ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԱՐՁԱՆԱԳՐՎԵՑ «ԵՐԿՐՈՐԴԻ» ՎԱԽՃԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի ունեցած ԲՀԿ համագումարով պաշտոնապես ազդարարվեց Հայաստանի իշխանական երկու կուսակցություններից մեկի՝ որպես այդպիսին, այլեւս գոյություն չունենալու մասին: Հայաստանի անկախության տարիներին բազմաթիվ կուսակցություններ են եղել, որոնք սպասարկել կամ ծառայել են իշխանություններին, այնուհետեւ ասպարեզից անհետացել: Սակայն ԲՀԿ-ն տարբերվում էր նրանով, որ ի սկզբանե այն ստեղծվել էր իշխանական հզոր ռեսուրսների ներգրավմամբ, եւ ենթադրվում էր, որ ՀՀԿ-ի հետ մշտապես պետք է կիսի իշխանությունը: 2006 թվականի վերջից, այսինքն՝ այն պահից, երբ Ռոբերտ Քոչարյանի հավանությամբ նրա մերձավորները սկսեցին «կառուցել» ԲՀԿ-ն, կարծիքներ կային անգամ, որ այն 2007 թվականի մայիսի 12-ի ԱԺ ընտրություններում հաջողության կհասնի եւ ԱԺ-ում ավելի ծանրակշիռ ներկայացած կլինի, քան ՀՀԿ-ն: Սակայն այդ ծրագիրը չհաջողվեց: 2012-ի մայիսի 6-ի ԱԺ ընտրություններում, ընդդիմադիր դաշտի հիմնական խաղացողի՝ «Հայ ազգային կոնգրես» դաշինքի ղեկավարության աջակցությամբ, ԲՀԿ-ն եւս մեկ անգամ փորձեց ՀՀԿ-ից առաջ անցնել, բայց կրկին ձախողվեց: Թե՛ առաջին եւ թե՛ երկրորդ ընտրություններում ԲՀԿ-ն իր տրամադրության տակ ունեցել է ողջ այն գործիքակազմը, որը տնօրինել է ՀՀԿ-ն՝ թաղային հեղինակություններ, ընտրակաշառքներ, վարչական ռեսուրսներ եւ այսպես շարունակ: Բայց հենց այդ կուսակցությունը փորձեց իր ունեցածին ավելացնել նաեւ հեղափոխականի հագուստը, նրան հիշեցրին իր ծագումը, եւ ԲՀԿ-ն՝ որպես այդպիսին, հաշված օրերում դադարեց գոյություն ունենալ: Այսպիսով պետք է արձանագրենք, որ Հայաստանի երկրորդ իշխանական կուսակցության կյանքը տեւեց ութ տարի:

 

 

 

 

Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին վերաբերող «վիկիլիքսյան» փաստաթղթերից մեկը պատմում է 2004թ. ապրիլի 14-ին Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյի ու այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի հանդիպման մասին: Ամերիկացի դիվանագետը, անդրադառնալով դրանից ընդամենը մեկ օր առաջ՝ ապրիլի լույս 13-ի գիշերը տեղի ունեցած իրադարձություններին, ընդդիմության ցույցը բռնությամբ ցրելուն, արձանագրել է, որ Սերժ Սարգսյանը լիարժեք արդարացրել է իշխանությունների ուժային գործողությունները: Սերժ Սարգսյանը ԱՄՆ դեսպանին ասել է, թե իբր ընդդիմությունը մի այնպիսի իրավիճակ է ստեղծած եղել, որ իշխանությանը այլ ելք չի մնացել, քան դիմել ուժային գործողությունների: Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ 2004-ին տեղի ունեցածի համար ՊՆախարար Սերժ Սարգսյանն է ԱՄՆ դեսպանին պարզաբանումներ տվել, եւ ոչ թե ոստիկանապետը:

 

 

 
Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ Գեւորգ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ ՀԱԿ ներկայացուցիչները մարդկանց փաստաղթեր են տալիս, որպեսզի նրանք դրանցով եվրոպական երկրներում ապաստան ստանան: Մասնավորապես, խոսքը վստահված անձի վկայականների մասին է: Այսինքն՝ մարդիկ, որոնք իրականում ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ի հետ կապ չեն ունեցել, կարողանում են վստահված անձի վկայական ձեռք բերել եւ դրանով ներկայանալ եվրոպական երկրների միգրացիոն ծառայություններին ու քաղաքական ապաստան ստանալ: Գեւորգ Մանուկյանը իրեն հայտնի նման մի դեպքի մասին է պատմել: Նա նաեւ չի բացառել, որ փաստաթուղթը հենց այնպես չի տրվել, այլ վաճառվել է: Ավելին՝ «Ժողովուրդ»-ին բազմաթիվ դեպքեր են հայտնի, երբ ՀՀԿ-ի օգտին ընտրակեղծիքներ կատարած անձինք հետագայում եվրոպական երկրներում, որպես ընդդիմադիր հալածյալ, ապաստան են ստացել:

 

 

 
ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանն իր պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ գույքի եւ եկամուտների վերաբերյալ հայտարարագիր է ներկայացրել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին: Ըստ այդմ, ԴԱՀԿ պետը հայտարարագրել է 26 միլիոն դրամ, 250 հազար դոլար եւ 12 հազար եվրո դրամական միջոցներ: Անցած 2014 թվականին ԴԱՀԿ պետի եկամուտները կազմել են 16 միլիոն 150 հազար դրամ, որից նրա մեկ տարվա աշխատավարձը կազմել է 4 միլիոն 150 հազար դրամ: Իսկ մնացած եկամուտները նա հայտարարագրել է որպես վարձակալությունից ստացված եկամուտ: Փաստորեն, ԴԱՀԿ պետը, որը 39 տարեկան է, որից 15 տարին նա եղել է տարբեր պետական կառույցների աշխատակից եւ պաշտոնյա, մեծահարուստ է: Ավելին՝ ինչպես հայտնի է՝ վերը բերվածը Միհրան Պողոսյանի ունեցվածքի չնչին մասն է: Նկատենք, որ ողջ աշխարհում կոռուպցիայի առաջին առարկայական ապացույցը համարվում է պաշտոնյայի` անհայտ աղբյուրից հարստանալու փաստը:

 

 

 

 
ՏԵՍԱՆԵԼԻ ՍՑԵՆԱՐ

Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարին քաղաքականությունից հեռացնելուց հետո Սերժ Սարգսյանին այլեւս ոչինչ չի խանգարում իրականացնելու իր նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները: Ու թեեւ Սահմանադրության փոփոխությանը, բացի ԲՀԿ-ից, դեմ էին նաեւ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», այդուհանդերձ, առկա իրավիճակում վերջին երկու ուժերի հակազդեցության ռեսուրսները չնչին են եւ չեն կարող էապես խոչընդոտել Սերժ Սարգսյանի ծրագրի իրագործմանը:
Եվ պատահական չէ, որ Գագիկ Ծառուկյանի` քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարությունից անմիջապես հետո Աժ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումների փաթեթը կդրվի հանրաքվեի. «Բնականաբար, հանրաքվեի կներկայացվի: Ես կարծում եմ՝ աշնանը Սահմանադրության նոր տեքստը պատրաստ կլինի, բայց չեմ կարող կոնկրետ ասել` աշունը կլինի, թե 2016 թվականի գարնանը»,-ասաց ԱԺ նախագահը:
Կասկածից դուրս է, որ մարտի կեսերին` խոստացված ժամկետի ավարտին, Սերժ Սարգսյանը կհայտարարի սահմանադրական բարեփոխումների փաթեթը հանրաքվեի ներկայացնելու մտադրության մասին, եւ դրան այլեւս չի հետեւի որեւէ լուրջ հակազդեցություն` ո՛չ խորհրդարանական, ո՛չ էլ, առավել եւս, արտախորհրդարանական ուժերի կողմից: Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես հայտնի է, հայտարարել է մինչեւ ապրիլի 24-ը երկամսյա դադար վերցնելու մասին` խորհուրդ տալով այդ ընթացքում հարթակը զբաղեցնել իր իսկ կողմից ծաղրի ենթարկված ընդդիմադիր մնացած ուժերին: Ինքնին հասկանալի է, որ հատկապես Տեր-Պետրոսյանի այդ «բարեհոգությանն» ի պատասխան` այդ ուժերից եւ ոչ մեկը մինչ ապրիլի 24-ը զանգվածային միջոցառումների չի գնա: Եվ եթե հաշվի չառնենք «Հիմնադիր խորհրդարանին», որի ռեսուրսները, գոնե առայժմ, այդքան էլ մեծ չեն` որոշիչ դերակատարության համար, ապա մինչեւ ապրիլի 24-ը Սերժ Սարգսյանը կարող է անել ինչ կամենա` առանց որեւէ մտավախության: Իսկ դրանից հետո էլ, մոտ մեկ շաբաթ, դեռ կլինի 100-ամյակի իներցիան, ապա քաղաքական սեզոնը կմոտենա ավարտին, եւ ամառային ամսիներից հետո Սերժ Սարգսյանը միանգամայն հանգիստ կկազմակերպի Սահմանադրության փոփոխման հանրաքվեն:
Դե, իսկ ողջ 2016-ի ընթացքում էլ նա հանգիստ կգծի առաջիկա խորհրդարանը, որի նախագահը դառնալով՝ կապահովի իր վերարտադրությունը: Որքան էլ ցավալի է, սակայն Սերժ Սարգսյանի այս «ճանապարհային քարտեզի»-ին այլեւս ոչինչ չի կարող խանգարել: Բացի, իհարկե, ֆորս մաժորային արյունալի զարգացումներից:




Լրահոս