ՈՎ ԵՎ ԻՆՉՈՒ ՍՊԱՆԵՑ ԵՐՐՈՐԴՄԱՍՑԻ ԼՅՈՎԻԿԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ կեսօրից հետո, Երեւանում արտակարգ վիճակ էր. փողոցներին ամենուրեք կարելի էր հանդիպել ոստիկանության՝ ինքնաձիգներով զինված աշխատակիցների: Իսկ պատճառն այն էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց փոխհրաձգություն էր տեղի ունեցել, որի հետեւանքով սպանվել էին քրեական հեղինակություն համարվող Երրորդմասցի Լյովիկը` Լեւոն Ղազարյան, նրա ընկերը` Դրաստամատ Թադեւոսյանը (Դրոն) եւ Մանումենտցի Մոսոն` Մեսրոպ Նազարյանց: Վերջինս մահացել էր տեղում, իսկ մյուս երկուսը՝ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին:

Սպանության վայրից ոչ հեռու հայտնաբերվել են «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ եւ «Մակարով» տեսակի ատրճանակ ու ավելի քան երկու տասնյակ պարկուճներ: ՀՀ քննչական կոմիտեում սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (դիտավորյալ սպանություն) եւ 235-րդ հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը) հատկանիշներով:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հարձակման պահին Երրորդմասցի Լյովիկն իր ընկերների հետ եղել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում: Հարձակվողները եղել են երեք հոգի` դիմակավորված, որոնք իրենց թիրախներին մահացու վիրավորելուց հետո դիմել են փախուստի: Նշված վայրում կայանված մեկ այլ ավտոմեքենայից դուրս են վազել ինչ-որ անձինք, ենթադրվում է, որ Երրորդմասցի Լյովիկին ուղեկցող անձինք են եղել, որոնք սկսել են ատրճանակներից կրակել հարձակվողների հետեւից:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Երրորդմասցի Լյովիկը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պետք է տեսակցեր իր ծանոթներից մեկին: Այն փաստը, որ դիմակավորված անձինք նախապես տեղեկացված են եղել, թե իրենց թիրախն այդ ժամին կոնկրետ որտեղ է լինելու, եւ այն, որ նրանք հասցրել են իրենց «գործը» շատ արագ կատարել եւ հեռանալ, վկայում է սպանության՝ նախապես լավ ծրագրավորված լինելու եւ կատարողների «պրոֆեսիոնալ» լինելու մասին: Ի վերջո, նման հարձակում հենց ՔԿՀ-ի դիմացն իրականացնելու համար հանդգնություն է պետք ունենալ ու սեփական ուժերի վրա վստահ լինել:
Այս դեպքի հետ կապված երեկ ողջ օրը շրջանառվում էր «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի անունը: Պատճառն անցած տարվա մարտին տեղի ունեցած իրադարձություններն են: «Ժողովուրդ»-ը այդ պատմությանը եւ դրան հետեւած խմորումներին բազմիցս անդրադարձել է: Անցած տարվա մարտին Հայաստանի քրեական դաշտը փոթորկվել էր, քանի որ լուրեր էին շրջում, որ քրեական հեղինակություններ Քանաքեռցի Արթուրը` հայտնի Տույ մականվամբ, եւ Երրորդմասցի Լյովիկը ծեծել էին «օրենքով գող» Օշականցի Գեւորիկին` Գեւորգ Մելիքյանին: Պատճառը եղել էր ինչ-որ քրեական հեղինակության եւ Օշականցի Գեւորիկի չստացված հեռախոսային խոսակցությունը, որն ավարտվել էր փոխադարձ հայհոյանքներով: «Օրենքով գողի» զրուցակիցը խնդիրը հարթելու համար դիմել էր Երրորդմասցի Լյովիկի օգնությանը: Խնդիրները պարզելու նպատակով Օշականցի Գեւորիկի, Տույի եւ Երրորդմասցի Լյովիկի հանդիպումը ավարտվել էր նրանով, որ Տույն ու Երրորդմասցի Լյովիկն իրենց կողմնակիցների հետ ծեծել էին Օշականցի Գեւորիկին ու նրան ուղեկցող անձանց: Ավելին՝ ըստ լուրերի՝ այդ ծեծը տեսանկարահանվել էր, եւ գրեթե բոլոր քրեական հեղինակությունների բջջային հեռախոսներում առկա է Օշականցի Գեւորիկի ծեծի տեսանյութը:
«Ժողովուրդ»-ը գրել էր նաեւ, որ կողմերի հետագա բախումը կանխելու համար Ռուսաստանից մի շարք քրեական հեղինակություններ, «օրենքով գողեր», այդ թվում եւ գյումրեցի, «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը` Զապ մականունով, ժամանել էին Հայաստան` հակամարտությունը կարգավորելու համար:
Քրեական աշխարհը բաժանվել էր երկու մասի: Բանը հասել էր նրան, որ այս պատմությանը միջամտել էին նաեւ Հայաստանի իշխանության բարձրագույն ատյանների ներկայացուցիչները: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն աջակցել է Երրոդմասցի Լյովիկին եւ ամեն ինչ արել, որ նա «չոր» դուրս գա ու Հայաստանում կարգվի որպես թիվ մեկ քրեական հեղինակություն: Մյուս կողմից էլ Աժ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը փորձել է ամեն կերպ սատարել Օշականցի Գեւորիկին: Ավելին` Ռ. Հայրապետյանը հնարավոր ամեն ինչ անում էր, որ Երրորդմասցի Լյովիկը ներողություն խնդրի Օշականցի Գեւորիկից: Ըստ լուրերի՝ Երրորդմասցի Լյովիկը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու` Արգամ Աբրահամյանի հետ նույնիսկ ընդհանուր բիզնես ունի` գազալցակայան: Նույնիսկ լուրեր էին շրջում, որ Երրորդմասցի Լյովիկին պաշտպանելու եւ Օշականցի Գեւորիկին գահընկեց անելու հարցում Հովիկ Աբրահամյանին սատարել են Հայաստանի նախարարներից մի քանիսը: Արդյոք երեկ տեղի ունեցածն անցած տարվա «ռազբորկաների» շարունակությունն է, թե սա էլ մի ուրիշ պատմություն է, պարզ կդառնա առաջիկայում:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

ԱՀԱԲԵԿՈՒՄ ԵՆ
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ավետիսյանների սպանությունից հետո ոստիկանության սադրանքով տեղի ունեցած փողոցային բախումների քրգործով մոտ 32-38 հոգի ստացել է կասկածյալի կարգավիճակ, իսկ մոտ 10 հոգու մեղադրանք է ներկայացվել նույն՝ խուլիգանության, հասարակական կարգ խախտելու, իբր ազգի լավագույն կեսի անդորրը խռովելու հոդվածներով։ Ես զրուցել եմ նրանցից եւս երկու հոգու հետ, բացի սառնաղբյուրցի Մնացական Ալեքսանյանից ու գյումրեցի Անուշավան Հարությունյանից։ Պատմեցին, որ տեսանյութեր են ցույց տվել իրենց, որոնցում իրենք են եղել քարուփետով պաշտպանվելիս, մեղադրանք են ներկայացրել ու խափանման միջոց են ընտրել ստորագրությամբ չհեռանալը։ Հրապարակային խոսք ասել չեն ուզում, հույս ունեմ, որ գործը կկարճեն կամ համաներմամբ կավարտվի»:

 

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ԷՐ ԱՌԵՎԱՆԳԵԼ
Մարտի 3-ին ոստիկանության Կապանի բաժին է ահազանգել 1950 թ. ծնված Յուրիկ Պ.-ն եւ հայտնել, որ իր «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Կապանի Թումանյան փողոցից առեւանգել են: Ոստիկանները պարզել են, որ փախցրած ավտոմեքենան նույն փողոցում բախվել է մեկ այլ «ՎԱԶ-2121»-ի, ինչից հետո հանցանք կատարողը դիմել է փախուստի: Ավտոմեքենան առեւանգել է 1997 թ. ծնված Դավիթ Ա.-ն, որը ժամը 15:00-ին բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն: Առեւանգված ավտոմեքենան հայտնաբերվել է Բաղաբերդ թաղամասի թիվ 19 շենքի բակում: Նույն օրը 1950 թ. ծնված Աշոտ Մ.-ն նույն բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 13:00-ի սահմաններում Կապանի Բաղաբերդ թաղամասի թիվ 3 շենքի բակից փախցրել են իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան: Ոստիկանությունը պարզել է, որ ավտոմեքենան առեւանգել է նույն ինքը՝ Դավիթ Ա.-ն:

 

ԴՈԼԱՐԸ  ԹԱՆԿԱՑԵԼ Է
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում երեկ տեղի է ունեցել 700 հազար դոլարի առքուվաճառք։ Դոլարի միջին փոխարժեքը կազմել է 480 դրամ, ինչը նախորդ նստաշրջանի ցուցանիշից բարձր է 0.42%-ով։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում է միջինը 478 դրամով, վաճառվում՝ 481 դրամով:

 

ԱԶԳԱՅՆԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՌՔՈՎ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով Բորիս Նեմցովի սպանությանը, երեկ հայտարարել է. «Ռուսաստանն անհրաժեշտ է զերծ պահել այնպիսի խայտառակություններից ու ողբերգություններից, որոնցից մեկը մենք վերապրեցինք օրերս: Նկատի ունեմ Բորիս Նեմցովի` մայրաքաղաքի կենտրոնում իրականացված հանդուգն սպանությունը»: Դիմելով ՆԳ նախարարության ղեկավարներին՝ Պուտինը նաեւ կոչ է արել ավելի ակտիվորեն զբաղվել հանրային մեծ հնչեղություն ստացած հանցագործությունների բացահայտմամբ` հավելելով, թե ոստիկանությունը պետք է մշտապես հետեւի ծայրահեղական երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը: Պուտինի հայտարարության այս վերջին հատվածը, փաստորեն, անուղղակիորեն հաստատել է մոսկովյան մամուլում հայտնված տեղեկատվությունը, որի համաձայն՝ Նեմցովի սպանության գլխավոր վարկածներից մեկը ռուս ազգայնականների ներգրավվածությունն է:

 

ԿՐԱԿԵԼ Է
Մարտի 3-ին՝ ժամը 21:55-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ գանգուղեղային հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Երեւանի 17-ամյա մի բնակիչ: Պարզվել է, որ անչափահասին աչքի շրջանում մարմնական վնասվածքը պատճառվել է օդամղիչ ատրճանակից արձակված կրակոցների հետեւանքով, նույն օրը՝ ժամը 16.00-ի սահմաններում, մի շարք այլ անչափահասների մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Իրավապահներին հաջողվել է պարզել վիճաբանության շարժառիթը, մասնակիցների եւ առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Կասկածյալը քննչական բաժին է ներկայացրել օդամղիչ ատրճանակը: Քանի որ կասկածյալը եւս անչափահաս է, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ծնողի հսկողությանը հանձնելը: Նախաքննությունը շարունակվում է:

 

ԿՈՉ ՍԷՖԻԼՅԱՆԻՑ
«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը կոչով է հանդես եկել, որում նշվում է, թե «Ձեւավորվում է քաղաքացիական բանակ: Այն ժողովրդին համախմբող եւ քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողություններով ռեժիմին հեռացնող կազմակերպական ուժ է: Քաղաքացիական բանակը զինված կառույց չէ: Կոչ եմ անում երկրին տեր կանգնելու վճռականություն ունեցող երիտասարդներին, ինչպես նաեւ իրենց հոգին չվաճառած ազատամարտիկներին այցելել մեր գրասենյակներ, կապվել մեզ հետ համացանցով եւ գրանցվել որպես քաղաքացիական բանակի անդամ»:

 

ԽՄԱԾ Է ԵՂԵԼ
Ապահովագրական ընկերության գործադիր տնօրենը հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի դեկտեմբերի 28-ին տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից կազմված եզրակացության մեջ իրականությունը ներկայացվել է աղավաղված կերպով: Մասնավորապես, ըստ ոստիկանությունից ստացված եզրակացության` հիշյալ օրը` ժամը 03:00-ի սահմաններում, Հակոբ Գ.-ն «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով երթեւեկելիս հոգնածության պատճառով քնել է ղեկին, որի հետեւանքով կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը եւ բախվել ճամփեզրի մոտ կայանված «Վազ 2107» մակնիշի եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներին: Սակայն, ըստ ապահովագրական ընկերության աշխատակցի, իրականում վթարի պատճառ դարձած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վարել է ոչ թե Հակոբ Գ.-ն, ինչպես նշվել է ոստիկանության եզրակացությունում, այլ վերջինիս եղբայրը, որը եղել է հարբած վիճակում եւ հանդիսանում է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչության քննիչ: Ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 34-184-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս