ԱՅՍ ԽՄՈՐԸ ԴԵՌ ՇԱՏ ՋՈՒՐ ԿՎԵՐՑՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի փաստ է, որ Հայաստանի քրեական աշխարհն ամբողջությամբ իշխանությունների վերահսկողության տակ է: Սակայն մինչեւ փետրվարյան հայտնի քաղաքական իրադարձությունները, քրեական աշխարհը փաստացի գտնվում էր իշխանական երկու ուժերի՝ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի վերահսկողության ներքո: Ակնհայտ էր, որ քաղաքական դաշտում տեղի ունեցած վերջին փոփոխությունները, որոնց արդյունքում իշխանական քաղաքական ուժերից մեկը` ԲՀԿ-ն, փաստացի ոչնչացվեց, քրեական աշխարհում նոր խմորումների տեղիք կտային: Արդյոք երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դիմաց տեղի ունեցած սպանությունները հենց այս նոր իրավիճակի արգասիքն են, թե դա ընդամենը զուգադիպություն է, ցույց կտա ժամանակը: Մեկ բան, սակայն, ակնհայտ է՝ Հայաստանի քրեական աշխարհում եւս վերադասավորումներ են տեղի ունենալու, եւ բացառված չէ, որ երեկ տեղի ունեցած սպանություններն առաջիկա հնարավոր զարգացումների առաջին «ծաղիկներն» են: Երեկվա սպանություններից հետո համացանցում ծավալված քննարկումներն ամբողջությամբ բնորոշում էին Հայաստանում ձեւավորված իշխանական համակարգի բնույթը: Շրջանառվող հիմնական հարցերից մեկն այն էր, թե Երրորդմասցի Լյովիկի սպանությունը ինչպես կազդի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիրքերի վրա, քանզի բոլորին հայտնի է, որ նշված քրեական հեղինակությունը սերտ հարաբերությունների մեջ էր վարչապետի հետ: Իսկ այդ պատմության արդյունքում իշխանական շրջանակների «ուժեղացած» պաշտոնյայի հարցը չէր քննարկվում միայն այն պարզ պատճառով, որ դեռեւս հայտնի չէ, թե հարձակվողներն ում մարդիկ են եղել:

 

 

 

 

Այսօր երջանկահիշատակ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Սպարապետն այսօր կդառնար 56 տարեկան: Հայաստանցիների շրջանում Վազգեն Սարգսյան քաղաքական գործչի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ: Սական մեկ բան փաստ է, որ ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանն իր պաշտոնավարման չորսուկես ամիսներին` 1999 թվականի հունիսից մինչեւ հոկտեմբեր, ավելի շատ գործ է արել, քան նրան հաջորդած վարչապետները: Նրա պաշտոնավարման այդ կարճ շրջանում փաստացի բոլոր տեսակի մենաշնորհները վերացվեցին, եւ տնտեսությունում իրական մրցակցություն ծավալվեց, ինչը հնարավոր չէր այդ ժամանակ չտեսնել եւ չզգալ: Վազգեն Սարգսյանը մարդկանց հույս էր տվել, որ երկիրը կարող է փոխվել, որ այն կարող է դառնալ հայի համար ամենալավ եւ ամենաապահով վայրը: Նույնիսկ Վազգեն Սարգսյանին չսիրողներն ընդունում են, որ եթե նա չսպանվեր, ապա մենք այսօր բոլորովին այլ` զարգացման հստակ ուղի բռնած Հայաստանում կապրեինք: Շնորհավոր ծնունդդ, Սպարապե՛տ:

 

 

 
ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը չի մասնակցելու այսօր կայանալիք ԲՀԿ արտահերթ համագումարին: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ տեղի ունեցող գործընթացները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներքին խնդիրներն են: Պատգամավորը նշել է, որ ինքը «չի շեղվելու» այն ուղուց, որը որդեգրել է եւ շարունակելու է պայքարել երկրում նորմալ պայմաններ ստեղծելու համար: Ի դեպ, ԲՀԿ-ական շատ պատգամավորներ երեկ դեռ չէին որոշել՝ կմասնակցեն այսօր կայանալիք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարին, թե ոչ: Ու հիմնականում այդ պատգամավորները հենց նրանք էին, ովքեր ժամանակին համարվում էին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ամենահավատարիմները:

 

 

 

 
ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վերսանդիկ Հակոբյանը կրկին փորձում է իր փողերը դատարանների միջոցով ետ ստանալ: Հակոբյանը 2014 թ. դեկտեմբերի 24-ին դիմել է Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` «Խաչկենց» ՍՊԸ-ից հօգուտ իրեն 42 հազար 600 դրամ բռնագանձելու պահանջով: Բայց ուշագրավը ոչ միայն 42 հազար դրամի համար դատական քաշքշուկների մեջ ընկնելն է, այլեւ այն փաստը, որ նախկին պատգամավորը դատարանին միջնորդել է, որ «Խաչկենց» ՍՊԸ-ի դրամական միջոցների եւ գույքի վրա արգելանք դրվի: Իհարկե, դատավոր Սամվել Թադեւոսյանը միջնորդությունը մերժել է, բայց փաստն ինքնին խոսուն է: «Ժողովուրդ»-ը նախկինում գրել էր, որ Երեւանի «Շամպայն-գինիների գործարանը», որը պատկանում է Վերսանդիկ Հակոբյանին, դիմել էր Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «Հայրապետյան եղբայրներ» ՓԲԸ-ից 425 հազար 740 դրամ բռնագանձելու պահանջով:

 

 

 

 
ԱՆԱՅԼԸՆՏՐԱՆՔ

Եվ այսպես` այսօր կայանալիք ԲՀԿ արտահերթ համագումարով կփակվի ՀՀ քաղաքական կյանքի «այլընտրանքային» էջը: Անկախ այն բանից, թե քանի մարդ կմնա ԱԺ ԲՀԿ խմբակցությունում, ով կլինի նոր նախագահը, եւ ինչպիսին կլինի Գագիկ Ծառուկյանի կարգավիճակը, ակնհայտ է, որ «Բարգավաճ Հայաստանն» այսուհետ չի կարողանալու ներկայանալ որպես ՀՀ իշխանություններին այլընտրանք: Ընդ որում, խոսքը ոչ միայն այդ բառի` մինչ 2012 թվականը քաղաքագիտությանն անհայտ նշանակության մասին է, այլեւ զուտ որպես իշխանության ձգտող ցանկացած քաղաքական ուժի նպատակադրության:
Բանն այն է, որ «Բարգավաճ Հայաստանն» ի սկզբանե ստեղծվել էր որպես բաժնետիրական ընկերություն, որտեղ հսկիչ փաթեթը պատկանում էր ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ժամանակի ընթացքում այս կուսակցությունում բաժնետիրական համամասնությունը փոփոխվեց, եւ թեեւ 2012-ի խորհրդարանական ընտրություններից առաջ կուսակցությունը համալրած գործիչների խումբը` Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, վերստին ուժեղացրեց Քոչարյանի դիրքերը, սակայն դրան զուգահեռ կուսակցություն ներմուծված գործարարների բանակի եւ Գագիկ Ծառուկյանի անհատական նախագահական ամբիցիաների արդյունքում այդպես էլ չհաջողվեց հաստատել Քոչարյանի անվերապահ ազդեցությունը:
Փետրվարի 18-ից հետո, սակայն, երբ ակնհայտ դարձավ, որ Սերժ Սարգսյանը կարողացել է վերջնականապես կապիտուլյացիայի ենթարկել ոչ միայն Գագիկ Ծառուկյանին, այլեւ խաղից դուրս թողնել նաեւ Ռոբերտ Քոչարյանին, ով դրանից ընդամենը երկու օր առաջ Ս. Սարգսյանին խորհուրդ էր տալիս կանգ առնել, հակառակ պարագայում զգուշացնելով «ընդդիմության համախմբման, ռադիկալացման» եւ «մասսայական գործողությունների» հետեւանքների մասին, առաջ եկավ ԲՀԿ-ի` քոչարյանական թեւի ճակատագրի հարցը: Եվ այն, որ ԲՀԿ քաղխորհրդի անդամ, ժամանակին իր «անձնական կարծիքներով» ողջ կուսակցության քաղաքական գիծը կանխորոշող Վարդան Օսկանյանը, չսպասելով այսօրվա համագումարին, մեկնեց ԱՄՆ, մինչ այդ դիմում գրելով ԲՀԿ-ից դուրս գալու մասին, ցույց է տալիս, որ Քոչարյանը ԲՀԿ-ում ունեցած իր բաժնեմասը հետ է վերցնում` այդպիսով ԲՀԿ-ն վերջնականապես հանձնելով Սերժ Սարգսյանի կողմից որպես ԲՀԿ-ի «կոնցեսիոն կառավարիչ» նշանակված Հովիկ Աբրահամյանին:
Կհետեւեն արդյոք Օսկանյանի օրինակին նաեւ մնացած քոչարյանական կադրերը` ի դեմս Վահե Հովհաննիսյանի, Ստեփան Մարգարյանի, Էլինար Վարդանյանի եւ այլոց, արդեն էական չէ: Հատկապես Օսկանյանի հեռացմամբ ԲՀԿ-ի` իշխանություններից քիչ թե շատ անկախ գործելու հնարավորությունը իսպառ վերացավ:




Լրահոս