Հայաստանի ներքին քաղաքական իրադրությանն առչնվող «վիկիլիքսյան» փաստաթղթերից այս մեկը պատմում է 2004թ. ապրիլի 14-ին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյի ու այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի միջեւ կայացած հանդիպման մասին:
Զրույցը հիմնականում ընթացել է ներքին քաղաքական լարված իրադարձությունների պայմաններում, որից երկու օր առաջ իշխանությունը բիրտ ուժ էր կիրառել խաղաղ ցույց անող քաղաքացիների նկատմամբ: Եվ, ահա, Սերժ Սարգսյանը կարծես նպատակադրված կերպով փորձել է հանդիպել ամերիկյան կողմի հետ եւ ոչ միայն արդարացնել իշխանության գործողությունները, այլեւ իր համար ավելի զիջող ու ամերիկացիների հետ հաշվի նստող գործչի կերպար ձեւավորել:
Այսպես՝ զեկուցագրի հեղինակը հենց Օրդուեյն է, ով տեղեկացնում է, որ իր եւ Սերժ Սարգսյանի՝ մոտ 30 րոպե տեւած հանդիպումը կայացել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորված հիվանդանոցային համալիրի վերաբացման արարողության ընթացքում: Առանձնազրույցի ժամանակ դիվանագետի առաջին տպավորությունը եղել է այն, որ Սերժ Սարգսյանը լիովին ազնիջում է գտնվել ընդդիմության ու իշխանության միջեւ առաջացած սուր պայքարի նկատմամբ: Ըստ նրա՝ հակաքոչարյանական ցույցերի ցրման գործողությունները լիովին արժանացել են Սերժ Սարգսյանի հավանությանն ու աջակցությանը: Վերջինս նկատել է, որ փողոցները ցուցարարներից մաքրվել են անհրաժեշտաբար, քանի որ ընդդիմությունը ստեղծել էր այնպիսի մի դրություն, որից իշխանությունները միայն մեկ ելք ունեին: Նա շեշտել է, որ իրենք չեն միջամտել 2004թ. ապրիլի 9-ին տեղի ունեցած հանրահավաքին, անտարբեր կեցվածք են որդեգրել Օպերայի շրջակայքում անցկացված նստացույցին, անգամ ձեռնպահ են մնացել դեպի Բաղրամյան պողոտա շարժվող ընդդիմադիրների երթը կանգնեցնելու քայլից: Սարգսյանն ակնհայտորեն հպարտացել է նման «զիջողականությամբ»՝ պնդելով, որ այդ ամենով հանդերձ ընդդիմությանը թույլատրվել է ավելի քան 8 ժամ հանրահավաք անել: Հետաքրքիր է՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանն էր որոշողը, թե ընդդիմությունը քանի ժամ կարող է ցույց անել: Ի վերջո, երթերի ու ցույցերի մասին այն ժամանակվա օրենքը բավականին լիբերալ էր, ինչը նշանակում է, որ առնվազն հանրահավաքների ու երթերի հարցում ընդդիմությունը օրինախախտում թույլ չէր տվել:
Ինչեւէ, Սարգսյանը հայտնել է իր անձնական տպավորությունն առ այն, որ ընդդիմությունն ամբողջովին հաշվարկված ու նպատակադրված է գործել՝ արժանանալու համար իշխանության արձագանքին: Նման գործելաոճով, ըստ նրա, ընդդիմադիրները կարծում էին, թե կկարողանան ստանալ բնակչության է՛լ ավելի մեծ աջակցությունը: Նրա պնդմամբ՝ ընդդիմությունը չարաչար սխալվեց իր ծրագրերում, իսկ ժողովրդական աջակցություն այդպես էլ չեղավ: Հակադարձելով Պնախարարի պնդումներին՝ դիվանագետը կարեւորել է ընդդիմության հետ բանակցությունների ու երկխոսության անհրաժեշտությունը: Սերժ Սարգսյանն անմիջապես նկատել է, որ ընդդիմությունը բնավ էլ շահագրգռված չէ երկխոսության հարցում: Այս վերջին պնդումն իրավացի համարելով տվյալ պահի դրությամբ՝ դեսպանը հույս է հայտնել, որ նման պատրաստակամություն առաջիկայում ծագելու է, ուստի եւ իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի լարումը թուլացնելու, ձերբակալվածներին ազատ արձակելու եւ քաղաքական կուսակցությունների գրասենյակները «ռեյդի» ենթարկելու պրակտիկան դադարեցնելու ուղղությամբ: Սերժ Սարգսյանը միանգամից հայտարարել է. «Իհարկե, այդ բոլորը մենք անելու ենք»:
Հատկանշական է, որ ՀՀ ՊՆ Սերժ Սարգսյանն արտաքուստ կողմ է արտահայտվում երկխոսությանը, մինչդեռ արդեն 2008 եւ 2013թթ., երբ այդ գործընթացն անձամբ պիտի նախաձեռներ, պարզապես արհամարհական պահվածք որդեգրեց քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ: Վերեւում Սարգսյանը գոհունակություն էր հայտնում, որ իշխանությունը չի միջամտել ընդդիմության հանրահավաքներին ու անգամ նստացույցին, մինչդեռ 2008թ. սկսած՝ արդեն նրա նախագահության օրոք, հազիվ կարելի է հաշվել առանց միջադեպի անցած պիկետների ու ցույցերի քանակը: Ավելին՝ Սարգսյանը ամերիկացիների առաջ խոհեմ գործչի կեցվածք ընդունելով՝ խոստանում է իրադրության լիցքաթափման քայլեր ձեռնարկել՝ ձեւավորելով ժողովրդավարի իմիջ: Այդուհանդերձ, այսօր արդեն պետք է փաստել, որ նրա նախագահության զգալի մասը անցել է լարվածության, ագրեսիայի ու անհանդուրժողականության մթնոլորտում:
Ապա Սարգսյանը խոսակցությունը տարել է իր ցանկացած ուղով՝ ընդդիմությանը մեղադրելով բազում օրինախախտումների մեջ: Նրա պնդմամբ՝ նախագահին իշխանությունից հեռացնելու մասին հայտարարություններն արդեն իսկ հանցանքի տարրեր են պարունակում: Հասկանալով նրա ակնարկը՝ Օրդուեյը պնդել է, որ ոստիկանությունն ու դատախազությունը չպետք է հետապնդումներ ծավալեն ընդդիմադիր այն գործիչների նկատմամբ, ովքեր օգտագործել են օրինական, քաղաքական միջոցներ: Ուշագրավ է, որ այս փաստաթղթով է հավանաբար ամերիկյան շրջանակներում սկսվում Քոչարյանի ու Սարգսյանի միջեւ տարբերություններ դնելու «ավանդույթը»: Այս համատեքստում Օրդուեյը հավելում է, որ Սարգսյանը Քոչարյանից ավելի էր պնդում ընդդիմությանը կոշտ մեթոդներով հակադարձելու անհրաժեշտության վրա: Սակայն դիվանագետը նաեւ Սերժ Սարգսյանի կեցվածքից հասկացել է, որ ընդդիմության դեմ գործողությունները չեն շարունակվելու: Այս հարցում նա Սարգսյանին դրական լույսի ներքո է ընկալել՝ հակադրելով Քոչարյանի ծայրահեղական մոտեցումներին: Ակնհայտ է, որ Սարգսյանի՝ ամերիկացիների առաջարկներն անվերապահորեն ընդունելը, թեկուզ եւ արտաքուստ, խորը տպավորություն է գործել:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՀԻՄԱ ԷԼ ԳՆՈՒՄ ԵՆ ԳՅՈՒՄՐԻ
«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը հայտարարությամբ էր հանդես եկել, ըստ որի՝ Գյումրու քաղաքապետարանն անում է ամեն ինչ, որպեսզի խոչընդոտի «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության՝ 2015 թ. մարտի 7-ի՝ դեպի Գյումրի նախատեսված ավտոերթի ավարտից հետո՝ ժամը 16:00-ին, գյումրեցիների հետ նախաձեռնության առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի հանդիպումը: Այն ի սկզբանե նախատեսված է եղել անցկացնել Գյումրիի Թատերական հրապարակում:
Սակայն Գյումրիի քաղաքապետարանը մերժել է նախաձեռնության իրազեկումը՝ պատճառաբանելով, որ նույն տեղում եւ նույն ժամին նախատեսված է կազմակերպել մանկապատանեկան միջոցառում: Արդյունքում՝ նախաձեռնության անդամները հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ քաղաքապետարանի Թատերական հրապարակում կազմակերպած միջոցառմանը կարող են նաեւ երեխաներ մասնակցել, ի վերջո, որոշել են՝ գյումրեցիների եւ Ժիրայր Սէֆիլյանի հանդիպումը կկազմակերպվի այլ վայրում՝ Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից պուրակում, ժամը 16:00-ին:
Ըստ «Հիմնադիր խորհրդարանի» հայտարարության՝ Գյումրիի քաղաքապետարանի գործողություններն իրավաչափ չեն եւ իրականում ռեժիմի ցուցումով միտված են իրենց շարժման քայլերը խափանելուն:
Ստեղծված իրավիճակն այլ կերպ է մեկնաբանում Գյումրիի քաղաքապետարանը: Լրատվության եւ հասարակայնության հետ կապի բաժնից «Ժողովուրդ»-ին պարզաբանեցին, որ խոչընդոտելու մասին խոսք լինել չի կարող, քանի որ մարտի 7-ին Գյումրու Թատերական հրապարակում միջոցառում անցկացնելու նպատակով դեռեւս փետրվարի 25-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին էին դիմել «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության տնօրինությունը՝ «Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառ» միջոցառում անցկացնելու նպատակով, ինչն ընդունվել է քաղաքապետի կողմից: Քաղաքապետարանից հավաստիացրեցին նաեւ, որ «Հիմնադիր խորհրդարան»-ին իրենց կողմից մերժման հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ իրազեկումը եղել է մարտի 2-ին, ինչն, ըստ օրենքի, պետք է ներկայացվեր հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 7 օր, եւ ոչ շուտ, քան 30 օր առաջ:
Բացի այս՝ Գյումրու քաղաքապետարանից տեղեկացանք նաեւ, որ մարտի 5-ին, «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակի տնօրեն Մամիկոն Սարգսյանը նույնպես դիմել է քաղաքապետարան եւ հայտնել, որ «Հիմնադիր խորհրդարանի» տարածած հաղորդագրության մեջ «Ժառանգություն» կուսակցության անունից կան ներկայացված նյութեր, եւ դրանք չեն համապատասխանում իրականությանը:
Այսպիսով՝ քաղաքապետարանից վստահեցրին, որ իրենց կողմից «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթն ու գյումրեցիների հետ նախատեսված հանդիպումն արհեստական խոչընդոտելու քայլեր չի ձեռնարկվում, հակառակ դեպքում՝ այն այլ վայրում՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում չէր նախատեսվի:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին Բերձորում անհայտ անձինք եւ ոստիկանները ծեծի էին ենթարկել Երեւանից-Արցախ ավտոերթով մեկնողներին, կոտրել նրանց ավտոմեքենաները, իսկ Ժիրայր Սէֆիլյանը տեղափոխվել էր նախ՝ Վայքի, ապա՝ Երեւանի հիվանդանոց:
ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆԸ ԴԵՄ ԵՆ
Երեւանի ավագանու որոշմամբ՝ կենդանիներ պահելու համար քաղաքացիները պետք է վճարեն տարեկան 5000 հազար դրամ տուրք: Կենդանասերների կարծիքով` սա անհեթեթ որոշում է: Armlur.am-ի հետ զրույցում օրենքի դեմ դժգոհող քաղաքացիներից Արմեն Եփրեմյանը, ով եւս ընտանի կենդանի է պահում տանը, նշել է, թե այս օրենքի կիրառման հետեւանքով հազարավոր ընտանի կենդանիներ կհայտնվեն փողոցում:
Վերջինիս խոսքով` ոչ մի երկրում նման օրենք չկա, սա կհանգեցնի նրան, որ մարդիկ այլեւս կենդանիներ չեն պահի: Եփրեմյանը մեկ կարեւոր հանգամանքի վրա է ուշադրությունը հրավիրել՝ մի շարք «կենդանասերներ» սկսել են օրենքին կողմ արտահայտվել եւ իրենց «կաշառված» կարծիքը հայտնել. «Երեւի քաղաքապետարանից կամ այլ մարմիններից որեւէ ակնկալիք ունեն»:
Ա. Եփրեմյանն անհրաժեշտ է համարում խրախուսել ընտանի կենդանի պահելը եւ օժանդակել այն մարդկանց, ովքեր պատասխանատվություն են վերցրել խնամելու ընտանի կենդանիների, քանզի այսօր մեծ հոգսեր են թե՛ կենդանու սնունդը, թե՛ բժշկական սպասարկումը: «Մարդիկ կան, փողոցից մի քանի կենդանիներ են վերցրել, պահում են, հիմա ի՞նչ, պետք է իրենց թույլ չտալ կամ հարկ պահանջել կենդանուն պահելու համա՞ր»,- նշել է նա: Վերջինիս խոսքով` պատկան մարմինները այս օրենքի նպատակը համարում են քաղաքապետարանի կարիքները հոգալը, բայց Եփրեմյանը համոզված է, որ այդ գումարը մտնելու է մի քանիսի գրպանը, ոչ թե պետական բյուջե: Նրա համար առավել անհեթեթություն է այն, որ օրենքում ձեւակերպված է «Երեւանի վարչական տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար տեղական տուրքը»: «Անհեթեթ է, որ մեզ պետք է թույլտվություն տան կենդանիներ պահելու համար»,- ասաց նա եւ հավելեց, որ մի օր էլ եզդիներից են ոչխար պահելու համար տուրք պահանջելու, կամ գյուղացիներից` կով եւ այլ կենդանիներ պահելու համար:
Նաեւ հավելենք, որ change.org միջազգային պորտալում ստորագրահավաք է սկսվել «Պահանջում ենք կասեցնել ընտանի կենդանի պահելու թույլտվության տարեկան տուրքի վերաբերյալ ՀՀ օրենքը» անվանումով: Այս պահին հավաքվել է մոտ 70 ստորագրություն, քանի որ ստորագրահավաքը մեկ օր է, ինչ սկսվել է: Հիշեցնենք, որ ավագանու որոշումն ընդունվել էր դեռեւս 2011 թվականին, սակայն հիմա է մտել կիրառության մեջ: