Հայաստանի քաղաքական դաշտում գտնվող բոլոր ուժերն ու գործիչները մշտապես մտահոգ դեմքով խոսում են արտագաղթի մասին, քննադատում գործող իշխանությանը, որ մարդկանց կեցության համար տարրական պայմաններ չի ստեղծում՝ դրդելով հայերին բարեկեցիկ ապրելակերպ փնտրել արտերկրում: Բայց հաճախ արտագաղթի համար հող են նախապատրաստում նաեւ ոչ իշխանական ու ընդդիմադիր ուժերը: Դա անում են ոչ միայն իշխանափոխության համար ամեն անգամ օր ու ժամ խոստանալով ու փախնելով, այլեւ գործնական քայլերով:
Հիմա թեմայի մասին ավելի մանրամասն, որը բացահայտվեց armlur.am-ի հրապարակած մի ռեպորտաժի արդյունքում: Հիշեցնենք՝ Ստրասբուրգում քաղաքական ապաստան ստացած նախկին քաղբանտարկյալ Գեւորգ Մանուկյանը պատմել էր, թե ինչպես են ՀԱԿ անդամ պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանը եւ Լեւոն Զուրաբյանը իրենից 500 ԱՄՆ դոլար գումար վերցրել, որպեսզի դիմում գրեն Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, սակայն այդպես էլ չեն գրել այն: Այս մասին Գեւորգը իմացել է արդեն Ստրասբուրգում՝ հենց Եվրադատարանից:
«Ես վստահ կերպով հայտարարում եմ, որ Հայ ազգային կոնգրեսում կան մարդիկ, որոնք իրավունք չունեն այնտեղ գտնվել, խոսքը Լեւոն Զուրաբյանի, Գագիկ Ջհանգիրյանի մասին է: Նույնը թերեւս կարելի է ասել Արմենը Խաչատրյանի, Լեւիկ Խաչատրյանի եւ Վահագն Հայոցյանի մասին: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի քրոջ որդի Առաքել Սեմիրջյանի մասին միայն լավը կարող եմ ասել. նա ինձ շատ է օգնել ու միշտ ճիշտ է պահել իրեն: Նա լավ մարդ է, ազնիվ»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում զայրացած ասաց Գեւորգ Մանուկյանը՝ բացահայտելով ուշագրավ մի փաստ, թե ինչպես է ՀԱԿ-ը ռեալ քայլերով նպաստում արտագաղթի մեծացմանը:
Եվ այսպես՝ 2009թ, երբ Գեւորգ Մանուկյանն ազատվել է կալանավայրից, որտեղ ծեծի հետեւանքով կորցրել է աջ աչքի տեսողությունը, շարունակել է մնալ Հայ ազգային կոնգրեսի ակտիվ համակիր եւ մշտապես մասնակցել է նրանց կողմից կազմակերպվող միջոցառումներին: Երբ հերթական ընդհանուր ժողովն է եղել, Գեւորգը հարց է բարձրացրել, թե ինքը չի վստահում կուսակցության անդամներից մի քանիսին. «Ասեցի, որ կոնգրեսում կան մարդիկ, որոնք արատավորում են մեր բարի համբավը, ու տվեցի կոնկրետ անուն՝ Էջմիածնի ՀԱԿ կոորդինատոր Վարդ Արշակյան: Ասեցի, որ նա ծախված սրիկա է, որ 2012-ի ընտրությունների նախընտրական փուլում եւ քարոզչության ընթացքում աշխատում է իշխանությունների օգտին: Ժողովին ներկա էր նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի քրոջ որդի Առաքել Սեմիրջյանը: Ես շեշտեցի, որ փաստեր ունեմ, կարող եմ ներկայացնել Վարդ Արշակյանի դեմ: Բայց Վահագն Հայոցյանն ինձ ասաց, թե մենք էլ քեզ չենք վստահում: Ու Գագիկ Ջհանգիրյանի հետ միասին բոլորը պաշտպանեցին ՀՀՇ-ական Վարդին»:
Բայց տարիներ անց ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը, հանդիպելով Գեւորգին, խոստովանել է, թե. «Գեւո՛րգ, դու ճիշտ էիր, Վարդը, որը ԱԺ ընտրությունների ժամանակ եղել է Արմավիրի մարզի ՀԱԿ շտաբի պետ, հիմա ենք բացահայտել, որ ազնիվ չէր: Ինչեւէ, անցավ մի քանի տարի, հայտնվեցի Ստրասբուրգում: Մեկն ինձ ասաց, թե Մարտի մեկի դեպքերից հալածված մի տղա կա այստեղ: Հետաքրքրվեցի, թե ով է, եւ հանդիպեցի նրան: Մեր մեջ սկսվեց խոսակցություն, անկեղծ ասած, չէի ճանաչում իրեն: Բայց նա պնդում էր, որ Մարտի մեկի ակտիվ մասնակից է եղել եւ գրպանից հանեց ՀԱԿ-ի վստահված անձի երեք դատարկ տոմս, որտեղ անուններ չկային գրված: Այսինքն՝ ինչ-որ արհեստական բան կար. վստահված անձի դատարկ թուղթը ինչո՞ւ էր իր մոտ: Շտապ վերցրեցի ձեռքից ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կլոր կնիքով այդ փաստաթղթերը ու ապշած էի: Այդ տոմսի շնորհիվ ինքը կարողացել էր Ստրասբուրգում հայտնվել ու կարգավիճակ ստանալ՝ որպես ճնշումների ենթարկված ընդդիմադիր: Հարցրեցի՝ ո՞վ է տվել վստահված անձի այս տոմսը, նա պատասխանեց, թե Վարդ Արշակյանը»:
Այսինքն՝ ՀԱԿ-ում կան մարդիկ, ովքեր զբաղված են Հայաստանից մեկնած քաղաքացիներին ամենատարբեր ծառայությունների դիմաց տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, որպեսզի մեր հայրենակիցները կարողանան արտերկրում որպես քաղաքական հալածյալներ ներկայանալ ու ապրելու, կեցության իրավունք խնդրել եվրոպական որեւէ երկրից: Ու այսքանից հետո դեռ ընդդիմադիր այդ ուժը խոսում է արտագաղթի մասին՝ դրա համար դատապարտելով միայն իշխանություններին:
Գեւորգը չի բացառում, որ ՀԱԿ-ում միգուցե վստահված անձի տոմսեր են վաճառել ղեկավարներից գաղտնի, «բայց փաստ է, որ վերեւներում չգիտեն, թե ինչ են անում ներքեւում. ինչը շատ վատ է: Փաստացի ՀԱԿ դերակատարները վստահված անձի տոմսերով օժանդակել են արտագաղթը»: «Իմ այս հայտարարությունը քրեական պատասխանատվության ենթարկելու աստիճանի հասնող մեղադրանք է, եւ ես վախենալու բան չունեմ: Պատրաստ եմ ապացուցել այս սրիկայության մանրամասները: Ես այլեւս կորցնելու բան չունեմ. ինձ համար ամենաթանկ բանը՝ առողջությունս, արդեն կորցրել եմ իմ պայքարի տարիներին ու չեմ զղջում: Բայց պետք է ի վերջո արդարություն լինի: Հարթակներից արդարության մասին խոսելով՝ մեր երկրում արդարություն չի հաստատվի: Ես Ստրասբուրգից էլ եմ պայքարելու եւ եթե տեսնեմ՝ հույսի մի շող, հետ կգամ ու էլի իմ երկրի բարեկեցության համար կռիվ կտամ»,-հայտարարեց նախկին քաղբանտարկյալ Գեւորգ Մանուկյանը:
Այսպիսով՝ մի կողմից գործող իշխանությունն է Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀ քաղաքացիներին մղում արտագաղթի, մյուս կողմից՝ ընդդիմությունը: Հետո էլ ուզում ենք, որ մեր երկրում ամեն ինչ լավ լինի: Էլ ինչպե՞ս:
Հ.Գ. Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչներից այս հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալ: Սակայն վերջիններս կտրականապես մեր հեռախոսազանգերին չէին պատասխանում: Իսկ ՀԱԿ իրավաբան Արմեն Խաչատրյանն էլ «ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե ինքն այդ պարզաբանումը կներկայացնի այսօր՝ հայտարարելով, թե ինքն այդ պահին նպատակահարմար չի համարում արձագանքել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Ստրասբուրգ
ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՑԵՐ
Իրավական երկիրը բնորոշվում է ոչ թե նրանով, որ այնտեղ չեն լինում հանցագործություններ, այլ նրանով, որ այդ հանցագործությունները բացահայտվում են, եւ բոլորը հավասար են օրենքի առաջ: Երեկ լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ անդրադառնալով մարտի չորսին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտակայքում տեղի ունեցած փոխհրաձգության եւ սպանությունների դեպքին:
Լրագրողների այն հարցին, թե ինչ գնահատական կտա այն երեւույթին, երբ «գողականներն» ու թաղային հեղինակություններն օրը ցերեկով զենքերով շրջում են, ավելին՝ քրեակատարողական հիմնարկի մոտ կրակոցներ են արձակում, նախարար Հովհաննես Մանուկյանը պատասխանեց. «Իրավական պետության բնութագրիչը ոչ թե քրեական բախումների գոյության կամ բացակայության փաստն է, այլ նման հանցագործությունների բացահայտումն է»: Նա նաեւ հայտարարեց, թե հույս ունի, որ ինչպես նախորդ մի քանի դեպքերում, այնպես էլ այս անգամ բացահայտում կլինի, եւ մեղավորները կկանգնեն դատարանի առջեւ: Թե նախորդ որ դեպքերը նկատի ուներ Հովհաննես Մանուկյանը, պարզել չհաջողվեց:
Նախարարը միաժամանակ նկատեց, որ միջադեպը կարող էր տեղի ունենալ հանրապետության ցանկացած այլ հաստատության շենքի առջեւ, եւ որ այն տեղի չի ունեցել հենց քրեակատարողական հիմնարկի տարածքում:
Հ. Մանուկյանի՝ վերոնշյալ պարզաբանումները, կարելի է ասել, հանրությանը հուզող հարցերին այդպես էլ չպատասխանեցին, ավելին՝ հարցերն ավելի շատացան: Արդարադատության նախարարի խոսքը, թե ցանկացած այլ հաստատության շենքի առջեւ եւս հնարավոր է՝ նման բան լիներ, իրավիճակն ավելի է վատթարացնում: Ստացվում է՝ Հայաստանում չկա մի վայր, որտեղ մարդը կարող է իրեն ապահով զգալ: Նախարարի ասածը ենթադրում է, որ երբ մենք տանից դուրս ենք գալիս, պետք է գիտակցենք, որ ամեն քայլափոխի քրեական «ռազբորկայի» ականատես կարող ենք լինել: Իհարկե, այս մոտեցումը լիարժեք արտացոլում է Հայաստանում առկա իրողությունը, պարզապես հարց է ծագում՝ իսկ ո՞վ է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար:
Ի վերջո, եթե Հայաստանը ներկայումս պետություն է, որտեղ գործում են օրենքները, եւ ոչ թե քրեական աշխարհի կանոնները, ապա ով պետք է պատասխանի համացանցում շրջանառվող այն լուրերին, որ սպանված քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ առնչություն է ունեցել, ավելին՝ նրա որդու հետ համատեղ բիզնեսներ է ունեցել: Իսկ միգուցե ժամանակն է, որ ՀՀ Կառավարությունը, նախագահական նստավայրը, խորհրդարանը եւ մնացած գերատեսչությունները պաշտոնապես հրապարակեն, թե պաշտոնյաներից ով որ քրեական հեղինակության հետ է բիզնես գործընկեր, ով ում «տանիքն» է: Այդ դեպքում, գոնե, Հայաստանի կառավարման համակարգի օբյեկտիվ եւ անկեղծ պատկերը կունենանք:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԹԱԼԱՆԵԼ ԵՆ
Թալանել են Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի առանձնատունը: NEWS.am-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ոստիկանություն դիմել է փոխնախարարի ազգականը: Նա հայտնել է, որ Ջրվեժում գտնվող իր առանձնատնից տարել են հեռուստացույց եւ այլ կենցաղային իրեր: Ըստ երեւույթին՝ փոխնախարարը նախորդ տարվանից չէր այցելել առանձնատուն, այդ պատճառով նոր է տեսել, որ իրեր են պակասել: Քննությունը վարում է Աբովյանի քննչական բաժինը: