ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ «ՄԻԱԿ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ» ԴԱՇԻՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության կառավարման խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանի` ինստիտուցիոնալ ընդդիմության մասին ՀՀ ԱԺ փետրվարի 23-ի նիստում հնչած հայտնի ելույթից հետո Հայաստանի քաղաքական դաշտում բավական ուշագրավ իրավիճակ ստեղծվեց: ՀՀԿ-ականները եւ քաղաքական դաշտի «միակ ընդդիմադիրները» փաստացի դարձել են խորհրդապահական դաշնակիցներ:

Այսպես՝ ՀՀԿ-ականների` ինստիտուցիոնալ ընդդիմության գաղափարի վերաբերյալ արձագանքները մինչ օրս եղել են միայն դրական տոնայնության մեջ: Իսկ արդյոք ՀՀԿ-ականների արձանգանքը կարող էր այլ կերպ լինել, միանշանակ՝ ոչ, չէր կարող լինել, որովհետեւ մյուս տարբերակները նրանց համար վնասակար կլինեին: Որքան էլ տարօրինակ հնչի, բայց փաստ է, որ ՀՀԿ-ի կողմից ինստիտուցիոնալ ընդդիմության կազմավորման դեմ պայքարելու միակ տարբերակը այդ գաղափարը գովելն է: Մի պահ պատկերացրեք, որ ՀՀԿ-ականները սկսեին քարկոծել այդ գաղափարը: Հայաստանի հասարակության մեջ վաղուց ձեւավորված կարծրատիպերի համաձայն՝ ՀՀԿ-ականների ասածները մարդիկ որպես կանոն հակառակ իմաստով են հասկանում: Այսինքն՝ ինստիտուցիոնալ ընդդիմության գաղափարը ՀՀԿ-ականների կողմից քարկոծելը կնպաստեր այդ մոտեցման արագ տարածմանը: Սակայն ՀՀԿ-ականները վաղուց ադապտացվել են Հայաստանի հասարակության շրջանում իրենց հանդեպ ձեւավորված ընկալմանը, եթե որեւէ անձի կամ երեւույթի հետ կապված նրանք մտավախություններ են ունենում, ապա ուղղակի չեն հարձակվում, ընդհակառակը, փորձում են «լավ վերաբերմունքով» սեւացնել: Այս մոտեցումն առավել կիրառվում է այն դեպքերում, երբ վտանգը դեռեւս առարկայական չէ, այլ հեռանկարային է, ու դրա դեմ ՀՀԿ-ականների պայքարը միայն քարոզչական դաշտում է:
Ինստիտուցիոնալ ընդդիմության գաղափարը հնչել է որպես Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ական իշխանությունից ազատվելու միջոց: ՀՀԿ-ականների կողմից այդ գաղափարին դրական գնահատական տալը նույնն է, թե մահապատժի դատապարտվածը սկսի գովել իր համար պատրաստված կախաղանը: Մյուս կողմից՝ պատկերացնենք մի իրավիճակ, երբ դատապարտվածն իմանա, որ իր համար պատրաստված կառափնարանը գովելով կարող է դրանից ազատվել, թե ինչ ջանասիրությամբ նա կսկսի գովել իր գլխին սպասող կացինը, մնում է միայն կռահել:
Բայց ՀՀԿ-ականների` դրական վերաբերմունքով հակառակորդների դեմ պայքարելու մարտավարությունը առանց իրեն ընդդիմադիր հռչակող դաշնակցի ի սկզբանե դատապարտված կլիներ: Այդ դեպքում վերը բերված աբսուրդը միանգամից տեսանելի է դառնում: Ուստի սպառնացող վտանգից պաշտպանվելու համար իշխանությունները ընդդիմադիր դիրքերից հանդես եկող դաշնակից պետք է ունենան: Առավել նախընտրելի է խորհրդապահական դաշնակիցը: Այդ դեպքում իշխանությունները սկսում են դրական խոսել իր դեմ դիրքավորվող ուժի մասին, իսկ «միակ ընդդիմադիրներն» այդ փաստը դրոշակ դարձնելով՝ փորձում են վարկաբեկել «անկոչներին»:
Ստեղծված իրավիճակում նման պահվածքը «միակ ընդդիմադիրների» քաղաքական դաշտում մնալու միակ տարբերակն է: Քաղաքական դաշտում նրանց գոյության միակ գրավականը մրցակից չունենալն է, որպեսզի դաշտում իսկապես լինեն «միակ ընդդիմադիրները», քանի որ քաղաքական դաշտում հնարավոր փոփոխության դեպքում շատ արագ կարող է պարզվել, որ «միակների» եւ իշխանությունների միջեւ որակական ոչ մի տարբերություն չկա, ու անցած տարիներին ընդդիմադիր դաշտի անհաջողությունների հիմնական պատճառներից մեկը հենց այդ փաստն է եղել:
Ավելին՝ կասկածից վեր է, որ Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակում «միակ ընդդիմադիրներն» իշխանությունների համար ամենացանկալի հակառակորդն են: Ներկա ընտրակեղծարարները շատ լավ գիտակցում են, որ նախկին ընտրակեղծարարները վտանգ չեն ներկայացնում: Ուստի նրանք երկուսով պետք է փորձեն ամեն ինչ անել, որպեսզի մինչեւ հաջորդ ԱԺ ընտրությունները «միակ ընդդիմությունը» շարունակի այդպիսին մնալ, քանի որ այդ դեպքում ՀՀԿ-ականներն ընտրություններում հաստատ կխփեն այնքան, որքան կցանկանան:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ՄԻ ՈՒՐԻՇ ՁԵՎ ԵՆ ԽՆԱՅՈՒՄ
ՀՀ ԱԺ-ում կրքերը կրկին «թեժացել» են: Բանն այն է, որ մինչ այս ամեն տարի մարտի 8-ին ԱԺ աշխատող կանայք մշտապես նվերներ են ստացել գումարի տեսքով, սակայն ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ այս տարի ԱԺ-ն գումար չունի, ինչի համար կանանց նվերը չի տրվի: ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը, խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, ասաց. «Մարտի 8-ի առթիվ պարգեւատրումների պարտադիր կանոն մեր օրենսդրությունը չի նախատեսում: Սա նշանակում է, որ բյուջեում այդպիսի ֆոնդ գոյություն չունի, ուստի չի կարելի ակնկալել, որ պետք է լինեն պարգեւատրումներ: Դժգոհողները, հավանաբար, շփոթել են ամեն տարի պետական ծառայողներին տրվող պարգեւավճարների հետ, որոնք նախորդ երկու տարիներին ստացել են մարտին (այս տարի՝ փետրվարին): Նախորդ տարիներին եւս մարտի 8-ի առթիվ առանձին պարգեւավճարներ չեն տրվել: Այս տարի ԱԺ աշխատակազմը փետրվարին պարգեւատրել է ԱԺ աշխատակազմի բոլոր պետական ծառայողներին: Միաժամանակ նկատեմ, որ այսօր մարտի 4-ն է, այսինքն՝ դեռ 4 օր էլ կա մարտի 8-ին: Իսկ պարոն Թովմասյանից նվերներ ակնկալելը, այն էլ ժամանակից շուտ, եւ այդ մասին դժգոհ տոնայնությամբ լրատվամիջոցին հայտնելը, պարկեշտ չէ: Բացի այդ՝ պարոն Թովմասյանը սովոր չէ պետության միջոցների հաշվին նվերներ բաժանել»:

 

ՓՈԽԵՑԻՆ, ՔՎԵԱՐԿԵՑԻՆ
Երեկ ԱԺ-ն շարունակեց քննարկել «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը: Այն առաջին ընթերցմամբ քվերակության դնելուց առաջ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք կողմ չեն քվեարկի նախագծին, քանի որ այն ամբողջ շրջանառությունը չփաստաթղթավորող գործարարի համար նախատեսում է շրջանառության հարկի 5 տոկոս: Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ հայտարարեց, որ իրենք որոշել են ձեռնպահ քվեարկել, չնայած գիտակցում են, որ ներկայացված նախագիծը գործող օրենքի համեմատ մեկ քայլ առաջ է: Ընդդիմադիր պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ հայտարարեց, որ ինքը կողմ է քվեարկելու: Արդյունքում՝ օրենսդրական փաթեթը ձայների 92 կողմ, 6 դեմ, 13 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվեց առաջին ընթերցմամբ:

 

ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԻ ԹԻՎԸ 2014-ԻՆ
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2014 թվականին ընտանեկան եւ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը Հայաստանում կազմել է 105 հազար 176 հոգի: Վերջիններիս նպաստ վճարելու համար 2014-ին պետբյուջեից հատկացվել է 35 միլիարդ 431 միլիոն դրամ:

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՏԱՐԲԵՐ ԲԱՆԵՐ ԵՆ
Կարիք չկա զուգահեռներ տանել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի միջեւ: Այս մասին Tert.am-ին ասել է «Օրինաց երկիր» կուսակցության մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը` պատասխանելով հարցին, թե հենց արյունահեղությունից խուսափելու համար Արթուր Բաղդասարյանը գնաց իշխանության հետ համագործակցության, իսկ հիմա ասում եք, թե չպետք է հասարակության մեջ մտցնել այն գիտակցումը, որ հանրահավաքները ավարտվելու են արյունահեղությամբ: «Իսկ ո՞վ ասաց, որ եթե լիներ հանրահավաք, անպայման կլիներ արյունահեղություն, ո՞վ կարող է ապացուցել, թե նման բան կարող էր տեղի ունենալ: Մի դեպքում մենք խոսում էինք կայացած փաստի մասին, մյուս դեպքում` ենթադրության մասին: Այդ ո՞վ էր որոշել, որ լինելու է արյունահեղություն, դրանք տարբեր բաներ էին»,-ընդգծել է ՕԵԿ խոսնակը:

 

ՔԼԻՆԹՈՆԻ ՀՈՒՅՍԻՆ
Վաշինգտոնի Քարնեգի հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմ դը Վաալի կարծիքով՝ 2015-ին Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում լուրջ առաջընթաց չի սպասվում: Ըստ նրա` հայ-թուրքական արձանագրություններին վերադարձ չի լինելու: «Կարծում եմ՝ անչափ դժվար կլինի արձանագրություններին վերադառնալ, որովհետեւ դրանց նկատմամբ հսկայական բացասական վերաբերմունք կա ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում»,- «Ազատությանն» ասել է վերլուծաբանը: Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների ջանքերին, ապա, դը Վաալի կարծիքով, Վաշինգտոնը կարող է լուրջ ոգեւորություն դրսեւորել միայն նոր նախագահի օրոք: «Ցավոք, երբ Միացյալ Նահանգները նախագահի մակարդակով կենտրոնացնում են ջանքերը մի հարցի վրա, եւ այն տապալվում է, նրանք անցնում են հաջորդ հարցին՝ նախորդ հարցով զբաղվելու ցանկություն չունենալով»,-ընդգծել է վերլուծաբանը` հույս հայտնելով, որ հայ-թուրքական հարաբերությունների համար հեռանկարային կարող է լինել Հիլարի Քլինթոնի հաղթանակը հաջորդ նախագահական ընտրություններում:

 

ԿԱՆԽԵԼ ԵՆ
Մարտի 4-ին՝ ժամը 20:23-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով Հաղթանակի կամրջից: Դեպքի վայր մեկնած փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Գ. Տ.-ի (27 տարեկան) ինքնասպանության փորձը: Գ. Տ.-ին տեղափոխել են ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կենտրոնականի բաժին:

 

ՓՈԽԱԴԱՐՁ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ
Արձագանքելով Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթում տեղ գտած պնդումներին` Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, թե Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս է մղվել ոչ թե Ռոբերտ Քոչարյանի, այլ հենց Տեր-Պետրոսյանի ջանքերով: «ԼՂՀ ներկայացուցիչները դադարել են մասնակցել բանակցային գործընթացին Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ նախագահ ընտրվելուց առնվազն մեկ տարի առաջ: Իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներն ու բանակցությունները պարբերաբար կազմակերպվում էին՝ սկսած 1990 թվականից, Մինսկի գործընթացին զուգահեռ: Համաձայնեք, որ Տեր-Պետրոսյանի ցինիզմը, ինչպես եւ արդեն շարքից դուրս եկած իր քարոզչամեքենայի ստախոսության աստիճանը, ապշեցնում են: Նրանք այսքան տարի մեղադրում են երկրորդ նախագահին մի բանի համար, որ իրենք են կատարել»:




Լրահոս