ԽԴՐԱՆՑՈՒՄ ԾԱՅՐԱՀԵՂ ՎԱՏ ՎԻՃԱԿ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզի Խդրանց համայնքը մարզկենտրոն Կապանից գտնվում է 17, իսկ մայրաքաղաքից՝ 347 կմ հեռավորության վրա: Խդրանցն ունի սահմանամերձ համայնքի կարգավիճակ, սակայն, գյուղապետ  Անդրանիկ  Բաբայանի խոսքով, ոչ մի արտոնությունից չի օգտվում: «Գյուղում ծայրահեղ վիճակ է, ամեն ինչ վատ է: Գյուղացի մարդիկ ենք, մի մեխանիզմ չունենք, որ հող մշակենք: 2008թ. խոզի ժանտախտի եւ անցյալ տարվա կարկտահարության փոխհատուցումն էլ կառավարությունը դեռ չի տվել: Էսպես ո՞նց կլինի, խեղճ ժողովուրդն ի՞նչ անի: Ահավոր հիասթափված եմ, 10 օրից ընտրություններ են, հեչ չեմ ուզում ընտրվեմ»,-«Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Խդրանցի գործող գյուղապետը:
Խդրանց համայնքը, որը նախկինում միավորված էր Ագարակի կոլտնտեսության հետ, որպես ինքնուրույն վարչական միավոր՝ կազմավորվել է 1991թ. մայիսին: Այն Հայաստանի բարձրադիր համայնքներից է, ինչի պատճառով էլ ստացել է սահմանամերձի կարգավիճակ: Գյուղապետի տեղեկացմամբ՝ համայնքի բնակչությունը հիմնականում թոշակառուներ են: Խդրանցում բնակվում է 64 մարդ՝ շուրջ  21 ծուխ: 9  մարդ էլ  ժամանակավոր բնակություն է հաստատել համայնքում: Գյուղը ունի 2 զինծառայող, մինչեւ  հինգ տարեկան 2 երեխա: Իսկ մինչեւ 18 տարեկանների թիվը գյուղում 10 է: «Գյուղում չկա դպրոց: Մի երեխա ունենք, ամեն օր 2 կմ ճանապարհ է անցնում, որպեսզի հասնի Ագարակի դպրոց: Իսկ մնացածները Կապանում են դպրոց գնում»,-ասաց է համայնքապետը:
Ա. Բաբայանի խոսքով՝ նախորդ տասը տարիների ընթացքում 5 ընտանիք մշտապես տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն, նույնքան էլ՝  Կապան քաղաք. «30 մարդ էս փոքր համայնքից թողել գնացել է, բա ի՞նչ անեն: Հողագործ, անասնապահ մարդիկ ենք: Չարչարվում, տանջվում ենք, բայց մեր հացն էլ չենք կարում ապահովենք: Էնքան ծախս ենք անում, օգուտն ու վնասը չենք էլ հասկանում: Էնքան ա, որ գոյություն ենք պահում»: Բաբայանը նշում է, որ համայնքի 43 հա սեփականաշնորհված հողերի գրեթե 20 տոկոսն է բնակչությունը մշակում: Դրան խոչընդոտում է գյուղատնտեսական մեքենաների իսպառ բացակայությունը: «Անգամ անհատ մարդիկ տրակտոր, կոմբայն չունեն, որ վարուցանքը գործի դնեն: Կողքի համայնքներից ենք միշտ բերում, այն էլ մինչեւ հերթը մեզ է հասնում,  հացահատկը թափվում է, խոտը՝ փչանում»,-ներկայացրեց գյուղապետը՝ հավելելով, որ 1 հա  հացահատիկի մշակության համար պահանջվում է 30 լիտր դիզվառելիք (14 հազ. դրամ): 10-15 հազար դրամ էլ կոմբայնավարի աշխատանքի վարձն է: Նույնքան ծախս էլ պահանջվում է խոտի հնձման համար: Այնինչ երկու դեպքում էլ ծախսերը գերազանցում են ստացված բերքի եկամուտները: «Հեկտարից ստանում ենք մոտ 50-55 կիտ (հակ), որի համար ծախսում ենք 24-29 հազ. դրամ: Մի կիտը վրներս նստում է 500-600 դրամ՝ փչացրած ներվերն ու ֆիզիկական տանջանքն էլ չհաշված»,-դժգոհեց Բաբայանը:
Ըստ գյուղապետի՝ Խդրանցում ծայրահեղ վիճակ է. անցյալ տարվա կարկուտը մեծ վնասներ է հասցրել գյուղացիներին, որից դեռ ելք են փնտրում: Կարկուտի պատճառով ամբողջությամբ ջարդվել են ծառերը, աշնանացան հացահատիկի դաշտերը վնասվել են: Սակայն, ըստ Բաբայանի, դրա դիմաց կառավարությունից ոչ մի փոխհատուցում չի տրամադրվել. «Անցյալ տարի կես մետր կարկուտ էր նստած գյուղում: Մարզպետարանից հանձնաժողով եկավ, վնասի չափը որոշեց, գնաց: Մինչ էսօր հույսով սպասում ենք, որ մի երկու կոպեկ փող կտան: Բայց դե ոչ մի ձայն դեռ չկա: Մի հատիկ միրգ այս պահին գյուղում չկա»:
Կառավարության անտարբերությունը  խդրանցիների  համար նորություն չէ:  Մի քանի տարի առաջ էլ, ըստ նրանց, հայրենի իշխանավորները խոսքից այն կողմ չանցան, երբ ստիպված էին խոզերը սպանդի ենթարկել եւ հորել: «Հիշո՞ւմ եք՝ մի քանի տարի առաջ խոզի ժանտախտ տարածվեց Հայաստանում: Մեր գյուղը փակ գոտի սարքեցին: Խոզերի 80%-ը սատկեց, մնացածն էլ Գորիսից եկած հանձնաժողովը ստիպեց մորթել եւ հորել: Հաշվարկ արեցին, ակտեր կազմեցին: Ասեցին՝ փողերը կտանք, խոզեր կառնեք, մինչ էսօր սպասում ենք»,-հիշեցին խդրանցիները:
Համայնքում խնդիր է ոռոգման ջուրը, խմելու ջրի հարցը լուծված է մասնակի: Եղվարդ-Խդրանց ջրագիծն այլեւս օգտագործելի չէ, ուստի հողագործությամբ զբաղվելն էլ համայնքում անիմաստ է դառնում: Խդրանցում չկա դպրոց, մանկապարտեզ, փոստ: «Չորս գյուղերին սպասարկում է մեկ փոստ, շաբաթը 2 անգամ թերթ ու նամակ է բերում, ամիսը մի անգամ էլ՝ նպաստ ու թոշակ»,-նշեց գյուղապետը: Եզրափակելով պատկերը`  նա ասաց. «Գյուղում ամեն ինչ վատ ա: Մեխանիզմ չկա, հողը չենք մշակում: Գյուղի բյուջեն շատ  փոքր ա՝ 160 հազար դրամ, կառավարությունն էլ 3,5 մլն դոտացիա է տալիս: Ասա՛ էդ բյուջեով ի՞նչ անենք, ըսկի չենք կարում իմ աշխատավարձը բարձրացնենք, հիմի 59 հազար ա: Սահմանամերձ համայնք է, բայց ոչ մի արտոնությունից էլ չենք օգտվում: Անգամ անցյալ տարի, երբ գյուղը կարկտահարվեց, հարկերը չզիջեցին»:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս