ՖԵՄԻԴԱՅԻ ԱԿԱՆՋԸ ԿԱՆՉԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության խորհրդի՝ օգոստոսի 24-ի նիստում որոշում է կայացվել չորս դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանին, վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Ամրահի Պետրոսյանին եւ Արմեն Թումանյանին հայտարարվել է նախազգուշացում, իսկ Կարեն Չիլինգարյանին՝ նկատողություն՝ զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով: Տեղեկացնենք, որ դատավորի բազային աշխատավարձը կազմում է 400 հազար դրամ՝ գումարած դրա 2 տոկոսը՝ ըստ աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա դիմաց: Ասել է թե՝ առաջիկա կես տարվա ընթացքում դատավորին քիչ գումարից չեն զրկելու: Միայն թե հայտնի չէ, թե կոնկրետ ինչ արարքի պատճառով են պատժվել դատավորները: Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ որեւէ մանրամասն չի նշվում:
Տարիների փորձը հաշվի առնելով՝ կարելի է ենթադրել, որ տեղի ունեցածը որեւէ կապ չունի արդարադատության հետ: Առաջին անգամը չէ, որ ՀՀ-ում իշխանության տարբեր օղակների ներկայացուցիչներ պատժվում են ոչ թե իրենց կատարած ապօրինությունների, հանցագործությունների, այլ ռեժիմի ներսում խաղի ներքին կանոնները խախտելու համար: Օրինակ՝ բոլորին է հայտնի, թե ՀՀ-ում կոռուպցիան ինչ չափերի է հասել: Բայց պաշտոնյաները ձերբակալվում են ոչ թե հենց կաշառք վերցնելու համար, այլ որ կաշառքի գումարը «հայտարարագրված» չի եղել, եւ նրանք փորձել են վերեւներից աննկատ գրպանել դա: Ենթադրվում է՝ նման մի պատմություն էլ եղել է դատավորների հետ. նրանք արդարադատության խորհրդի ուշադրությանն են արժանացել անզգուշաբար ինչ-որ մեկի «ոտքը տրորելու» համար: Կամ էլ այս ողջ պատմությունը հետեւանք է այն բանի, որ կարգապահական պատասխանատվության ենթարկված դատավորներն ինչ-որ անձնական խնդիրներ են ունեցել իրենց վերադասի հետ, արդյունքում նրանցից վրեժխնդիր են լինում:
Կա նաեւ տեսակետ, որ սա արվել է հերթական շոուի համար, որպեսզի նախ տպավորություն ստեղծվի, թե իշխանությունները մտահոգ են արդարադատության մակարդակով, պայքարում են անօրինականության դեմ ու աննշան զանցանքի համար պատասխանատվության են ենթարկում դատավորին: Բացի այդ, սա հրաշալի թիվ է՝ տարեվերջյան ամփոփիչ հաշվետվություններում ներկայացնելու համար, եւ այսպես շարունակ:
Համենայնդեպս, հազիվ թե սա լինի որեւէ լուրջ պատմության հետեւանք: Հազիվ թե իշխանություններն իրոք մտահոգված լինեն երկրում արդարադատության մակարդակով, օրենքի գերակայությամբ: Այլապես նրանք թույլ կտային, որ դատարանները գործեին ինքնուրույն, այլ ոչ թե Բաղրամյան 26-ի հրահանգներով ու ցուցումներով: Որքան էլ ցավալի ու հոռետեսական հնչի, բայց սա է մեր իրականությունը:




Լրահոս