Armenian text to speach

«ՉԵՄ «ՆԵՂՎՈՒՄ», ՈՐ ԱՅՍՏԵՂ ՉԵՄ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Սուրեն Թադեւոսյանն այն համոզման է, որ Հայաստանում դեռ երկար ժամանակ չենք կարող նկարահանել լուրջ ֆիլմեր, քանի որ չունենք համապատասխան դերասանական դպրոց եւ ստեղծագործական խումբ: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է նաեւ Հայաստանում փառատոնների սակավության խնդրին, խոսել է, ինչպես ինքն է ասում, «Ոսկե ծիրան»-ի մոնոպոլիական կարգավիճակից եւ այլ թեմաներից:

-Սուրե՛ն, այս տարվա հետ ի՞նչ ծրագրեր եք կապում: Արտերկրում անելիքներ ունե՞ք:
-Աշխատում եմ մի քանի նախագծերի վրա, որոնք պետք է իրագործվեն Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: Խոսքս լիամետրաժ ֆիլմի եւ հեռուստատեսային նախագծերի մասին է: Դեռեւս այսքանը կարող եմ ասել:
-«Ոսկե ծիրան»-ին այս տարի է՞լ եք մասնակցելու, թեկուզ ոչ մրցութային կարգով:
-«Ոսկե ծիրան»-ը մոնոպոլիական կարգավիճակ ունի մեր երկրում, եւ եթե ուզում ես Հայաստանում ինչ-որ փառատոնի ցուցադրվել, պետք է մասնակցես «Ոսկե ծիրան»-ին: Անգամ չգիտեմ` սա լավ է, թե վատ: Երբ նախորդ տարի իմ ֆիլմը ներկայացրեցի այնտեղ, երեւի համարեցին, որ այն այդքան էլ արժանի չէր մրցութային ծրագրում ներկայացված լինելուն, ուստի ես համաձայնեցի մասնակցել ոչ մրցութային ծրագրին: Դրանից հետո իմ ֆիլմն ընտրվեց աշխարհի բավական հայտնի 14 միջազգային կինոփառատոնների կողմից, արժանացավ մրցանակների, ցուցադրվեց ավելի քան 9 երկրում: Այնպես որ, ես չեմ «նեղվում», որ այստեղ չեմ գնահատվում: Այս ամենից պարզապես հետեւություններ եմ անում:
-Հայաստանը կինոփառատոնների կարիք ունի՞:
-Կոնկրետ «Ոսկե ծիրան»-ն, ամեն դեպքում, լուրջ աշխատանք է կատարում, հայկական կինոն ավելի ճանաչելի է դարձնում լայն շրջանակներում եւ այլն: Վատն այն է, որ մենք հազիվ մի փառատոն ենք կարողանում պահել: Գոնե 5-6 նման փառատոն պետք է ունենայինք: Եթե, օրինակ, ես գիտեմ, թե ինչպես կարելի է անել, որ իմ աշխատանքները դրսում կյանք ունենան, ապա շատերի համար «Ոսկե ծիրան»-ի պես փառատոնները երեւալու եզակի հնարավորություններից են:
-Հետաքրքիր է, որ Դուք նաեւ գրքեր եք հեղինակում: Կարելի՞ է ասել, որ դրանք գրվում են` հետագայում Ձեր ֆիլմերի համար որպես սցենար ծառայելու նպատակով:
-Մասնագիտությամբ կինոռեժիսոր եմ եւ սովորելու տարիներին ուսումնասիրել եմ նաեւ սցենարային աշխատանք: Անգամ գիրք գրելիս ես վիզուալ եմ մտածում: Երկրորդ գիրքս, որի անվանումն է «Նրանք», հետաքրքիր թեմա է արծարծում, եւ կարծում եմ, որ եթե դրա մոտիվներով ֆիլմ նկարահանվի, այն մեծ հաջողություն կունենա: Հույս ունեմ, որ այն կնկարահանվի դրսում, տեսնենք` ինչպես կստացվի:
-Սուրե՛ն, վերջին շրջանում Հայաստանում նոր թողարկվող ֆիլմերի շարքում գերակշռողը կատակերգություններ են: Այս հանգամանքն ինչո՞վ եք պայմանավորում:
-Այդ տենդենցն առկա է ողջ աշխարհում: Իսկ Հայաստանում, որտեղ ֆիլմերը կարող են շահույթ ապահովել տոմսարկղից եկած գումարներով միայն, բնական է, որ պետք է քոմեդի նկարահանեն: Չնայած, ինչ-որ առումով սա էլ ազգային սովորության հարց է: Օրինակ` Ռուսաստանում էլ է քոմեդին շահութաբեր, իսկ, ահա, եվրոպական մի շարք երկրներում կոմերցիոն են համարվում սարսափ ժանրի ֆիլմերը:
-Որակյալ կինո նկարահանելու համար մեզ ի՞նչ է պակասում:
-Մենք դեռ երկար ժամանակ չենք կարող նկարահանել, օրինակ, լուրջ դրամատիկ ֆիլմեր, քանի որ չունենք համապատասխան դերասանական դպրոց եւ ստեղծագործական խումբ, իսկ տեխնիկական անձնակազմ մեծ ցանկության դեպքում հնարավոր է ապահովել: Ամեն դեպքում, ամենաորոշիչ կոմպոնենտը մնում է ֆինանսը: Այնքան, որքան հարկավոր է որակ ստանալու համար` տոմս վաճառելով չես հավաքի:
-Այսինքն` պետք է աշխատել դրսի շուկայի համար:
-Այդ դեպքում հարց է ծագում` ի՞նչ կարող են առաջարկել այստեղի մասնագետները դրսի շուկային: Մենք ունենք շատ լավ օպերատորներ, մոնտաժողներ եւ այլն, բայց նրանց աշխատանքը չի երեւում, ակնհայտը ռեժիսորի աշխատանքն է:
-Որն այնքա՞ն էլ որակյալ չէ:
-Դե, ի՞նչ իմանաս, գուցե մի օր: (ծիծաղում է):

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԾԻ ՎՏԱՆԳՆԵՐՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԸ

«Ժողովուրդ»-ն օրերս գրեց այն մասին, որ վերջերս Պուշկինի 25 հասցեում ընթանում են Երեւան քաղաքի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված, արտակարգ իրավիճակների կոմիտեի աշխատակիցների համար նախատեսված բնակելի նախկին շենքի վերակառուցման աշխատանքներ:

Արդեն հայտնի է, որ 1927-29թթ. Ալեքսանդր Թամանյանի նախագծած շենքի հետնամասում բարձրահարկ հյուրանոց է կառուցվելու: Այնինչ, դեռեւս 2013-ի ապրիլին Երեւանի քաղաքապետարանից հավաստիացնում էին, թե քննարկվող շինության հարեւանությամբ նախատեսվող կառույցների էսքիզային նախագծերը մանրամասն քննարկվել են Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի ճարտարապետության հանձնաժողովում եւ ՀՀ մշակույթի նախարարությունում, եւ որ որոշվել է բացառել շենքին որեւէ միջամտություն: «Ժողովուրդ»-ն այս անգամ Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեց` ինչպես է ստացվել, որ այդ նախագիծը հաստատվել է, եւ մեկնարկել է շինարարություն:
Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետի աշխատակազմից տեղեկացրին, որ ըստ կառուցապատող «Լեւ ընդ Դավ գրուպ» ՍՊ ընկերությանը տրված 06.06.2012թ. ճարտարապետահատակագծային առաջադրանքի` Պուշկինի փողոցի կողմից շենքի դիմային մասից սկսած 12.0մ լայնքի պահպանմամբ նախատեսվում է կառուցել 15 հարկանի հյուրանոցային համալիր: Քաղաքապետարանից հայտնում են, որ ներկա պահին Երեւանի քաղաքապետի եւ ՀՀ մշակույթի նախարարի կողմից 19.02.2014-ին համաձայնեցված նախագծի եւ 19.02.2014թ. հ.01/18-5836-116 շինարարության թույլտվության համաձայն՝ իրականացվում են շենքի ետնամասի ապամոնտաժման եւ պահպանվող հատվածի սեյսմազինվածության բարձրացման աշխատանքներ:
Հիշեցնենք, որ որոշ ճարտարապետներ եւ քաղաքացիական ակտիվիստներ ավելի վաղ մտավախություն էին հայտնել վերոնշյալ նախագծի առնչությամբ` հավանական համարելով, որ դրանով ձեռք է տրվելու նաեւ Աֆրիկյանների տանը:
Քաղաքապետարանից սրան ի պատասխան՝ նշել են. «Պուշկինի 25 հասցեում նախատեսվող հյուրանոցային համալիրի կառուցապատվող տարածքը չի առնչվում Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների տան զբաղեցրած հողատարածքի հետ»:
Ի դեպ, որոշ ճարտարապետների համար պարզ չէր նաեւ, թե ինչու է նախագծի հեղինակ ընտրվել հենց Լեւոն Վարդանյանը, եւ ոչ մի մրցույթ չի անցկացվել:
«Ճարտարապետի ընտրության կամ մրցույթի անցկացման ընտրության կայացման որոշումը կառուցապատողի իրավունքն է»,-ասված է քաղաքապետարանի պատասխանում:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՄԱՍՈՒՆՔՆԵՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Հայ լուսանկարիչ Գերման Ավագյանի` Հայոց ցեղասպանությունից հետո հայերի մոտ իրենց հայրենի բնակավայրերից մնացած մասունքների լուսանկարները հայտնվել են Photographic Museum of Humanity առցանց լուսանկարների թանգարանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ցուցահանդեսը կրում է «Կորուսյալ հայրենիք» խորագիրը: Ավագյանը լուսանկարել է Հայոց ցեղասպանության տարիներին իրենց հայրենի բնակավայրերից բռնի տեղահանության եւ փախուստի ժամանակ հայերի վերցրած իրերը, որոնք մեր օրերում որպես մասունք փոխանցվում են սերնդեսերունդ: Լուսանկարներից մեկում, օրինակ, պատկերված է ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Ակն գյուղից բերված զարդատուփ, մյուսում` կրակայրիչ, որի տերը Ցեղասպանության ժամանակ Օսմանյան Կայսրությունից գնացել է Հալեպ, այնտեղից էլ` Բեյրութ, ապա տարիներ անց հայրենադարձվել է:

 

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՊՐԵՄԻԵՐԱՆԵՐ
Գարնան մեկնարկն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազդարարվի պրեմիերայով: Մարտի 5-ին, 9-ին եւ 21-ին կներկայացվեն «Լորկիանա» եւ «Կարմեն-սյուիտ» վերականգնված բալետային ներկայացումները: Թատրոնի գլխավոր բալետմաստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ ներկայացումները կընդգրկվեն թատրոնի հիմնական խաղացանկում: Նշենք, որ «Լորկիանա»-ն բեմադրել է արվեստի վաստակավոր գործիչ Մարկ Մնացականյանը: Այս ներկայացման ժամանակ դիրիժորական վահանակի մոտ կլինի Աթանես Առաքելյանը: Իսկ «Կարմեն-սյուիտ»-ի բեմադրիչը ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Գրիգորյանն է, դիրիժորական վահանակի մոտ կլինի Հարություն Արզումանյանը:

 

ՍԵՔՍ  ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
Լաս Վեգասում զույգը սեքսով է զբաղվել էրոտիկայի թանգարանում: Սիրահարները նախ թաքնվել են թանգարանում, ապա, երբ այն փակվել է, գործի են անցել: TMZ-ի փոխանցմամբ՝ անվտանգության աշխատակիցները տեսախցիկների միջոցով ֆիքսել են, թե ինչ է կատարվում ներսում եւ շտապ նրանց դուրս են հանել այնտեղից: Զույգը աշխատակիցների մոտենալուն պես հեռացել է թանգարանից:




Լրահոս