ԱՅՍՏԵՂ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԱՊԱԳԱ ՉՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երգչուհի ԱՐՓԻՆԵ ԲԵԿՋԱՆՅԱՆՆ իր ընտանիքի հետ 3 ամիս բնակվեց ԱՄՆ-ում, հետո վերադարձավ: Իսկ թե որոնք էին մեկնելու ու հետ վերադառնալու պատճառները,  երգչուհին մանրամասնեց “Ժողովուրդ” օրաթերթի հետ զրույցում:
-Գնացել էինք բնակվելու նպատակով, բայց շատ մեծ դժվարությամբ մնացինք, օրերն էինք հաշվում, երբ պետք է վերադառնանք: 
-Ո՞րն էր գնալու նպատակը:
-Էնտեղ բնակության համար որոշակի փաստաթղթերի հարցերը լուծելը: Մինչ հիմնական այնտեղ մնալը կգնանք-կգանք: 
-Հայաստանից արտագաղթելու ցանկությո՞ւն ունեք:
-Դա մեր ցանկությունը չէ, հիմնականում դա արվում է երեխաների ապագայի համար, որովհետեւ այս երկրում երեխաները ապագա չունեն: 
-Իսկ ինչո՞ւ հենց Ամերիկա:
-“Green card” ենք շահել, որոշեցինք ձեռքներիցս բաց չթողնել այդ հնարավորությունը, բայց էլի եմ ասում՝ մեր երեխաների ապագայի համար ենք անում: 
-Ամեն տարի հա՞յտ եք լրացրել, որ շահեք:
-Չէ՛, մի անգամ եմ լրացրել, ու հենց ես շահել եմ: Ըստ կարգի` պետք է էնտեղ ապրես, որ կարողանաս լուծել բնակության ու աշխատանքի թույլտվության հարցը:
-3 ամիս այնտեղ եք եղել, գոնե մոտավորապես հասկացա՞ք` ինչով կարող եք զբաղվել: 
-Դե կրկին պետք է մեր աշխատանքով զբաղվենք՝ չնայած, որ այնտեղ ահավոր դժվար կլինի մեր ոճի կատարողների համար, քանի որ հիմնականում ռաբիսն է գերիշխում: Երբ մյուս անգամ գնանք, արդեն մի քանի ռուսական ակումբներում աշխատանք կնայենք, որտեղ ավելի ցիվիլ երաժշտություն է հնչում, քան որոշ քաղաքների մեր հայկական ռեստորաններում: 
-Ո՞ր քաղաքում եք եղել:
-Այս անգամ Գլենդել էինք գնացել, բայց հնարավոր է՝ մյուս անգամ Սան-Ֆրանցիսկո գնանք, որտեղ ռուսներն ավելի շատ են:
-Ասում են՝ երբ սկզբնական շրջանում ԱՄՆ ես գնում, գոնե մեկն օգնող պետք է լինի, որ թեկուզ տան վարձ չտաս, մինչեւ աշխատանքի հարցը լուծես: Դուք ունեի՞ք աջակիցներ:
-Ունեինք, Արմանի ընկերներն էին, մեզ բավականաչափ օգնեցին: Մենք մնացինք Սահինյան Ռաֆիկի տանը, որը Երեւանում առաջին ակումբն ուներ: 
-Ի՞նչ եք կարծում, ո՞րն է մարդկանց գնալու հիմնական պատճառը:
-Որ կարողանան ապրել: Հիմնականում գնում են գումար վաստակելու համար:
Մենք` այդքան հիասթափված երկրից, բայց էլի չդիմացանք կարոտին, ժամանակից շուտ էլ եկանք: Երկիրը երկիր չէ, ամբողջը երկրից է գալիս, սխալ մոտեցումներից: Եկել ենք հետ, ապշահար եմ մնացել: Մի քանի ամսվա մեջ գներն այնքան են բարձրացել, որ խանութ եմ մտնում, զարմանում եմ, աչքերս թռան ճակատիս: Ամեն ինչ թանկանում է, աշխատավարձը՝ մնում նույնը: Չնայած միշտ էլ էդպես է եղել, բայց գնալով կատաղում են, ժողովրդին ամեն ձեւ ուզում են մաշկները քերթեն: 
Քո երկրից լավ տեղ չկա, ավելի լավ է քո երկրում լինես առաջինը, քան այլ տեղ վերջինը: Ուր էլ գնաս, դու այնտեղ վերջին սորտի մարդ ես: Նրանց երկիրն է, նրանք են առաջինը:
-Ինչպե՞ս են ԱՄՆ-ում վերաբերվում հայ երաժիշտներին:
-Ոչ մի արտառոց բան չկա, ուղղակի իրենց մոտ ընդունված է բոլորին ժպիտով ու լավ դիմավորել, իրենց սերվիսն է դա պահանջում: Հայաստանի պես նամռոտ դեմքեր չես տեսնի այնտեղ, անգամ բոմժն այդ տեսակ դեմք չունի (ծիծաղում է-խմբ.): Բայց ասեմ՝ հայն ամեն տեղ հայ է:  Իրար մեջ տարաձայնություններ նկատեցի. լիբանանահայը չի սիրում պարսկահային, պարսկահայը՝ լիբանանահային, էն մյուսը հայաստանցուն ու էդպես շարունակ: Միայն հայը կարող է իր տարածաշրջանում տարբերակի ու տարանջատի հային, ոչ մի այլ երկրում նման բան չես գտնի: 
-Կարծիքը, որ սփյուռքում համախմբված են, հայը հային ընկեր-բարեկամ է, փաստորեն, իրականությանը չի՞ համապատասխանում:
-Սուտ կլինի, որ նման բան ասեմ, ես նման բան չնկատեցի: Անգամ մենք մեր ընկերներին, որ ժամանակին այստեղից գնացել էին Ամերիկա, լիարժեք փոխված ենք տեսել` սառը, անտարբեր, որ երբեք ձեռք չի մեկնի, վախենում են, որ հանկարծ իրեն չզանգես, մի բան չխնդրես:
-Ի՞նչ եք կարծում, եթե Դուք էլ այնտեղ ապրեք, ժամանակի ընթացքում չե՞ք փոխվի:
-Ես կարծում եմ՝ իմ խառնվածքով էնտեղ ապրել չեմ կարող: Այդ ամիսների ընթացքում ես մեծ դեպրեսիա էի ապրում,  կարոտի խնդիրն էր: Իմ երկիրն էի կարոտել, ինչքան էլ որ վատն է ու զզվելի: Բայց միեւնույն է, իմն է, չեմ կարող այդ փաստն անտեսել: Հավատացե՛ք, վերջին օրերին ժամերն էի հաշվում՝ երբ պետք է վերադառնամ: Հո բոլորը էդպե՞ս չեն, կան կոսմոպոլիտ մարդիկ, որ համակերպվում են դրսի կյանքին: Ա՛յ, օրինակ, Շպռոտն ասաց՝ ես մեռնեմ, էլ կյանքում չեմ վերադառնա Հայաստան: Ամերիկան շանսի, ֆորտունայի երկիր է, բայց միեւնույն է, ինձ չի ձգում, մի տեսակ իմը չէ: Ես էնտեղ ոչ մեկ եմ:  Ինձ համար կարեւոր չէ շատ գումար վաստակելը, առաջնայինը մարդկային ֆակտորն է, որ ես ապրեմ այնտեղ, որտեղ լավ եմ զգում, ուր շրջապատված եմ իմ հարազատներով ու ընկերներով:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս