ՀԵՔԻԱԹԻՑ ԴԵՊԻ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդային պետության պարգեւած գեղեցիկ ճանապարհահատվածը, բարետես կամուրջը, վաղուց է կորցրել իր վաղնջական տեսքը: Այս ճանապարհի երկարությունն ընդամենը 0,5 կմ է, որը Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքի մայրուղուց (դեպի Քաջարան) թեքվելով ձախ՝ տանում է դեպի նյարդահոգեբուժական հիվանդանոցը ու նրա հարեւանությամբ սեփական բնակարանները:
Այս ճանապարհը հիշեցնում է ռմբակոծված, խիստ վթարված մի անանցանելի, վտանգավոր տարածքի:

Տեղումներից կամրջի աջ եւ ձախ ճանապարհահատվածից հոսող ջրերը կուտակվում են հսկայական փոսի մեջ, ու ամբողջ կամուրջը ընկղմվում է ջրի մեջ՝ առաջացնելով լճակ, ու եթե սեփական «նավակներ», մեքենա չունես, ուստի ոտքով անցնելով, եթե խեղդվելուց փորձես փրկվել, գոնե կամրջի ճաղերից բռնելով՝ չի հաջողվի, քանի որ կամրջաձողերը վաղուց մաշվել ու անջատվել են: Իսկ եթե անցորդը կորցնի իր հավասարակշռությունը, կամրջից ցած կընկնի ու Ողջի գետում կխեղդվի:
Բնականաբար այս ճանապարհով հիվանդանոցի աշխատակիցները, հիվանդատեսակցողները ու սեփական տներում ապրող մարդիկ հրաշքով են փրկվում:
Բազմիցս այս ճանապարհի վերանորոգման հարց է բարձրացվել, բայց այն կյանքի չի կոչվել:
Կապանի գործող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը իր նախընտրական կարգախոսում ասել է. «Մեկ տարի հետո Կապան քաղաքը դառնալու է դրախտավայր»:
Կապանցին կհավատար, եթե երեք տարվա մեջ մեկ անգամ գոնե քայլեիք այս ճանապարհով ու վտանգեիք ձեր կյանքը, ու դրանից դրդվելով՝ մտահոգություն առաջանար վերանորոգել այս ճանապարհահատվածը:
Զարմանալին այն է, որ «հյութալի» միջոցառումների համար քաղաքապետարանը ծախսում է միլիոնավոր դրամներ, բայց շատ դժվար է մեկ մեքենաթասիք ձյութաավազ լցնել այս ճանապարհին:
Դե ինչ, Կապանի Դավիթ-Բեկ թաղամասի բակերը, անցումային աստիճանները, ջրահեռացման անհարմարությունը թաղամասը վեր է ածել քանդուքարափի: Նույն վիճակն է, ինչ տիրում է քաղաքի ծայրամասերում: Կապանցին հեքիաթներին կհավատա այն դեպքում, երբ հեքիաթը տանի դեպի իրականություն, դեպի դրախտավայր, դեպի գործ:

Ն. Ավետիսյան
Կապանի մտավորական

 

 

 
ՆՈՐ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐՈՎ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ փետրվարի 23-ին Ավետիսյանների հարազատները Շիրակի մարզի գլխավոր դատախազ Րաֆֆի Ասլանյանից պահանջում էին հանդիպում կազմակերպել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ: Հիշեցնենք, որ չնայած խոստումներին, հանդիպումն այդպես էլ չկայացավ: Ավետիսյանների հարազատները սպառնացին, որ 3 օրից դուրս կգան բողոքի ակցիայի, սակայն դա էլ տեղի չունեցավ:
Ավետիսյանների իրավահաջորդների շահերը պաշտպանելու նպատակով մարտի 4-ին Գյումրի էին այցելել փաստաբաններ Երվանդ Վարոսյանը եւ Լուսինե Սահակյանը: Վերջիններս հանդիպեցին սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրերի՝ Ռիտա Պետրոսյանի եւ Ջուլիետա Ջալալյանի հետ՝ ընդգծելով, որ իրենք պատրաստ են զբաղվել գործով: Քույրերը դժգոհեցին ներկայիս փաստաբան Երեմ Հակոբյանից եւ գործի նախաքննության ընթացքից: Նրանց համոզմամբ Պերմյակովն իրական մարդասպանը չէ: Իսկ թե ինչու բորբոքված հարազատներն այդպես էլ հանդես չեկան բողոքի ակցիայով, Ռիտա Պետրոսյանը պարզաբանեց.«Սպասում ենք, դեռ կնստենք, կսպասենք, մեզ վռազ պատասխան պետք չի, որ գլխառադ անեն, մեզ ամեն ինչ մանրամասն ու ճիշտ ա պետք»:
Մյուս քույրը՝ Ջուլիետա Ջալալյանն էլ հայտնեց իր մտահոգությունը՝ ասելով, որ վստահ են, եթե ոտքի ելան, գյումրեցիներն իրենց մենակ չեն թողնի, իսկ դա կարող է հանգեցնել նոր խժդժությունների: «Խալխի էրեխեքին բռնել տալ չենք ուզում, ընտանիքները քանդել չենք ուզում»: Ավետիսյանների հարազատները թեպետ վստահ են, որ երկրի գլխավոր դատախազն անզոր է ու կամակատար, այնուամենայնիվ, հույս ունեն, որ նոր փաստաբանների ներգրավումը գործին գուցե մի բան փոխի:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի




Լրահոս