ՀՈՒՍԱԼՔՎԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ Է ՊԵՏՔ ԳՏՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքական կյանքում տեղի ունեցած վերջին զարգացումներից հետո հիմնական հարցը, որը օդում կախված է, այն է` արդյոք քաղաքական դաշտի այս ամայացած վիճակը երկար կշարունակվի: Բոլորը փորձում են կանխատեսել, թե ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները: Սակայն մեկ հարցում կարծես համընդհանուր համաձայնություն է ձեւավորվել՝ Հայաստանի քաղաքական դաշտի ոչ միայն իշխանական խաղացողներն են իրենց սպառել, այլ նաեւ ոչ իշխանական եւ իրենց ընդդիմադիր հայտարարողները: Ակնհայտ է՝ որպեսզի Հայաստանում ի վերջո իշխանափոխություն իրականացվի, պետք է կազմավորվի նոր քաղաքական ուժ, որը կարողանա նախորդների ձախողումներից դասեր քաղել:

Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մի անգամ ոչ պաշտոնական զրույցի ժամանակ մի այսպիսի միտք արտահայտեց. «Ընտրությունները դրանք թվաբանություն են, ով լավ կարողանում է հաշվել, նա էլ հաղթում է»: Առաջին հայացքից այս ձեւակերպումը կարող է անհեթեթություն թվալ, սակայն իրականում այն բնորոշում է Հայաստանում ձեւավորված ընտրական համակարգը: Վաղուց արդեն կարծրացած է այն տեսակետը, որ Հայաստանի իշխանություններն ընտրությունների կեղծման համակարգ են ստեղծել, որը կազմակերպված ձեւով ամեն անգամ արձանագրում է տվյալ պահին իշխանությունների համար հնարավոր լավագույն տարբերակը:
Այն հանգամանքը, որ ընտրություններում կեղծման կազմակերպված համակարգ է գործում, վկայում են ընտրությունների պաշտոնական արդյունքները: Առաջիկա ընտրությունները 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն են լինելու: Եթե Հայաստանի իշխանությունները, ինչպես խոստացել են, սահմանադրական փոփոխություններով անցում կատարեն խորհրդարանական կառավարման համակարգին, ապա հենց այդ ընտրություններով էլ կլուծվի իշխանության խնդիրը: Ուստի դիտարկենք հենց ԱԺ վերջին երկու ընտրությունների արդյունքները:
2007 թվականի մայիսի 12-ի ԱԺ ընտրությունների պաշտոնական արդյունքների համաձայն՝ ընտրական ցուցակներում ընդգրկված ընտրողների թիվը եղել է 2 մլն 319 հազ. 722, ընտրություններին մասնակցել էր 1 միլիոն 391 հազար 285 ընտրող: Համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցած 23 քաղաքական ուժերից հինգ տոկոսանոց արգելքը հաղթահարել էին հինգ կուսակցություն: Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ԱԺ անցած կուսակցությունները եւ նրանց պաշտոնապես ստացած քվեները.
– ՀՀԿ 458 258
– ԲՀԿ 204 483
– ՀՅԴ 177 907
– ՕԵԿ 95 324
– «ԺԱՌ» 81 048
ընտ. թիվ 2 319 722
2012 թվականի մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների պաշտոնական արդյունքների համաձայն՝ ընտրողների ցուցակային թիվը եղել 2 մլն. 522 հազ. 906, պաշտոնապես ընտրություններին մասնակցել էր 1 մլն 572 հազ. 858 ընտրող: Համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերից խորհրդարան անցան հինգ կուսակցություն եւ մեկ դաշինք (ՀԱԿ-ը): Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են խորհրդարան անցած քաղաքական ուժերը եւ նրանց պաշտոնապես ստացած քվեները.
– ՀՀԿ 664 266
– ԲՀԿ 454 671
– ՀԱԿ 106 901
– «ԺԱՌ» 86 993
– ՀՅԴ 85 544
– ՕԵԿ 83 123
ընտ.թիվ 2 522 906
Արդյոք պատահական է այն փաստը, որ 2007-ին եւ 2012-ին խորհրդարան անցած ընդդիմադիր քաղաքական ուժերի օգտին գրված ձայների հանրագումարը նույնն է եղել` 2007-ին 354 հազ. 279, իսկ 2012-ին` 362 հազ. 561: Իշխանական երկու ուժերի` ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի օգտին գրված ձայների հանրագումարը 2007-ին կազմել է 662 հազ. 741, իսկ 2012-ին` 1 մլն 118 հազ. 937: 2007-ի ընտրությունների համեմատ՝ 2012-ին ԲՀԿ-ի օգտին գրված ձայների թիվն ավելացել է 250 հազ.-ով, իսկ ՀՀԿ-ինը` 200 հազ.-ով: Ընտրողների ցուցակային թիվն ավելացել է մոտ 200 հազ.-ով, նույնքան ավելացել է նաեւ ընտրություններին մասնակցության պաշտոնական ցուցանիշը: Իսկ որպեսզի կասկած չլինի, որ մենք ընտրությունները կեղծող համակարգի հետ գործ ունենք, նշենք, որ 2003 թվականի մայիսի 25-ի ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի օգտին գրվել է 280 հազ. 363 քվե: Չնայած այդ կուսակցությունն անցած 15 տարիներին հասցրել է Հայաստանի տնտեսությունը տեղը տեղին քայքայել, այդ կուսակցության առանձին ներկայացուցիչների կարողությունը փաստացի գերազանցում է ՀՀ պետական բյուջեն, բայց միեւնույն է՝ ընտրությունից ընտրություն ՀՀԿ-ի թվերը աճել են:
Այն քաղաքական ուժը, որը կհավակնի հաջողության հասնել, պետք է իր առաջ խնդիր դնի կազմալուծել ընտրությունների կեղծման համակարգը, առնվազն կարողանա հասնել այն բանին, որ այն քվեարկության օրը չհասցնի համակարգված գործել, այդ դեպքում անակնկալներն իրենց սպասել չեն տա: Իսկ թե ինչպես պետք է կազմալուծել ընտրությունների կեղծման համակարգը, առանձին նյութի թեմա է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՍԽԱԼ ԵՆ ՀԱՇՎԵԼ
«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ Վարդենիսի տուն-ինտերնատի աշխատակիցների փետրվար ամսվա աշխատավարձերից պահումներ են եղել՝ 20-30 հազար դրամի չափով: Երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից փորձեց պարզել, թե ինչու է որոշվել կրճատել հոգեբուժարանի աշխատակիցների աշխատավարձերը:
-Այդ խնդիրները կարգավորված են, այսինքն՝ հաշվարկները, որոնք իրականացրել էր ՊՈԱԿ-ի տնօրինությունը հունվար ամսվա համար, սխալ են կատարվել ու հանձնարարական են ստացել Ձեր թերթի հրապարակումից անմիջապես հետո:
-Այսինքն՝ տուն-ինտերնատի աշխատակիցներն իրենց «չստացած» գումարները ստանալո՞ւ են:
-Ես հանձնարարել եմ, որպեսզի ՊՈԱԿ-ը լրացուցիչ, մանրամասն պարզաբանումներ տրամադրի, թե ինչ փոփոխություններ են կատարվել, կամ ինչ հաշվարկներ են կատարվել, որ այդ խնդիրներն առաջացել են, կամ ինչով է դա պայմանավորված: Այդ պարզաբանումները կլինեն:
-Իսկ ե՞րբ է նշանակվելու Վարդենիսի տուն-ինտերնատի նոր տնօրենը, քանի որ արդեն նախկին տնօրեն Արտակ Հարությունյանը կալանավորված է:
-Այժմ ժամանակավոր պաշտոնակատար կա նշանակված, մինչեւ հստակ որոշում կլինի:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում չորս անձ կալանավորվել է: Նրանց թվում է նաեւ Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի» տնօրեն Արտակ Հարությունյանը:

 

 

 

ՈՐ ԱՄՈԹԱՆՔ ՉՏԱՆ
Երեկ խորհրդարանում կրքերը «թեժացան», երբ քննարկման դրվեց «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նույնիսկ արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Երբեք չէի մտածի, որ այս հարցի քննարկումն այսքան երկար կտեւի: Դուք պատկերացնո՞ւմ եք` արտոնություններ չտրվեն, որ պետությունն է մեզ հարգելու, կամ որ ժողովուրդն է մեր ժողովրդին հարգելու: Լեւոն Տեր-Պետրոսյանի քննադատներից մեկը ես եմ եղել, բայց դա չի նշանակում, որ նա մեր պատմության մեջ դերակատարում չի ունեցել»,-հայտարարեց Սահակյանը: Հիշեցնենք, որ առաջարկվող փոփոխություններով պաշտոնաթող նախագահների կենսաթոշակի չափը կկազմի գործող նախագահի աշխատավարձի 70%-ը:

 

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Երկրապահ կամավորականների միությունը» «լծվել» է Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան արարողության հետ կապված միջոցառումների նախապատրաստման գործին: Հիշեցնենք, որ Սպարապետը մարտի 5-ին կդառնար 56 տարեկան: Մեր տեղեկություններով՝ ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանը բոլորին հորդորել է ներկա գտնվել Վ. Սարգսյանի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումներին, այդ նպատակով նաեւ ԱԺ պատգամավորներին բաժանվել են հրավիրատոմսեր: Մարտի 5-ի առավոտյան Մ. Գրիգորյանի գլխավորությամբ ԵԿՄ-ականները գնալու են Վ. Սարգսյանի ծննդավայր, որից հետո կվերադառնան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ
Երեկ Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի» իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի եւ ՆԱՏՕ-ի պատվիրակության համատեղ նիստը, որի ընթացքում երկուստեք ներկայացվել են «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի» եւ պլանավորման ու վերանայման գործընթացի փաստաթղթերի՝ 2014 թվականի գնահատման նախնական արդյունքները:

 

ՊԱՏՐԱՍՏՎԱԾ Է ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ հայտնի քաղաքագիտական վերլուծությունը, ինչի արդյունքում ձեւավորվեց ԲՀԿ-ՀԱԿ դաշինքը, մշակվել է Մոսկվայում եւ նպատակ ուներ Իվանիշվիլիի տարբերակով իշխանափոխություն անել Հայաստանում, եթե Սերժ Սարգսյանը Եվրամիության հետ ստորագրեր ասոցացման համաձայնագիրը: Կրեմլը, սակայն, ըստ Սարգսյանի՝ խաբեց Լեւոն Տեր-Պետրոսյանին ու Գագիկ Ծառուկյանին՝ մեկ անգամ եւս ցույց տալով, որ Հայաստանում աշխատում է միայն իշխանությունների հետ: Արձագանքելով Տեր-Պետրոսյանի վերջին ելույթում նշած նոր ընդդիմության «Դավա-լուից ցախավելը հեծնած» ընթացքին դեպի Բաղրամյան 26՝ Արամ Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում խոստացել է հուսախաբ չանել ՀՀ առաջին նախագահին:

 

ԵԺԿ-Ն ԸՆԴՈՒՆԵՑ
Երեկ Եվրոպական ժողովրդական կուսակցությունն (ԵԺԿ) ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձեւ, որով կոչ է արվում Թուրքիային ճանաչել եւ դատապարտել Օսմանյան Կայսրության կողմից կատարված Հայոց ցեղասպանությունը` «սթափ գնահատելով սեփական պատմությունը եւ հիշողությունը՝ հարգանքի տուրք մատուցելով մարդկության դեմ կատարված այլ զազրելի ոճրագործությունների զոհերի հիշատակին»: Նախագիծը մշակել են ԵԺԿ-ի անդամ հայաստանյան երեք կուսակցությունները՝ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ «Ժառանգություն»-ը:

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը եւ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը երեկ հանդիպել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ: ՀՅԴ ներկայացուցիչները փոխանցել են Հայաստանում ընթացող քաղաքական, սոցիալական ու տնտեսական գործընթացների առնչությամբ իրենց մոտեցումները: Մասնավորապես Ա. Վարդանյանը փոխանցել է ՀՅԴ հավատարմությունը Եվրոպական արժեքներին, ինչպես նաեւ՝ այս ուղղությամբ եվրոպական կառույցների հետ աշխատելու կուսակցության պատրաստակամությունը։

 

ԱՌԱՋՆՈՐԴ ՉՈՒՆԵՆՔ
Նախկին ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը, որը երեկ լքեց կուսակցությունը, հիասթափված է քաղաքական զարգացումներից. «Ճիշտն ասած, ավելին էինք սպասում»,- Ա1+-ին ասել է Գասպարյանը` նշելով, որ արյունահեղության մասին կուսակցությունը պատկերացում չուներ, երբ համազգային շարժում էր ծավալում. «Չէինք պատկերացնում, որ ամեն ինչի կգնար իշխանությունը՝ եղածը պահելու համար»։ Նա նաեւ ասել է, թե ինքը չգիտի՝ իշխանությունն ինչ է ասել Ծառուկյանին, որ վերջինս նահանջել է պայքարից: «Ե՛ւ Ծառուկյանը, ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստ չեն պայքարի, էսօր ազգը չունի առաջնորդ»,-ասել է Գասպարյանը:




Լրահոս