ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ՊԱՏԺՎՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեպետ Սահամանադրական փոփոխությունների մեկնարկը պաշտոնապես չազդարարվեց, սակայն դրանք դարձան ներքաղաքական վերջին լարվածության հիմնական առանցքը: Ելնելով բազում հնարավոր պատճառներից մեկից՝ իշխանության նմանօրինակ բիրտ գործողությունները միտված են հենց սահամանադրական փոփոխությունների ընթացքը հաջողությամբ ապահովելուն ու ցանկալի արդյունքներին հասնելուն: Այս համատեքստում ուշագրավ է նրանց իսկ հրապարակած փաստաթղթի՝ «Հայեցակարգի» այն պնդումը, որ Հայաստանի քաղաքական ասպարեզը պետք է սահմանադրականացնել: Այս շարքում հիշարժան է նաեւ նախկին ԽՍՀՄ երկրների սահմանադրական զարգացումների փորձը հաշվի առնելու նկատառումը:

Այսպես՝ «Հայեցակարգի» սահմանադրական փոփոխություններ անցկացնելու հիմնավորումների երկար շարքը ավարտվում է հետեւյալ պնդմամբ. «Իրավական պետությունում պետք է բացառվի քաղաքական, տնտեսական եւ վարչական ներուժի սերտաճումը, երաշխավորված ու ապահովված պետք է լինի քաղաքական ուժերի նպատակների ու գործունեության սահմանադրականությունը»: Թեեւ այս դրույթը գործում է ցանկացած ժողովրդավարական երկրի Սահմանադրության մեջ, դրա կիրառությունը գտնվում է միայն ու միայն քաղաքական վերնախավի կամքի առկայության շրջանակներում: Ի վերջո, Հայաստանի ներկայիս Սահմանադրության 65-րդ հոդվածը հռչակում է, որ ԱԺ-ի պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Անհերքելի է, որ լրագրողների հետաքննություններով եւ անգամ օտարերկրյա մամուլի միջոցով հանրությունը տեղեկանում է կոնկրետ պատգամավորների բիզնես «հաջողությունների» մասին: Ավելին՝ ՀՀԿ-ն անգամ չի ժխտում, որ իր խմբակցության պատգամավորների մեծ մասը օլիգարխներ ու գործարարներ են: Հատկանշական է, որ փետրվարի 12-ին տեղի ունեցած ՀՀԿ նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը նկատեց, որ ինքն ունի ընդամենը մեկ բիզնես, որը հարկային մարմինների հետ խնդիրներ չունի: Ըստ էության, Նաղդալյանը խախտում է Սահմանադրության 65-րդ հոդվածը, որի համար նա պետք է զրկվի պատգամավորական մանդատից: Արդ, ականատեսն ենք լինում ոչ միայն գործող Սահմանադրության կոպտագույնս խախտմանը, այլեւ նման նախադեպով կասկածի տակ է դրվում սույն փոփոխությունների իրական ու բարի նպատակները: «Հայեցակարգում» հռչակելով տնտեսական ու քաղաքական ներուժի սերտաճման անթույլատրելիությունը՝ իշխանությունը, այսօր դեռ փոփոխություն արած չլինելով, արդեն իսկ ապացուցում է, որ թղթի վրա գրվածը չի համապատասխանում իրերի իրական դրությանը: Այս համատեքստում, մեղմ ասած, տարօրինակ է, որ քաղաքական ուժերի ու դերակատարների գործունեության սահմանադրականացման անհրաժեշտության մասին պնդումը հռչակվում է գերագույն նպատակ, միեւնույն պահին՝ գործնականում արհամարհվում: Դիցուք, այսօր Սերժ Սարգսյանը մեկ ելույթով ու հրահանգով միանգամից կարող է լուծել բիզնեսի ու քաղաքականության սերտաճման հարցը, ինչը կարող է անկեղծ շահագրգռվածության առհավատչյան դառնալ:
Իսկ, ահա, սահմանադրական փոփոխությունների շուրջ հնչեցրած հիմնավորումներից վերջինի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունն անհրաժեշտ հետեւություններ պետք է անի՝ նաեւ հաշվի առնելով նախկին ԽՍՀՄ երկրների սահմանադրական զարգացումների փորձը»: Իրականում այս պնդումը գտնվում է առավելապես օտարների փորձը հաշվի առնելու ու հավանական համեմատություններ անցկացնելու դաշտում, ինչը խոր հակասության մեջ է մտնում մեզ նման երկրների հետ: Ստացվում է, որ Վրաստանի, Ադրբեջանի ու նախկին ԽՍՀՄ երկրների զարգացման ճանապարհը մեզ համար պետք է ուսուցանող լինի: Բավական է, սակայն, արձանագրել, որ մեզ համար նույնիսկ մեր իսկ պատմությունը ուսուցանող եւ դաստիարակիչ չէ, էլ ուր մնաց հայացք ձգենք այնպիսի երերուն «ժողովրդավարություններին», ինչպիսիք են նախկին խորհրդային հանրապետությունները: Հատկանշական է, որ ԽՍՀՄ-ի հանրապետությունների մեծ մասում այսօր հաստատված են բռնապետական կարգեր, իսկ ժողովրդավարական տարրեր ունեցողներում էլ գերակշռում են քաոսային իրավիճակները: Շեշտելի է, որ նման երկրներում գոյություն չունեն կոնկրետ գաղափարախոսական հենքով ձեւավորված խոշոր կուսակցություններ, ինչը պարտադիր պայման է խորհրդարանական կառավարմամբ երկրների համար: Ի դեպ, ժամանակին հենց Սերժ Սարգսյանն էր մեր երկրում անցկացված «փառահեղ» ընտրությունների գաղտնիքը տեսնում մենթալիտետային առանձնահատկություններում: Ուստի եւ նույն, իրականում ավելի կուռ տրամաբանությամբ՝ պետակառավարման մոդելը սպեցիֆիկ է, որի որոշման համար պետք է ելնել տվյալ ազգի պատմության, քաղաքական ավանդույթների ու քաղաքակրթական առանձնահատկություններից:
Համաձայնեք, որ սահմանադրական կարգերի ընտրության հարցում աշխարհում գոյություն ունեն այնպիսի կայուն ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներ, որոնցից է հենց առաջին հերթին հարկավոր օրինակ վերցնել: Վերջինը, սակայն, չի նշանակում, թե պետք է արտագրել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի ու մյուսների Սահմանադրությունը եւ հարմարեցնել հայաստանյան իրականությանը: Ի վերջո, արտագրել էլ կարելի է, գերագույն խնդիրը սահմանադրության ռեալիզացումն է՝ ի կատար ածելը: ԽՍՀՄ Սահմանադրությունն էլ էր հռչակում բազում բարիքներ, այդուհանդերձ, որքանո՞վ էր այն կիրառելի ու որքանո՞վ էր դրան հետեւում քաղաքական վերնախավը: Ամփոփելով հայեցակարգային հիմնավորումների շարքը՝ հարկ է հստակորեն արձանագրել, որ այդօրինակ ձեւակերպումներ կարելի է տասնյակներով ներկայացնել ցանկացած պնդման համար: «Հայեցակարգի» հեղինակների խնդիրը պետք է լիներ հռչակագրային մակարդակում առնվազն չկտրվել իրականությունից, քանզի ինքնին հասկանալի է, որ այսօր իշխանության վերնախավին անհնար է պարտադրել սահմանադրականացնելու սեփական ապօրինի գործունեությունը:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 

ՏՈՒՆ ՉՈՒՆԵՆ
Փետրվարի 24-ին կայացած Տավուշի մարզխորհրդի նիստում Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Կիրանց համայնքի ղեկավար Հմայակ Նազարյանը, դիմելով արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանին, ասաց, որ նախարար Արմեն Երիցյանի սահմանագոտի այցելության ժամանակ բարձրացվել է իրենց գյուղի համար կարեւոր մի խնդիր: Վերջին տարիներին Կիրանցը բնակչության աճ ունի: Գյուղում 15 ընտանիք կա, որտեղ համատեղ ապրում են 2-3 ծուխ: Երիտասարդները զբաղվում են անասնապահությամբ եւ հողագործությամբ: Գյուղապետը մտահոգված է, որ եթե այդ երիտասարդ ընտանիքների բնակարանի հարցը չլուծվի, նրանք կարող են հեռանալ սահմանամերձ գյուղից: Վաչե Տերտերյանն ասաց, որ Արմեն Երիցյանի՝ Տավուշի սահմանագոտի այցելության ժամանակ բարձրացված բոլոր հարցերն արձանագրվել են, դրանք ըստ հնարավորի կլուծվեն` ներառվելով հեռանկարային զարգացման ծրագրերում: Փոխնախարարն ասաց, որ այդ 15 բնակարանի խնդիրը գնահատվել է 3 միլիոնական դրամ եւ խոստացավ, որ այդ հարցում առաջիկայում ինչ-որ առաջընթաց կլինի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ԵՄ-Ն ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
«Ուկրաինական ճգնաժամով պայմանավորված` ԵՄ-ն սկսել է վերանայել իր հարեւանության քաղաքականությունը»,- այս մասին նախօրեին հայտարարել է Եվրամիության արտաքին հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին` ներկայացնելով այն առաջնահերթությունները, որոնք ընդգրկվել են եվրոպական հարեւանության ծրագրի նորացված տարբերակում։ Մոգերինին հայտարարել է, որ ԱլԳ-ն հիմնվելու է տարբերակված քաղաքականության վրա։ 168.am-ի հետ զրույցում Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) ավագ քաղաքական վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը նշել է, որ Մոգերինին դեռ զգուշանում է, քանի որ ԱլԳ վերջնական տեսքը կախված է ուկրաինական հակամարտության հանգուցալուծումից։ Ըստ նրա` ԵՄ-ն պատրաստ է առաջարկներով դիմել Հայաստանին եւ առաջարկել Ասոցացման համաձայնագիրը` առանց ԽՀԱԱԳ պայմանագրի, սակայն մեծ է նաեւ ՀՀ իշխանությունների հստակ դիրքորոշման նշանակությունը։ Իր հերթին Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը նշել է, թե երբ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները շարունակաբար հայտարարում են, որ սպասում են հայկական կողմի դիրքորոշմանը, դրանք ձգձգվում են։ «Որքան անորոշ լինեն Հայաստանի առաջարկները, չնայած որոշակի հուսադրող հանգամանքներ կան, այդքան էլ անորոշ կլինեն Հայաստանի հետ կապված ԵՄ ծրագրերը»,- ասել է Նավասարդյանը։

 

ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ՀԱՄԱՐ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը Կառավարության այսօրվա նիստի հաստատմանը կներկայացնի «Աջակցություն փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2015 թվականի ծրագրի նախագիծը: Ըստ այդ փաստաթղթի՝ այս տարի նախատեսվում է սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության շրջանակներում ՀՀ մարզերում եւ Երեւանում կազմակերպել գործարար ուսուցողական դասընթացներ, որոնց պետք է մասնակցեն 200-250 սկսնակ գործարարներ: Ասիական զարգացման բանկից ֆինանսական միջոցների ներգրավման հաշվին նախատեսվում է ՓՄՁ սուբյեկտներին տրամադրել վարկային երաշխավորություններ: Վարկի տրամադրման ժամկետը կլինի 5 տարի: ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող վարկային երաշխավորության գումարը չի կարող գերազանցել վարկային պարտավորության (վարկի մայր գումար եւ տոկոսներ) 70 տոկոսը` մինչեւ 15 մլն դրամը: Ծրագրով կիրականացվի տեղական տնտեսական զարգացման 10 ծրագիր՝ ներառելով 30-40 համայնքներ: Ծրագրի իրականացման համար 2015 թվականի պետբյուջեից կհատկացվի 152 մլն 300 հազար դրամ: Սա ծրագրի պաշտոնական նկարագրությունն է, իսկ իրականում կարելի է համոզված ասել, որ այս նախաձեռնությունը, մյուսների պես, նախաձեռնվում է իշխանական գործարարներին եւ պաշտոնյաների հարազատներին պետբյուջեի միջոցներով ֆինանսավորելու նպատակով:

 

ՄՏԱԴԻՐ ԵՆ ՔԱՆԴԵԼ
«Տրիո Շին» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն եւ պատրաստակամություն հայտնել ապամոնտաժել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների 12 հասցեում գտնվող կիսաքանդ լողավազանը եւ երեք փայտաշեն տնակները: Նշված անշարժ գույքը տրամադրվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամին` անհատույց օգտագործման իրավունքով: Սակայն ՀՀ Կառավարության՝ այսօր կայանալիք նիստի հաստատմանը ներկայացված նախագծի համաձայն՝ այդ շինությունները ենթակա են քանդման: Նշված տարածքն ապամոնտաժելու մասին նախագիծը գործադիրի հաստատմանը կներկայացնի ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Գույքի ապամոնտաժման աշխատանքների դիմաց վճարումը կիրականացվի ապամոնտաժումից առաջացած շինարարական նյութերի միջոցով, որոնք սեփականության իրավունքով կհանձնվեն «Տրիո Շին» ընկերությանը:




Լրահոս