ԸՆՏՐՈՂԸ՝ ԹԵՄԱՅԻՑ ԴՈՒՐՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախընտրական քարոզարշավը մի քանի օր է` ընթացքի մեջ է, սակայն, ընդհանուր առմամբ, Գյումրիում ամեն ինչ հանգիստ է: Քաղաքում ամենուր փակցված  թեկնածուների պաստառներն են միայն գյումրեցիներին հուշում, որ շուտով ՏԻՄ ընտրություններ են:  «Հիմի բոլոր պաշտոնները նշանակովի են, ընտրովի չկա: Դաժե նախագահն է նշանակովի: Ի՞նչ ընտրություն: Գյումրեցու կարծիքն էդ ո՞վ հարցրեց: Էն ժամանակ Վարդան Ղուկասյանին կնշանակեին, հիմի էլ իրան հանին, ուրիշի կնշանակեն: Մենք ըստեղ թեմայից դուրս ենք»,-ասում է գյումրեցի Ալեքսան Սիմոնյանը:
Այս օրերին թեկնածուները շրջում են թաղեթաղ, բնակիչներին ներկայացնում իրենց ծրագրերը: Դաշնակցական թեկնածու Հովսեփ Սիմոնյանը կիրակի օրը քարոզարշավ է անցկացրել Գյումրու Անի թաղամասում, հորդորել բնակիչներին՝ Աստված կանչել, որ ինքն ընտրվի, եւ այդ դեպքում կփորձի լուծել բնակիչների ներկայացրած խնդիրները: «Մարդ եմ, որ ուզում եմ ձեր քվեով դառնալ քաղաքապետ, անձ եմ, որ ուզում եմ՝ իմ երեխաներն ու թոռներն ապրեն լավ քաղաքում»,-նշել է Հ. Սիմոնյանը: Ի դեպ, նրա քարոզարշավը լսելու էին եկել նաեւ ՀԱԿ ներկայացուցիչներ: Գյումրու գրասենյակի պատասխանատու Մուրադ Գրիգորյանը պարզաբանել է, որ հետաքրքրությունից դրդված է եկել դաշնակցական թեկնածուի քարոզարշավին: Բայց դա չի նշանակում, որ ՀԱԿ-ը սատարելու է նրան:
Քաղաքապետի թեկնածու, գործարար Անդրանիկ Ավետիսյանն առավել պասիվ է: Նա կարծես բավարարվում է լրագրողներին հարցազրույցներ տալով եւ հայտարարելով, որ ինքը ո՛չ Գիզիրյանի, ո՛չ Ղուկասյանի «մարդը չէ», այլ իր կնոջ «մարդն է», որն ուզում է ընտրվել քաղաքապետ՝ Գյումրին զարգացնելու ազնիվ մղումներից դրդված. ««Դաբրո» բառը հիպնոսի դեր է կատարում: Ես ուզում եմ կոչ անել քաղաքի բնակչությանը՝ «դաբրո» բառը դնել մի կողմ եւ ազատորեն գնալ ընտրության»:
Անկուսակցական թեկնածու Սպարտակ Պետրոսյանն այս ընթացքում հասցրել է արագորեն յուրացնել համակարգչի օգտագործման բոլոր կանոնները: Հասկանալով, որ սոցցանցերը լավ «զենք» են PR կազմակերպելու հարցում, գրանցվել է «Ֆեյսբուք»-ում եւ փորձել հնարավորինս շատ ընկերներ ձեռք բերել: «Եթե ընտրվեմ,  կսկսեմ 0-ից: Սա է վիճակը քաղաքի եւ այդ 0-ից սկսելով՝ կգնամ առաջ»,-ասում է թեկնածուն: Ի դեպ, նա չի ժխտում, որ թեկնածությունը դնելուց առաջ հանդիպել է գործող քաղաքապետի հետ, սակայն նշում է, որ նրա հետ քննարկել է քաղաքում առկա խնդիրները, ուրիշ ոչինչ. «Ուղղակի զրուցել ենք: Ինձ հետաքրքրել է քաղաքի վիճակը եւ ելքերը: Թե այս հանդիպումից ով ինչ եզրակացության է եկել, ես ոչ մի բան չեմ կարող ասել»:
Ինչ վերաբերվում է Սամվել Բալասանյանին, ապա նա համեմատաբար ավելի մեծ միջոցներ է ծախսում քարոզարշավի վրա: Քաղաքի ամենատեսանելի եւ կենտրոնական փողոցներում տեղադրել է իր նկարները, տեղի հեռուստաընկերությունների սահմանած վճարովի եթերաժամերից էլ ակտիվորեն օգտվում է:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս