«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մարտի 13-ին Աստանայում տեղի է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւի հանդիպումը: Ստացվում է, որ Աստանայում հավաքվելու են Եվրասիական տնտեսական միության չորս երկրներից երեքի ղեկավարները, իսկ Հայաստանը, որը նույնպես այդ կառույցի անդամ է, նշված հանդիպմանը ներկայացված չի լինելու: «Սպասվում է, որ երկրների ղեկավարները կքննարկեն երեք երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը խորացնելու եւ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր»,- նշված է Ղազախստանի նախագահականի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: Այս իրողությունն արդեն խայտառակություն է, եւ ամենեւին էլ կարեւոր չէ՝ Հայաստանը ներկայացնող Սերժ Սարգսյանին հրավիրե՞լ են այս հավաքին, ու նա չի ցանկացել գնալ, թե՞ ընդհանրապես նրան արհամարհել են: Փաստն այն է, որ Հայաստանը նույնպես ԵՏՄ կոչվող «ծակ նավակի» չորրորդ ուղեւորն է, ուստի, եթե մյուս երեքը հավաքվում են իրենց հետագա համագործակցության հարցերը քննարկելու, չորրորդի ներկայությունն առնվազն պարտադիր է: Բա էլ ո՞ր օրվա գործընկերներն են, որ կարեւորագույն հարցերի քննարկմանը մեզ «մոռացել են»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: