ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՓՈՂ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՇԱՀԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ շաբաթն ամբողջովին կլանած քաղաքական (իրականում՝ դասական գողական) «ռազբորկաները» մի պահ կարծես անտեսեցին հայ քաղաքական մշակույթում էպիստոլյար ժանրի ներմուծման դարակազմիկ փաստը: Առաջին քայլը կատարվեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից, ում բաց նամակը՝ ուղղված Սերժ Սարգսյանին, ըստ էության, կրկին բարձրացրեց Հայոց ցեղասպանության հիմնահարցի առնչությամբ հայության մեջ գերակայող երկու՝ միմյանց հակասող ու բացառող մոտեցումները: Ուշագրավ է, որ Հայոց ցեղասպանության ու հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ ձեւավորված երկու հոսանքներից, պայմանականորեն ասած, մեկի հիմքում դաշնակցական գաղափարախոսությունն է, մյուսի հիմքում՝ հայաստանակենտրոնությունը:

Նախ եւ առաջ հարկ ենք համարում ընդգծել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ու այդ համատեքստում ցանկացած խնդրի վերաբերությամբ դաշնակցական գաղափարախոսությունը բացառում է հայաստանակենտրոնությունը: Բավական է վերադառնալ 1919-20-ական թթ., երբ Հայ ազգային պատվիրակությունն ու նրա ղեկավար Պողոս Նուբար փաշան Մեծ Հայաստանի կառուցման հիմքում տեսնում էին ոչ թե արդեն գոյություն ունեցող Առաջին Հանրապետությունը, այլ պատմական Հայաստանի՝ մեծ տերությունների կողմից շնորհ արված արեւմտյան տարածքները: Թեեւ նշյալ պատմափուլում Առաջին Հանրապետությունը ղեկավարվում էր նույն ՀՅԴ-ի կողմից, միեւնույն է, այդ հանգամանքը չի կարող ուղենիշային լինել, քանզի այս կուսակցության գաղափարախոսության՝ «պողոսնուբարյան» ընկալումները Հայստանում իշխանությունը կորցնելուց հետո է, որ հասան իրենց վերջնական հանգրվանին:
Սփյուռքում եւ Երրորդ Հանրապետությունում ցայսօր ծավալած գործունեությամբ ՀՅԴ-ն պաշտպանել է այն թեզը, որ Ցեղասպանության հարցի մշտական արծարծմամբ Թուրքիայի առջեւ ներկա պահի դրությամբ անիրականանալի պահանջներ դնելու եւ շրջափակումների լծի տակ դեռ «300-400 տարի այսպես ապրելու» պատրաստակամությամբ գերակայող դիրքում պետք է լինի հայ դատն ու պահանջատիրությունը: Հայաստանի ժողովրդին անողորմ ճնշումների ու հարստահարումների մատնելու գնով՝ ՀՅԴ-ն պատրաստ է վճարել այդ պահանջատիրության գինը: Պահանջատիրությունն, ի դեպ, Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո դարձավ արտաքին քաղաքականության կենտրոնական հանգույցը, սակայն ոչ թե Թուրքիայի, այլ միայն ու միայն սփյուռքի նկատմամբ: Նման պնդման լավագույն ապացույցներից է Քոչարյանի՝ դեռ իր նախագահության օրոք արած հայտարարությունն առ այն, որ Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջներ չունի: Ծպտյալ դաշնակցականի համբավով այս գործիչը քանիցս էր խոստովանել Ցեղասպանության շուրջ իր անտեղյակությունը՝ դրա հետ մեկտեղ հավատացած լինելով, որ Ցեղասպանության հարցը բարձրացնելով՝ հնարավոր կլինի սփյուռքից տարեկան 400-500 միլիոն դոլարի ներդրումներ բերել Հայաստան, ինչի մասին նա հայտարարել էր 1998թ. հունվարի 7-8-ը տեղի ունեցած անվտանգության խորհրդի նիստում:
Ուշագրավ է, որ Քոչարյանը ժամանակին չէր էլ թաքցնում, որ Ցեղասպանության հարցի բարձրաձայնումը միտված է եղել լոկ փողեր բերելու մարմաջի բավարարմանը: Ահռելի չափերի հասնող այդ ախորժակը, սակայն, խոտանվեց փոքրաքանակ հանգանակությունների արդյունքում, եւ իշխանություններն ամբողջ թափով հարձակվեցին պետական հարստության վրա: Այսուհանդերձ, ելնելով ՀՅԴ-ի՝ սփյուռքում գաղութային ֆինանսական «կայսրության» էմիսարի դիրքն անսասան պահելու անհրաժեշտությունից, ինչը մտահոգում էր Քոչարյանին Հայաստանի ներսում էլ քաղաքական գլխարկ ունենալու համար, Ցեղասպանության հարցը շարունակեց տիրապետող լինել քոչարյանական իշխանության բառապաշարում:
Սերժ Սարգսյանի իշխանությունը, թվում էր, այս հարցում պիտի տարբերվեր քոչարյանական մոտեցումից՝ վեր դասելով ՀՀ պետական շահերը կառավարող խմբակի ֆինանսական հետաքրքրություններից: Նման տպավորության հիմք էին հանդիսանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ նրա գործադրած քայլերն ու ՀՅԴ-ի՝ իշխանական բեւեռը լքելը: Այսուհանդերձ, այսօր արդեն ակնբախ է, որ Սարգսյանի իշխանությունն արտաքին կենտրոնների հարկադրանքով էր նախաձեռնել «ֆուտբոլային դիվանագիտությունը»՝ դրանով իսկ Հայաստանի ներսում ապահովելով իր իշխանության քաղաքական ճակատամասը: Գործընթացի տապալմանը զուգընթաց՝ Հայաստանում սկսեց լարվել ներքաղաքական իրավիճակը, որը հանգեցրեց Սարգսյան-Ծառուկյան առճակատմանը: Վերջինիս ավարտական փուլը տեղի ունեցավ գողական բարքերի փայլատակմամբ, որը իշխանությանը զրկեց առերեւույթ քաղաքական բաղադրիչից: Եվ, ահա, այս դեպքի համար էլ պետք եկավ ՀՅԴ-ն, որը Սարգսյան-Ծառուկյան հանդիպումների շեփորահարն էր, ու հաջողությամբ օգտագործվեց հանցավոր աշխարհին պատշաճող հանգուցալուծմանը քաղաքական երանգ հաղորդելու «տաժանակրության» արարում:
Թուրքիայի փոխարեն սփյուռքին ուղղելով պահանջատիրության քսակը՝ գործող իշխանությունն իրեն դրեց նույն՝ հայ-դատական տրամաբանության մեջ: Հատկանշական է, որ Սարգսյանն այդպես էլ ետ չկանչեց արձանագրություններից իր ԱԳ նախարարի ստորագրությունը՝ սահմանափակվելով լոկ սփյուռքում խոսքային մակարդակի մանիպուլյացիայի դաշտ ստեղծելու գործողությամբ: Այս պարագայում կրկին գործ ունենք լոկ «ազգային ղալմաղալի» ու խաշի սեղանի շուրջ «հայերնասիրական» թամաշայի որակի քաղաքականության հետ: Թեպետ «քաղաքականություն» եզրույթն այս պարագայում օգտագործելն էլ մեղք է: Ի վերջո, ո՞վ է ավելի քաջատեղյակ աղետի մատնված այս երկրում գոյություն չունեցող ներդրումներից, քան իշխանությունը: Եվ, ահա, Ցեղասպանության տարելիցի պատրվակով միգուցե եւ հնարավոր լինի որոշակի քանակությամբ ֆինանսական հոսքեր ապահովել: Իսկ այդ գործի համար ի՞նչ է հարկավոր՝ ՀՅԴ-ից, «ազգային ղալմաղալից» ու հողահավաքության առաքելությանը դրամական աջակցություն ցույց տալու աղերսագրերից բացի:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՉԳԻՏԻ՝ ԿՄՆԱ ԲՀԿ-ՈՒՄ, ԹԵ՞ ՈՉ

ՀՀ Շիրակի մարզի Սարակապ համայնքում մարտի 15-ին տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: Առաջադրված թեկնածուն մեկն է՝ գործող ԲՀԿ-ական գյուղապետ Արծրուն Խաչատրյանը: «Ժողովուրդ»-ը զրուցեց Սարակապի գյուղապետ Արծրուն Խաչատրյանի հետ:

-Պարո՛ն Խաչատրյան, միայնակ ե՞ք պայքարում գյուղապետի պաշտոնի համար:
-Այո՛, առաջադրված մի թեկնածու էլ կար, բայց նա ինքնաբացարկ հայտարարեց: Միայն ես պայքարելու եմ իմ դեմ (ծիծաղում է-Ս.Հ.):
-Գյուղապետի պաշտոնը եկամտաբե՞ր է, թե՞ ոչ:
-Ես եկամտաբերության մասին չեմ մտածում: Բայց եթե ես իմ անձնական բիզնեսով զբաղվեի, ապա այսօր ֆինանսական առումով ավելի մեծ բաների հասած կլինեի:
-Գուցե դա՞ է պատճառը, որ մարդիկ գյուղապետի պաշտոնին չեն ձգտում:
-Գուցե, բայց այսօր գյուղերն օր օրի դատարկվում են, քանի որ աշխատատեղ չկա, իսկ մարդիկ մի կերպ են ապրում: Արդեն ութը տարի է, ինչ գյուղապետ եմ, իսկ գյուղացիներն էլ հանդուրժում են: Համաձայն չլինեին, մի բան կանեին:
-Հաշվի առնելով վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունը՝ ԲՀԿ-ՀՀԿ հակամարտությունը, Դուք կշարունակե՞ք անդամակցել ԲՀԿ-ին:
-Ես իմ մտադրությունների մասին միայն կնոջս հետ եմ կիսվում: Բայց այս պահի դրությամբ դեռ հստակ որոշում չկա: Բոլորս էլ սպասում ենք ԲՀԿ-ի վաղվա արտահերթ համագումարին: Տեսնենք, թե ինչ կլինի:
-Հակառակ դեպքում՝ հնարավո՞ր է, որ առաջիկայում անդամակցեք ՀՀԿ-ին:
-Միանշանակ՝ ո՛չ: Ես կողմ եմ ԲՀԿ-ի գաղափարախոսությանը:
-Ի՞նչն է պատճառը:
-Ոչ մի պատճառ չկա: Հնարավոր չէ: Ես աշխատում եմ ժողովրդի համար, ժողովրդի կողմից եմ եւ ժողովրդի ձայնին եմ հլու:
-Իսկ ԲՀԿ-ն ի՞նչ է արել գյուղի համար:
-Իսկ Հանրապետական կուսակցությունը ո՞ր գյուղերի համար է արել, որ ԲՀԿ-ն չի արել:
-Խոսքը ԲՀԿ-ի մասին է:
-Մեր գյուղի համար ոչ մի բան ԲՀԿ-ն չի արել:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ «ԶԻՆՎՈՐԸ»

Արդեն մեկ ամիս է, ինչ Նոյեմբերյանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող քաղաքային տնտեսության սպասարկման հիմնարկում աշխատում է Վրաստանին սահմանակից Դեբեդավան գյուղի 18-ամյա բնակիչ Էդգար Արուտյունովը: Նրանց ընտանիքը Դեբեդավան է տեղափոխվել Բաքվից, Էդգարը ծնվել է Դեբեդավանում:

Նրա 18-ամյակը լրացել է 2014թ. նոյեմբերի 29-ին: Պատանին, սակայն, գերադասել է ժամկետային զինվորական ծառայության չմեկնել, իր խոսքերով՝ «որպեսզի պատերազմել չսովորի»: Նա, ինչպես իր ընտանիքի մյուս անդամները, Եհովայի վկաներ կրոնական ուղղության հետեւորդներից է: Քանի որ Նոյեմբերյանից 35 կմ հեռավորությամբ գտնվող Դեբեդավան գյուղից ամեն օր դժվար կլիներ Նոյեմբերյան աշխատանքի մեկնել, Էդգարը Նոյեմբերյանի Զորավար Անդրանիկ փողոցի «Անկյունային» կոչվող շենքում ամսական 20 հազար դրամով սենյակ է վարձել եւ այնտեղ է բնակվում:
Նոյեմբերյանի քաղաքային տնտեսությունը սպասարկող հիմնարկության տնօրեն Աշոտ Ամիրաղյանը հայտնեց, որ զինկոմիսարիատի հետ կնքված պայմանագրով Էդգար Արուտյունովը 3 տարի ժամկետով այլընտրանքային ծառայություն է անցկացնելու, իր աշխատանքի դիմաց պետությունից ամսական ստանալու է 30 հազար դրամ: Արուտյունովների ընտանիքը նախկինում ընտանեկան նպաստ է ստացել, այժմ այդ գործընթացը դադարեցված է, որովհետեւ Էդգարի ամսական դրամական եկամտի չափի մասին տեղեկանքը դեռեւս Նոյեմբերյանի սոցիալական կենտրոն չի ներկայացվել: Էդգարն ասաց, որ իրենց ընտանիքը Դեբեդավանում մեկ հեկտար հող ունի, որի մի մասը խաղողի այգի է:
Աշոտ Ամիրաղյանը հայտնեց, որ Էդգարը պատրաստակամ կատարում է իրեն տրված հանձնարարությունները՝ փողոցը բահով մաքրում է հողի շերտից, էլեկտրական հոսանքի հենասյուն է տնկում եւ այլն: Ա. Ամիրաղյանը նշեց, որ առաջիկայում Էդգարին, որպես բանվոր, կցելու է քաղաքի աղբատար մեքենային, որպեսզի նա բնակիչներին օգնի կենցաղային աղբը մեքենայի մեջ թափել: Նիհարակազմ, թխահեր Էդգար Արուտյունովը «ժողովուրդ»-ի հետ զրույցի ընթացքում խնդրեց իրեն չձայնագրել եւ չլուսանկարել: Նա ասաց, որ փոքր տարիքից եղել է Եհովայի վկա:
Պատանու պատմելով՝ Դեբեդավան եւ դրան հարակից Բագրատաշեն գյուղերում շուրջ 40 հոգի Եհովայի վկա է: Զրույցի ընթացքում Էդգարին հարցրինք՝ եթե շատերը իր նման կրոնական համոզմունքների պատճառով զենք չվերցնեն, Ադրբեջանն էլ զինված հարձակում գործի Հայաստանի վրա, ինչպե՞ս է լինելու: Էդգարի պատասխանը, սակայն, տարակուսելի էր. «Եթե մենք՝ բոլորս, զենք չվերցնենք, Ադրբեջանը մեր դեմ չի պատերազմի»:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս