Էներգաարդյունավետության ծրագրերը քննարկվեցին ԵՆ բանկի ներկայացուցիչների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերը քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ:

Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել են, որ բանկը Հայաստանում էներգախնայողության վերաբերյալ որոշակի ծրագրեր իրականացնելու նպատակ ունի: Խմբի ղեկավարը նշել է, որ նախկինում Հայաստանի հետ էներգաարդյունավետության կիրառման ոլորտում ունեցած որոշակի նախադեպերի հիման վրա բանկը ցանկանում է քննարկել այդ ծրագրերի շարունակականության վերաբերյալ հարցեր:

ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը կարևորելով խնդիրը, նշել է, որ արդեն բավական ժամանակ է ինչ ՀՀ-ում շենքերի էներգաարդյունավետության բարձրացման վերաբերյալ հարցերը գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում, միաժամանակ ավելացնելով, որ հանրապետությունում տվյալ ոլորտում աշխատում են տարբեր միջազգային կազմակերպություններ, որոնց հետ ևս քաղաքաշինության նախարարությունը համագործակցում է:

ԵՆ բանկի ներկայացուցիչը նշել է, որ բանկը կարող է հետաքրքիր պայմաններ առաջարկել այդ ոլորտում աջակցություն ցուցաբերելու համար:
Մասնագետները ներկայացրեցին էներգաարդյունավետության ոլորտում Հայաստանի կարգավիճակում գտնվող այլ երկրների փորձը:

Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչները վստահեցրել են, որ ԵՆԲ-ն էներգաարդյունավետության ոլորտում պատրաստ է տրամադրել երկարաժամկետ վարկեր` ցածր տոկոսադրույքներով:

ԵՆԲ ներկայացուցիչը նշել է, որ քննարկելով և վերլուծելով Հայաստանում իրականացվելիք ծրագրի ծավալը, կհստակեցվի ներդրումների ծավալը:
Փոխնախարար Ա. Ղուլարյանը շնորհակալություն հայտնելով հանդիպման մասնակիցներին, նշել է, որ առաջիկայում նախարարության համապատասխան մասնագետների հետ կքննարկվեն ԵՆԲ-ի կողմից ներկայացված առաջարկները:
Կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա հանդիպման վերաբերյալ:




Լրահոս