ԲՀԿ-ականների նախորդ հանդիպումներն այնքան էլ հուսադրող չեն եղել, Գ. Ծառուկյանը հորդորել է վարվել այնպես, ինչպես իրենք են կամենում:
«Ժողովուրդ»-ը պարզեց նաեւ, որ օր օրի ԲՀԿ-ում դժգոհությունները մեծանում են նաեւ այն պատճառով, որ կուսակցության առաջնորդի դերում կարծես թե հաստատվում է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը: ԲՀԿ հատկապես ոչ քաղաքական հատվածը չի համակերպվում, որ կինը կարող է առաջնորդել իրենց, ու նույնիսկ խմբակցության նիստի ժամանակ նշվել է, որ շատերը կմնան ԲՀԿ-ում, եթե այսուհետ կուսակցությունն առաջնորդ չունենա, իսկ որոշումները կայացվեն կոլեգիալ՝ միասնական որոշմամբ: Սակայն որեւէ հարցի պատասխան այդպես էլ չի տրվել: ԲՀԿ-ականները որոշել են սպասել կուսակցության արտահերթ համագումարին, որից հետո իրենց քայլերը կհստակեցնեն:
Տեղեկացնենք նաեւ, որ երեկ՝ ԱԺ նիստի մեկնարկից առաջ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը (Շշի Մելո) հետ է վերցրել մանդատից հրաժարվելու մասին դիմումը: Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ՀՀԿ-Ն ԸՆԴԴԵՄ ՀՀԿ-Ի
Մարտի 15-ին ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրված թեկնածուները երեկվա դրությամբ մնացին երկուսը` գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Ռուբեն Խլղաթյանը եւ Արմավիրի փոխմարզպետ ՀՀԿ-ական Նվեր Պետրոսյանը: Առաջադրված թեկնածուներից երեկ ինքնաբացարկ է ներկայացրել Մելիք Բաղդասարյանը, որը գործող քաղաքապետի քրոջ որդին է, ինչպես նաեւ՝ տեղակալը: Ինքնաբացարկ ներկայացրած մյուս թեկնածուն ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին՝ Արտակ Գեւորգյանն է, որը հանրությանը առավել հայտնի է իր քրեական պատմություններով: Այսպիսով՝ կարելի է ասել, որ Արմավիրում իրավիճակը հստակեցվեց` ՀՀԿ փոխմարզպետը պայքարում է ՀՀԿ գործող քաղաքապետի դեմ: Այս համայնքի բնակիչներին, թերեւս, կարելի է կարեկցել:

 

 

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԸ ԿՆՈՐՈԳԵՆ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ մինչեւ ապրիլի 24-ը ՀՀ նախագահական նստավայրը վերանորոգելու որոշում է կայացվել: ՀՀ նախագահի աշխատակազմն արդեն իսկ հայտարարություն է հրապարակել նախագահի աշխատակազմի վարչական համալիրում վերանորոգման աշխատանքներ կատարող ընկերության ընտրության համար: Ըստ այդ հայտարարության՝ նախատեսվում է վերանորոգել նախագահի նստավայրի աստիճանավանդակի եւ միջանցքի պատերի եւ առաստաղների վնասված հատվածները` ընդհանուր 761 քառակուսի մետր մակերեսով: Վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ այս տարվա ապրիլի 14-ը:

 

 

ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվարին մեր հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 8 հազար 991 գործարք: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում իրականացվել էր 10 հազար 73 գործարք: Տեղեկացնենք, որ այս տարվա հունվարին անշարժ գույքի նկատմամբ իրականցված ընդհանուր գործարքների 31.8 տոկոսը կատարվել է մայրաքաղաք Երեւանում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել էր 31 տոկոս: ՀՀ Վայոց Ձորում նախորդ տարվա հունվարին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքները կազմել են ընդհանուրի 2.2 տոկոսը, իսկ այս տարի այն նվազել է մինչեւ 1.6 տոկոս: Նույն պատկերն է նաեւ Կոտայքի, Լոռու եւ Սյունիքի մարզերում: Կոտայքի մարզում նախորդ տարվա հունվարին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքները կազմել են ընդհանուր գործարքների 14 տոկոսը, իսկ այս տարի այդ ցուցանիշը եղել է 10.8 տոկոս:




Լրահոս