ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ armlur.am-ի

Երեկ պարզ դարձավ, որ Երեւանի նախկին ոստիկանապետի՝ Ներսիկ Նազարյանի որդուն՝ Արմեն Նազարյանին պատկանող Սայաթ-Նովա եւ Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող «Մոսկվիչկա» սուպերմարկետը փակվել է: Ըստ տեղեկությունների՝ սուպերմարկետի փակման պատճառներից մեկը սնանկացումն է: Իրականում Հայաստանում, կարելի է ասել, նման պաշտոններ զբաղեցնող մարդկանց գործերի անկումն ու վերելքը կախված է նրանց քաղաքական դիրքից եւ զբաղեցրած պաշտոնից: Նշենք, որ օրերս Արմեն Նազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է՝ բիզնեսների վաճառքով իրենք լուծելու են այն խնդիրները, որոնք այսօր ունեն բանկերի ու մատակարարողների հետ: Ի դեպ, նույն վայրում գործելու է «Էվրիկա» սուպերմարկետների ցանցը:

 

 

 

 

ՀԱՐՑ. Գնել եմ ավտոմեքենա: Մեքենան ձեռք է բերվել այն անձից, ով հանդիսանում է նույն կազմակերպության տնօրենը: Կխնդրեի պարզաբանել՝ այս դեպքում բացի եկամտային հարկի 11%-ից, այլ հարկային պարտավորություններ ունե՞մ:

Կարեն Նկրտումյան (38 տարեկան, գործավար)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հարկային գործակալը ֆիզիկական անձից գույք ձեռք բերելու դիմաց վճարված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում է 10% դրույքաչափով` հաշվի առնելով նաեւ նշված օրենքի 7-րդ եւ 8-րդ հոդվածների դրույթները:
Վերը բերվածը հաշվի առնելով՝ հարցմամբ նշված դեպքում կազմակերպության կողմից ֆիզիկական անձից (տվյալ դեպքում՝ կազմակերպության տնօրենից) ավտոմեքենայի ձեռքբերման դիմաց վճարված եկամուտը հարկվում է եկամտային հարկով հարկային գործակալի միջոցով 10% դրույքաչափով, այլ ոչ թե 11%, քանի որ ձեռքբերվող ապրանքը (ավտոմեքենան) պետական գրանցում ստացող ապրանք է (այսինքն՝ սեփականատիրոջ տվյալները հայտնի են), առավել եւս որ այն պատկանել է կազմակերպության տնօրենին (ում անձնագրային տվյալների եւ ՀՀ-ում բնակության (հաշվառման) հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 89-րդ հոդվածի համաձայն՝ պարտադիր պետք է ներկայացված լինի աշխատանքի ընդունվելիս): Այլ հարկային պարտավորություններ կազմակերպության մոտ ավտոմեքենայի ձեռքբերման պահով չեն առաջանում, իսկ ֆիզիկական անձի մոտ (գույքահարկից բացի) կարող է առաջանալ նաեւ ավելացված արժեքի հարկ, եթե վերջինիս կողմից օտարված ավտոմեքենան, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն, երկրորդ եւ ավելի թվով նույն տեսակի գույքի օտարում է, որը կատարվում է տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում:

Հարկերի եւ պարտադիր վճարների մեթոդաբանության բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով` պետք է արձանագրել, որ քաղաքացին հարկվում է 10% եկամտային հարկի դրույքաչափով, քանի որ ձեռքբերվող ապրանքը (ավտոմեքենան) պետական գրանցում ստացող ապրանք է (այսինքն` սեփականատիրոջ տվյալները հայտնի են): Ստացվում է, որ մեր պետությունում շատ դեպքերում տնօրենները օժտված են ոչ միայն կառավարման լիազորություններով, այլ նաեւ արտոնություններով:

 

 

 

 
ՀԱՐՑ. Վերջին շրջանում դրամ-դոլար տատանումները եւ դրամի արժեզրկումը կանխելու համար ԿԲ-ն սկսեց արտարժույթի առքուվաճառք իրականացնել: Հետաքրքիր է իմանալ՝ շուկայից արտարժույթ գնելով` արդյո՞ք ԿԲ-ն չի ազդում փոխարժեքի ձեւավորման վրա:

Արամ Երեմյան (36 տարեկան, կենսաֆիզիկ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գնաճի ծրագրավորված մակարդակն ապահովելու նպատակով ՀՀ Կենտրոնական բանկն իրականացնում է փողի քանակի ծավալային կարգավորում` կիրառելով դրամավարկային քաղաքականության ընդունված գործիքակազմը, որի մեջ ներառված են նաեւ արտարժույթի թե՛ առքը, թե՛ վաճառքը: Բնական է, որ շուկայի ցանկացած մասնակցի նման Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի առքը մեծացնում է արտարժույթի պահանջարկը, ինչպես որ Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի վաճառքն ավելացնում է դրա առաջարկը` ազդելով այդպիսով շուկայում ձեւավորվող փոխարժեքի վրա:
Միեւնույն ժամանակ ՀՀ Կենտրոնական բանկի գործելակերպի առանցքներից մեկը շուկայից օգտվողի կարգավիճակի պահպանումն է: Դա նշանակում է, որ՝
– Կենտրոնական բանկը չի միջամտում ազատ շուկայական մեխանիզմներին եւ իր գործունեությունն իրականացնում է շուկայի կողմից թելադրվող կանոններով,
– ծավալային առումով Կենտրոնական բանկի մասնակցությունը շուկային մեծ չէ եւ միտում չունի էականորեն շեղելու կամ ամրագրելու փոխարժեքը:
Ելնելով այս բնութագրիչներից՝ կարող ենք պնդել՝ ՀՀ Կենտրոնական բանկը վարում է լողացող փոխարժեքի քաղաքականություն:

ՀՀ Կենտրոնական բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հիշեցնենք, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին դրամ-դոլարային տատանումները կանխելու եւ իրավիճակը կայունացնելու համար ԿԲ-ն գրեթե 300 մլն. դոլար ներդրեց: Այնպես որ, որքան էլ գեղեցիկ ձեւակերպուներով պատասխաններ հնչեն, միեւնույն է՝ փաստ է, որ իսկապես ԿԲ-ն որոշակի ազդեցություն ունի փոխարժեքի վրա:




Լրահոս