ԹԵԿՆԱԾՈՒՆ 9 ՄԻԼԻՈ՞Ն Է ՅՈՒՐԱՑՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գեղարքունիքի մարզի Սոթքի նախկին գյուղապետ, ԺԱԿ անդամ Էվրիկ Կարախանյանը, որը մեղադրվում է պաշտոնական կեղծիք եւ յուրացում կատարելու մեջ ու հիմա հայտնվել է ամբաստանյալի աթոռին, կրկին առաջադրել է իր թեկնածությունը՝ ցանկանալով նորից դառնալ գյուղապետ: Այստեղ առաջադրվել են 3 հոգի՝ ՀՀԿ-ական, գործող գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը, ՀՅԴ-ական Վանո Թյունիբաբյանն ու ԺԱԿ անդամ Էվրիկ Կարախանյանը:
“Ժողովուրդ”-ը դեռ 2011թ. հոկտեմբերին տեղեկացրել էր, որ Սոթքի գյուղապետ Կ. Շահսուվարյանը դատի է տվել նախկին գյուղապետ Է. Կարախանյանին գյուղապետարանից միլիոններ յուրացնելու համար: Այն ժամանակ քրեական գործ էր հարուցվել, ու Կարախանյանին կալանավորել էին: Բայց արդեն 7-8 ամիս է՝ Կարախանյանն ազատության մեջ է: Ավելին, իր թեկնածությունն է առաջադրել համայնքապետի ընտրություններում:
Է. Կարախանյանի անունը հայտնի դարձավ 2011թ. Վարդենիսի տարածաշրջանի գյուղերում՝ Արփունքում եւ Դարանակում, համայնքապետերի ընտրության օրերին: Ընդ որում, նա ակտիվ գործունեություն էր ծավալում իր կուսակցության՝ ԺԱԿ նախագահ Սպարտակ Մելիքյանի հրամանով: Առավոտից մինչեւ ուշ երեկո ԺԱԿ ղեկավարի ,խաթերե ընտրատեղամասերի մոտից չէր հեռանում: Ու ամեն ինչ անում էր, որպեսզի Մելիքյանի “ուզած” թեկնածուն ընտրվեր:
Սակայն իշխանությունները չգնահատեցին նրա անձնազոհությունը: “Դեռեւս 2008թ. էդ ամեն ինչը սկսվեց գույքի հանձնում եւ ընդունումից: Երբ նորն ընտրվում ա, գույքը, մատյանները, ամեն ինչ, կնիքը հանձնում են նորընտիր գյուղապետին, էդ հանձնումն իրա կողմից մի քիչ անարդար անցավ, այսինքն` ինձ հանձնեց հին գույք, բայց հետո փաստաթղթերից պարզեցինք, որ ինքն ընտրություններից 2-3 ամիս առաջ ձեռք է բերել երեքուկես միլիոնի գույք: Այն գնվել էր, բայց գյուղապետարանում գույքը չկար: Երեք սեղան էր, որի արժեքը հազիվ կազմեր 150 հազար դրամ, եւ մենք պահանջեցինք, որ բերի, գույքը դնի տեղը”,-“Ժողովուրդ”-ին պատմել էր Սոթքի գյուղապետ Կ. Շահսուվարյանը: Բայց Կարախանյանը հրաժարվել էր, իսկ գյուղապետը դիմել է Գեղարքունիքի նախկին մարզպետ Նվեր Պողոսյանին: Վերջինս հանձնաժողով էր ուղարկել Սոթք, որտեղ էլ պարզվել էր իրականությունը: Դրանից հետո Կարախանյանին կալանավորել էին: 
“Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ դատախազությունը գործը 2011թ. դեկտեմբերի 12-ից ուղարկել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Մեղադրական եզրակացությունում նշվում է, որ Է. Կարախանյանին մեղադրանք է առաջադրվել, քանի որ, 1996-2008թթ. աշխատելով ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի ղեկավար, պաշտոնավարման վերջին տարիներին՝ 2003-2008թթ., Սոթք համայնքի գյուղապետարանից յուրացման եղանակով հափշտակել է իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի` 9 մլն 427 հազ. ՀՀ դրամի գույք եւ գումար: Բացի այդ, կատարել է պաշտոնական կեղծիք: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 179 եւ 314 հոդվածների հատկանիշներով: Որոշ ժամանակ նրան կալանքի տակ պահելուց հետո՝ 7-8 ամիս առաջ, գրավի դիմաց ազատ են արձակել: Բայց դատավարությունն ընթանում է: Ավելին, այսօր՝ ժամը 11:00-ին, հերթական դատական նիստն է:
Երեկ զրուցեցինք ԺԱԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանի հետ՝ պարզելու, թե արդյոք տեղյակ է իր կուսակցի քաջագործություններից: Նա էլ ասաց, որ դեռեւս դատական պրոցես է ընթանում, եւ ապացուցված չէ՝ իրենց թեկնածուն նման քայլի դիմել է, թե ոչ: 
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս