Երեկ` ուշ երեկոյան, Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի ձորակում հայտնաբերված տղամարդը նախկինում դատապարտված Սամվել Հակոբյանն է, ով Գյումրիի քրեական շրջանում առավել հայտնի է «Մոստիկ» մականվամբ: Ինչպես Armlur.am-ին հայտնեց Փոքրաշեն համայնքի ղեկավար Կարեն Վարդանյանը, 34-ամյա տղամարդու դիակի վրա առկա են եղել կապտուկների հետքեր:
«Նա մեր գյուղի բնակիչ չէ: Ինձ զանգահարեցին, ասացին, որ նման բան է եղել, հնարավոր է` Փոքրաշենի բնակիչ լիներ, բայց այստեղից չէր: Դիակն էլ, որ հայտնաբերել են, արդեն սառած է եղել: Հնարավոր է` սպանած լինեն, հնարավոր է` ինքը գլորված ընկած լինի»,- ասաց Փոքրաշենի գյուղապետը:
Նշենք, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` սպանություն:
Սամվել Հակոբյանը նախկինում դատապարտվել է եղել խուլիգանություն կատարելու մեղադրանքով տուգանքի 100 000 ՀՀ դրամի չափով:
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն` Սամվել Հակոբյանը 2011 թվականի հունիսի 18-ին Թորոս գյուղում գտնվող «Երեքնուկ» ռեստորանային համալիրի 1-ին առանձնասրահում 7 անձանց հետ հաց ուտելու ժամանակ կոտրել է օղու 8 բաժակ, աշխատակիցների հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, հարվածել ռեստորանի աշխատակիցներին: Նա տուգանվել է 100 հազար դրամով:
Շրջանառվող լուրերի համաձայն` «Մոստիկ» մականունով Սամվել Հակոբյանը Գյումրիի նախկին համատիրություններից մեկի նախագահ Մկրտիչ Հակոբյանի որդին է։